Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ԱՌԱՏ ՏԱՐԻ

Դեկտեմբեր 26,2008 00:00

Մրցաշրջան 2008-ում Հայաստանի մարզիկները պաշտոնական մրցումներում նվաճել են ընդհանուր առմամբ 108 մեդալ, որոնցից 6-ը՝ Պեկինի ամառային օլիմպիական խաղերում՝ բրոնզե: Այս արդյունքը նախորդ տարիների համեմատությամբ շոշափելի առաջընթաց է, որը չտեսնել, առավել եւս չարձանագրել՝ առնվազն հնարավոր չէ:

Երեկ հատկապես մեր հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչներն «Առավոտին» փոխանցեցին, թե անցնող տարում ի՞նչ ներդրում են ունեցել այս ձեռքբերումներում:

Ծանրամարտ

\"\"Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանն ասաց. «Այս տարի Հայաստանի մարզիկները միջազգային պաշտոնական մրցումներում ընդհանուր առմամբ նվաճել են 108 մեդալ, որոնց առյուծի բաժինը գրանցել են ծանրորդները: Նրանք Հայաստանի հաշվարկին բերել են դրանցից 63-ը: Այդ թվում՝ Պեկինի օլիմպիական խաղերի՝ երեք բրոնզե, Եվրոպայի մեծահասակների, աշխարհի, Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում՝ 17 ոսկե, 36 արծաթե եւ 7 բրոնզե մեդալներ»:

Ըմբշամարտ

Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը տարին ամփոփեց այսպես. օլիմպիական երկու «բրոնզ», Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկական «ոսկի» եւ «արծաթ», երիտասարդների մեկ «բրոնզ» եւ պատանիների մեկ «ոսկի»:

Անցնող տարում սպասվածից համեստ արդյունք են ցույց տվել ազատ ոճայինները, որոնք պաշտոնական մրցումներում նվաճել են ընդամենը մեկ «բրոնզ», այն էլ՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Բռնցքամարտ

\"\"Բռնցքամարտի ֆեդերացիայից մեզ ներկայացրին հետեւյալ թվերը. օլիմպիական խաղերի 1 բրոնզե մեդալից բացի, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում եւ աշխարհի գավաթի խաղարկությունում՝ եւս 12 մեդալ, որոնցից երեքը՝ ոսկե, նույնքան՝ արծաթե եւ վեցը՝ բրոնզե:

Ձյուդո

Հայ ձյուդոիստները թեեւ օլիմպիական խաղերից վերադարձան ձեռնունայն, բայց դրանից առաջ եւ հետո նրանք մասնակցել են աշխարհի երիտասարդական, Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների, պատանեկան առաջնություններին, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, աշխարհի վերնագավաթի եւ գավաթի խաղարկություններին եւ ընդհանուր առմամբ նվաճել 5 ոսկե, 9 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ:

Քնարիկն իրականում երրորդն է

Նախորդ համարներից մեկում թյուրիմացաբար գրել էինք, թե Քնարիկ Մուրադյանը նվաճել է շախմատի արաբական երկրների չեմպիոնի տիտղոսը:

Այդ ժամանակ առաջնությունը դեռ շարունակվում էր: Երեկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայում տեղեկացրին, որ առաջնությունը նոր է ավարտվել, իսկ մեր հայրենակցուհին դարձել է բրոնզե մեդալակիր:

Էլինան վատ չի մեկնարկել

Շախմատային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Էլինա Դանիելյանը այս օրերին մասնակցում է Գրոնինգենի հանրահայտ մրցաշարին: Հայաստանի կանանց առաջատար գրոսմայստերը չորս տուրից հետո 2,5 միավորով երեկվա դրությամբ ընթանում էր առաջատարների շարքում:

Ա. Հ.

Շնորհավորում ենք

Վաղը «Մեծ Ֆուտբոլ» ամսագիրը լույս է ընծայելու հոբելյանական՝ 30-րդ համարը: Իսկ այսօր կոլեկտիվը նշում է նաեւ հանդեսի հիմնադրման 3-րդ տարեդարձը: «Առավոտը» սրտանց շնորհավորում է իր գործընկերոջը եւ մաղթում հետագա բարգավաճում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել