Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ՝ քաղաքական որոշում

Դեկտեմբեր 26,2008 00:00

Հետո՝ իրավաբանական ձեւակերպում

Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր, որ «Միջգերատեսչական հանձնաժողովը» մերժել է քաղկալանավորներից մեկին՝ խուլիգանության համար 2,6 տարվա ազատազրկման դատապարտված Ժորա Սափեյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու՝ «դատապարտյալների հիվանդանոցի» ղեկավարության միջնորդությունը: Հիշեցնենք, որ նա արդեն իսկ կրել է իր համար սահմանված պատժի 1/3-րդ մասը եւ անազատության մեջ է գտնվում արդեն 10 ամիս: Եթե ՀՀ իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեին, ապա իրենց քաղաքական հայացքները չկիսող եւ ՀՀ նախագահական ընտրություններում մրցակից թեկնածուի թիմակից Ժ. Սափեյանի վերաբերյալ հիշյալ հանձնաժողովը պիտի որ այլ որոշում կայացներ, առավել եւս, որ նրա «հաշվեկշռում» անցած 10 ամիսներին որեւէ «չէպէ» չի եղել:

«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, որը դեռ 2003-04թթ.-երից է զբաղվել քաղաքական հայացքների համար հետապնդվողների գործերով, հիմա էլ զբաղված է ԵԴ-ում ներկայացված ՀՀ մի քանի քաղաքացիների գործերով, այս փաստից վրդովված էր: Նա կարծիք հայտնեց, որ Սափեյանների ընտանիքի հանդեպ քաղաքական հալածանքները նոր չեն, որ տեղի են ունեցել: Տ. Տեր-Եսայանը հիշեցրեց, որ քաղաքական հետապնդումներն այս ընտանիքի անդամների դեմ դեռ 2003-04-ին են եղել՝ ՀՀ նախագահի ընտրությունների եւ ապրիլյան դեպքերի առնչությամբ: Ժորա եւ Մկրտիչ Սափեյանները բազմաթիվ անգամ են ենթարկվել վարչական կալանքի, քրեական հետապնդման եւ, որպես կանոն, միշտ իրենց կուսակցական պատկանելության եւ քաղաքական դիրքորոշման, քաղաքացիական կեցվածքի համար: Հիշեցնենք, որ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանները «Հանրապետություն» կուսակցության ակտիվ անդամներից են:

Տ. Տեր-Եսայանը Ժ. Սափեյանի «խուլիգանության» գործով դատաքննության ողջ ընթացքը գնահատեց որպես «դատական ֆարս» ու «քաղաքական դատավարություն»: Պրն Տեր-Եսայանի դիտարկմամբ՝ պետական այն մեքենան ու այն մեխանիզմները, որոնք գործի են դրվել այսօր՝ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդելու համար, գործող իշխանությունները կիրառում են արդեն մի քանի տարի շարունակ, նաեւ՝ 2003-04-ից ի վեր, եւ դրա արդյունքում այսօր մենք ունենք մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ: Տ. Տեր-Եսայանը տարակուսանք հայտնեց Սափեյանին վաղաժամ ազատ արձակելուց հրաժարվելու՝ իշխանությունների որոշման առնչությամբ, եւ նկատեց, որ ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր քաղբանտարկյալների գործերն իրականում իրավական դաշտի հետ որեւէ առնչություն չունեն: Եվ ինչպես Ժ. Սափեյանի ու նրա ընտանիքի, այնպես էլ այսօր անազատության մեջ գտնվող մյուս բանտարկյալների գործերը, Տեր-Եսայանի ասելով, քաղաքական են, ուստի՝ պիտի հանգուցալուծում ստանան քաղաքական որոշման արդյունքում, հետո միայն ամրապնդվեն իրավաբանական ձեւակերպումներով:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ժ. Սափեյանին, ապա, մեր զրուցակցի ասելով, արդեն հունվարի 13-ին ԵԴ-ում լսվելու են ՀՀ երեք քաղաքացիների՝ Ժորա Սափեյանի, Մաքսիմ Գասպարյանի եւ Սարգիս Ամիրյանի գործերը՝ ընդդեմ ՀՀ-ի: Վերջիններս ԵԴ-ում վիճարկում են 2003-04թթ.-երին իրենց վարչական կալանքի ենթարկվելու օրինականությունը: Հիշեցնենք, որ ընդամենը վերջերս՝ դեկտեմբերին, ԵԴ-ն քննեց եւ բավարարեց եւս երեք քաղաքացիների հայցերը՝ ընդդեմ ՀՀ-ի: Խոսքը ԱԺՄ-ից՝ Լավրենտի Կիրակոսյանի, ՀԺԿ-ից՝ Արման Մխիթարյանի եւ ԱՄ-ից՝ Մյասնիկ Թադեւոսյանի հայցերի մասին է՝ ընդդեմ ՀՀ-ի: ԵԴ-ն իր որոշմամբ ամրագրել էր, որ նրանց վարչական կալանքի ենթարկելը պարունակել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից 3 հոդվածների խախտումներ՝ անմարդկային վերաբերմունք, ազատությունից զրկելու, բողոքարկման իրավունքների սահմանափակում: Տ. Տեր-Եսայանը նաեւ հավելեց, թե բացի այս, կան 2003-04թթ.-երի վերաբերյալ եւս մի քանի գործեր, որոնք ԵԴ-ում քննության կառնվեն վարչական կալանքներին վերաբերող գործերի քննության ավարտից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031