Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՏԱՐԻՆ «ԿՆՍՏԻ» ԱՄԵՆԱՔԻՉԸ 150 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Դեկտեմբեր 25,2008 00:00

Պետք է ամիսներով չուտեն-չխմեն, որ «հայավարի» Նոր տարի անեն

Մեր երկրում միջին աշխատավարձը՝ 70, իսկ նվազագույնը՝ 25 հազար դրամ է:

Եվ որպեսզի միջին կամ նվազագույն աշխատավարձով ապրող ՀՀ քաղաքացին կարողանա Նոր տարին «հայավարի» նշել, պետք է 3-5 ամիս չուտի-չխմի ու գումարները տնտեսի: Անգամ ամենահամեստ հաշվարկներով՝ ամանորյա սեղան պատրաստելու համար կպահանջվի նվազագույնը 100-150 հազար դրամ:

Այս օրերին մայրաքաղաքի վաճառակետերում խոզի բդի 1 կիլոգրամը վաճառվում է 3500 դրամով, ուստի միայն 5-6 կիլոգրամանոց խոզի բուդ գնելու համար կծախսվի 17 500-ից՝ 21 000 դրամ: Խոզի բուդ կարելի է գնել նաեւ սառեցված վիճակով, որը թարմ բդից փոքր-ինչ էժան է նստում: Այդ դեպքում կտնտեսեք մոտ 5000 դրամ: Վերջին տարիներին շատ հայկական ընտանիքներում խոզի բդին փոխարինում է հնդկահավը, որն անհամեմատ մատչելի է. 1 կգ-ն արժե մոտ 1400 դրամ: Տոնական սեղանին փոքր-ինչ «տեսքով ու թմբլիկ» հնդկահավ ունենալու համար կպահանջվի 5-7 հազար դրամ: Նշենք, որ «տոնական թանկացումներն» ավելի շատ ազդել են խոզի բդի վրա, մնացած ապրանքատեսակներն այս տարի հիմնականում վաճառվում են նույն գնով: Այս օրերին մայրաքաղաքի որոշ խոշոր սուպերմարքեթներ, որպեսզի առավելագույնս ապրանքներ սպառեն, ակցիաներ սահմանելով, միմյանց հետ մրցակցում են, ինչի արդյունքում մի շարք ապրանքների գներ նվազում են: Կարագը, ձեթը, շաքարավազը, մակարոնեղենը, տուփերով կոնֆետները, օղիների, գարեջրի որոշ տեսակներ 30-90 դրամով էժանացել են:

Հայկական խոհանոցից անպակաս տոլման պատրաստելու համար տանտիրուհիներից կպահանջվի մոտավորապես 3000 դրամ: 1 կգ աղացած միսն արժե 1700 դրամ, կես կիլոգրամ բրինձը՝ 200-250 դրամ, 700 գրամանոց տարայով խաղողի թուփն էլ արժե 500 դրամ: Բայց հաշվի առնելով այն, որ հատկապես այս տոնին հայերը ամեն ինչից շատ են պատրաստում, ուստի այս ճաշատեսակի համար պահանջվող գումարը կրկնապատկվում կամ եռապատկվում է: Նրբաբլիթ (բլինչիկ) պատրաստելու համար էլ նույնպես կպահանջվի մոտ 3-4 հազար դրամ՝ աղացած մսի, կաթի, ալյուրի, սոխի, ձեթի կամ յուղի համար:

«Զակուսկեղեն» գնելու համար կծախսվի 12-20 հազար դրամ: Բաստուրմայի 1կգ-ն արժե 2000-3500 դրամ, սուջուխինը՝ նույնպես: Տարբեր տեսակի երշիկներից «փունջ» հավաքելու համար կպահանջվի մոտ 6000 դրամ: Ապխտած խոզի մսի (վիտչինայի) 1 կգ-ն էլ արժե 2500-3800 դրամ: Պանիրների տեսականի կգնեք մոտ 5-8 հազար դրամով: Տեղական պանիրների 1 կիլոգրամի գները տատանվում են 1200-2000 դրամի սահմաններում, հոլանդականինը՝ 2000-3000 դրամի, իսկ շվեյցարականն արժե մոտ 4500 դրամ: Մեկ տուփ ձիթապտուղը կարելի է գնել 470 դրամով: Հայկական տոնական սեղաններից անպակաս է լինում նաեւ ձուկը: Օրինակ՝ իշխան ձկան 1 կգ-ն վաճառվում է 1700 դրամով, իսկ թառափատեսակ ձկներինը՝ 2500-5000 դրամ:

Եթե տոնական սեղանին քաղցրավենիք ու խմիչք էլ ավելացնենք, ապա ամանորյա ծախսերը կկրկնապատկվեն: Տեղական գինիների 0,75 լիտրի գինը տատանվում է 1200-1440 դրամի սահմաններում: Ռուսական օղու 0,5 լիտրն արժե 1430-1650 դրամ, հայկական կոնյակների գները սկսում են 2000-ից, հայկական շամպայնինն էլ՝ 1290-ից: Բնական հյութերի 1 լիտրի արժեքն էլ 390-760 դրամ է: Միջին շոկոլադե կոնֆետներ գնելը ձեր դրամապանակից կխլի եւս 5-7 հազար դրամ: Չարազի համար կպահանջվի մոտ 10-15 հազար դրամ, մրգերի համար՝ նույնպես: Խմորեղեն պատրաստելու համար կծախսվի 10-15 հազար դրամ, սակայն եթե նախընտրում եք պատրաստի ու որակյալը գնել, ապա այդ գումարին ստիպված կլինեք ավելացնել եւս 5 հազար դրամ: Աղցաններ պատրաստելու համար կպահանջվի 5-10 հազար դրամ:

Իսկ եթե պատրաստվում եք նաեւ տոնածառ, փայլեր ու խաղալիքներ գնել, ապա դրա համար կպահանջվի եւս 15-40 հազար դրամ: Նախորդ տարիների համեմատությամբ՝ այս տարի տոնածառների գներն իջել են: Եթե անցած տարիներին եղեւնի գնում էինք 30-100 հազար դրամով՝ կախված որակից ու բարձրությունից, ապա այս տարի դրանք շատ ավելի էժան են: «Պայմանավորված է նրանով, որ էս տարի բերողները շատ են»,- պատճառաբանեց «Այրարատ» կինոթատրոնի մոտ արհեստական տոնածառներ վաճառող Կարենը: 120-150 սանտիմետրանոց բնական եղեւնիներն արժեն 30-40 հազար դրամ: Մինչդեռ անցած տարիներին՝ 50 հազար դրամից պակաս չէին: Մոտ 2 մետրանոց բնական եղեւնիները կարելի է ձեռք բերել 50-60 հազար դրամով: Արհեստական տոնածառների 1-ից 1,5 մետրանոցները արժեն 15-25 հազար դրամ:

Արդեն զարդարված տոնածառներն էլ այս տարի վաճառվում են իրենց սովորական արժեքից մոտ 5 հազար դրամ թանկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել