Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման հնարավոր սցենարներ

Դեկտեմբեր 25,2008 00:00

Սփյուռքի նախարարությունը քննարկման է դրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը:

«Հայերն՝ առանց ծխախոտի», «Առնվազն 3 որդով սեղան նստենք». 2009-ին Սփյուռքի նախարարությունն այս կարգախոսներով կաշխատի: Իսկ երեկ «Անի» հյուրանոցում գերատեսչությունը համաքաղաքային քննարկման էր դրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը: Ինչպես ՀՀ Սփյուռքի նախարարն ասաց, բանավեճն ավելի սուր եւ արդյունավետ դարձնելու համար իրենք ներկայացրել են Հայաստան-Սփյուռք գործակցության 5 հավանական սցենար, որոնք առանձնապես կապ չունեն հայեցակարգի հետ: Օրինակ՝ ըստ «Հաշվենկատ ամուսնությունն ու կենարար ծառը» սցենարի, Սփյուռքը պարտավոր է Հայաստանին աջակցել անփոխադարձ եւ անվերապահորեն, ինչը փոխհատուցվում է սփյուռքահայերի հոգեկան բավարարվածությամբ, մյուս սցենարի համաձայն՝ Սփյուռքի հայաստանյան ներդրումները 2014-ին հասնում են $5.5 մլրդ, «Հարազատ ու խորթ զավակները» սցենարով՝ հայաստանյան հասարակության մեջ արմատավորվում է այն մոտեցումը, որ ռուսաստանյան Սփյուռքն ավելի «հարազատ» է եւ խոցելի, ուստի ՀՀ քաղաքական գերակայությունները սահմանելիս պիտի ներառել նաեւ նրանց շահերը: Ըստ «Հայաստանը՝ հայության գրասենյակ» սցենարի՝ Սփյուռքը կանգնած է ՀՀ-ի թիկունքում եւ շատերը կարծում են, որ ՀՀ-ն կորցնում է դեմքը, եւ հարկատուների ձայնն այլեւս որոշիչ չէ երկրի զարգացման գերակայությունների սահմանման գործում, վերջին սցենարի համաձայն էլ՝ ՀՀ-ում եւ Սփյուռքում հայերի մշակութային, կրթական, լեզվական, կրոնական եւ այլ բազմազանությունները հիմնականում ընկալվում են որպես համայն հայության ուժը եւ գլխավոր ռեսուրսը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, հայեցակարգի մշակման աշխատանքների մասնակից Վահան Ասատրյանից «Առավոտը» հետաքրքրվեց. ինչո՞ւ են սեւեռվել ապագայի վրա՝ խոսելով «ենթադրականներով», այլ ոչ թե կոնկրետ լուծումներ առաջարկել ներկայիս խնդիրների վերաբերյալ: Զրուցակիցս թվարկեց ներկայիս մտահոգությունները. «Այժմյան խնդիր է Սփյուռքի ուծացման հարցը, ինքնության կորստի խնդիրները: Ծավալային առումով ներդրումները Սփյուռքի կողմից քիչ են՝ համեմատած մնացած աջակցության հետ, հայաստանցիներն ու սփյուռքահայերը արդյունավետ չեն աշխատում տնտեսական զարգացման առումով եւ այլն»:

Խոսելով սցենարների մասին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «Դրանցում կան եւ իրատեսական, եւ անընդունելի պահեր, կան նաեւ որոշ ծայրահեղ մոտեցումներ: Սա այս տարվա վերջին քննարկումն է, այնուհետեւ 2009-ին հայեցակարգը կներկայացնենք կառավարություն»: Հայեցակարգն ուղարկվել է Սփյուռքի տարբեր կազմակերպությունների, գիտական կենտրոնների, քննարկվել է նաեւ Հայաստանում: Երեկ էլ տարբեր կառույցների ներկայացուցիչներ համախմբվեցին եւ առանձին սեղանների շուրջ խումբ-խումբ քննարկեցին սցենարները: Այդ քննարկումների ընթացքում հնչեցվեցին բազում կարծիքներ եւ մտահոգություններ: Դրանցից պարզ դարձավ, որ մասնակիցներին այնքան էլ չեն գոհացրել սցենարներում տեղ գտած գաղափարները: Խոսելով սփյուռքահայերի ներդրումների մասին՝ «սեղանակիցներից» մեկը նկատեց, որ Հայաստանում սփյուռքահայերի համար հարմար պայմաններ են ստեղծված եւ այդ ներդրումներից շահում են նաեւ նրանք, եւ ոչ միայն Հայաստանը: Մեկ այլ կարծիքի համաձայն՝ Սփյուռքից Հայաստանին օգնում են 1-2 մարդ, բայց անունը դուրս է գալիս, թե Սփյուռքն է օգնում: Մասնակիցներից մեկն էլ մտահոգություն հայտնեց, թե հայեցակարգում սպառիչ կերպով չի սահմանված՝ ինչ է Սփյուռքը: Մեկ այլ փորձագետ բարձրաձայնեց, թե լուրջ մտահոգության տեղիք է տալիս հայ մասնագետների՝ աշխարհում անմրցունակ լինելը: Ըստ մի այլ կարծիքի՝ ժամանակի ընթացքում կպակասեն Սփյուռքից Հայաստան եկած ներդրումները, քանի որ կրտսեր սերունդը այնքան էլ մոտ չի կանգնած Հայաստանին եւ իր ակունքներին: Քննարկման մասնակիցներից մեկն էլ կարծիք հայտնեց, թե մինչեւ չունենանք ուժեղ Հայաստան՝ Սփյուռքը մեզ մոտ չի գա: Հրանուշ Հակոբյանն ի պատասխան նշեց՝ մի՞թե հայրենիքը սիրում են նրա համար, որ այն լավն է, թե՝ որ այն քոնն է: Մասնագետները քննարկեցին նաեւ այն հարցը, թե հնարավոր է, որ ժամանակի ընթացքում Սփյուռքը տվյալ երկրի համար գործիք դառնա՝ ՀՀ-ի վրա ազդեցություն գործելու համար: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասաց. «Չի բացառվում, բայց ոչ շատ ուղղակի կերպով եւ ոչ շատ մեծ ազդեցությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել