Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական-քաղաքական անցուդարձ

Դեկտեմբեր 25,2008 00:00

Հայտարարություն նամակի փոխարեն

Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում ՀԳՄ ղեկավարության 2008 թվականի նոյեմբերին կայացրած անօրինական ու անտրամաբանական որոշման առիթով, երբ միությունից հեռացվել են ՀԳՄ անդամներ՝ գրականագետ Աբգար Ափինյանը եւ բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանը։ Չանդրադառնալով որոշման մեջ տեղ գտած ՀԳՄ կանոնադրության բոլոր խախտումներին, առանձնացնենք հետեւյալը՝ խիստ անբարոյական ենք համարում գրողին գաղտագողի հեռացնել իր ստեղծագործական միությունից, հարկ չհամարելով նույնիսկ նրան տեղյակ պահել այդ մասին։

Այս գործելաոճը հաստատ անարդար է եւ դատապարտելի։

Սա հիշեցնում է չարաբաստիկ 37 թվականը, երբ Գրողների միությունը հալածանքներ սկսեց Չարենցի, Բակունցի դեմ, ինչպես եւ բրեժնեւյան շրջանը, երբ Սոլժենիցինին հեռացրին Գրողների միությունից՝ մի բան, որ բնորոշ էր բռնապետության ժամանակաշրջանին, սակայն միանգամայն անհասկանալի է այսօր։ ՀԳՄ ղեկավարության որոշումը առնվազն տարօրինակ եւ աննախադեպ է այն իմաստով, որ նման գործելաոճը ժողովրդավարության ուղին բռնած մեր հասարակության համար անդառնալի անցյալ է այլեւս։ Մեր օրերում գրական կյանքի կառավարման ստալինյան մեթոդների վերակենդանացումը բարոյական չէ եւ չի կարող ունենալ որեւէ արդարացում։

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Կոչ՝ ՀՀ նախագահին

Արցախի երիտասարդական կազմակերպությունները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին՝ կոչ անելով ՀՀ հեռուստակայանների կողմից հեռարձակվող եղանակի տեսության քարտեզներից հանել վաղուց պատմության գիրկն անցած ԼՂԻՄ պատկերն ու փոխարինել այն ՀՀ եւ ԼՂՀ քարտեզով։ «Արցախյան պատերազմում հրադադարի ստորագրումից 14 տարի անց ստեղծվել է անհեթեթ մի իրավիճակ. մի կողմից օբյեկտիվ իրականություն է այն փաստը, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ որոշ շրջաններ ընդգրկված են ներկա ԼՂՀ կազմի մեջ, այնտեղ մշտական բնակություն են հաստատել հազարավոր մեր հայրենակիցներ, մյուս կողմից՝ այդ իրականությունը չի արտացոլվում ՀՀ զանգվածային լրատվության միջոցներում. հոդվածներում, հեռուստահաղորդումներում, եղանակի տեսությունում, թե պարզապես գովազդներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ ընդհանրապես չի պատկերվում քարտեզի վրա, կամ էլ, լավագույն դեպքում, ընդգրկվում է միայն խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ տեսքով։ Ավելին՝ նման քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածը, համաձայն որի. «Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»,- ասվում է նամակում, որի տակ ստորագրել են «Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը, «Միտք» վերլուծական կենտրոնը, «Հայեր-Քաշաթաղ» հ/կ-ն, «Հենք» երիտասարդական նախաձեռնությունը, «Երիտասարդ լրագրողների ակումբը» եւ այլք:

Երեխաները՝ մանկական գյուղում

Օրերս Կոտայքի մարզի «Սոս» մանկական գյուղի հյուրերն էին «Սերունդների համերաշխություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը եւ «Զարթոնք» բարեգործական հ/կ-ն: Առիթը «Եղիր գեղեցիկ եւ առողջ» ծրագրի շրջանակներում իրականացվող բարեգործական ակցիան էր: «Ակցիայի նպատակն է այստեղ բնակվող երեխաներին նախատոնական տրամադրություն հաղորդել: Մեզ միացել են նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստագործական դպրոցի ավարտական դասարանի վարսահարդարները, որոնք կհարդարեն մանկական գյուղի երեխաների մազերը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Սերունդների համերաշխություն» հ/կ նախագահ Թամարա Թորոսյանը: Ծրագրի համակարգող, երիտասարդական հ/կ-ի նախագահ Տաթեւիկ Հովհաննիսյանը շեշտեց. «Մեր այս այցելությունը մանկատներ՝ այցելությունից տարբերվում է նրանով, որ առաջին անգամ երեխաներին կուրախացնենք ոչ միայն մեր նվերներով, այլեւ մեր նորավարտ վարսահարդարների մատուցած ծառայություններով»:

Մանկական գյուղի բնակիչ, 14-ամյա Քրիստինեի համար հյուրերի այցելությունն անակնկալ էր. «Հյուրեր շատ եմ սիրում: Չնայած մազերս կարճ են, բայց կուզեմ սիրուն հարդարել»: Մեկ այլ փոքրիկի՝ 13-ամյա Սլավիկին էլ ուրախացրել էին գրենական պիտույքները: 10-ամյա Արուսիկը վարսահարդարներին եւ հյուրերին խոստացավ, որ այսուհետեւ մազերը կերկարացնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել