Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 09,2009 00:00

ԿՈՆԳՐԵՍԸ  ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երեկ հերքել է նույն օրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ լրատվամիջոցներից մեկին արված հայտարարությունը, թե՝ իբր ՀԱԿ-ը պահանջում է իր հրաժարականը: Կոնգրեսի փոխանցմամբ, դա չի համապատասխանում իրականությանը:

Երեկ ՀԱԿ-ն առանձին հայտարարությամբ անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով անազատության մեջ գտնվող երեք անձանց՝ Գրիգոր Ոսկերչյանին, Գեւորգ Մանուկյանին եւ Արմեն Խուրշուդյանին դեկտեմբերի 23-ին մեկուսարաններում բռնությունների ենթարկելու փաստին: Արձանագրելով, որ «քաղբանտարկյալների ծեծի այս խայտառակ փաստերի առիթով անգամ քրգործեր չհարուցվեցին», փոխարենը ՀՀ Օմբուդսմենի «ակտիվ աջակցությամբ, հորինվեց ինչ-որ ծառայողական քննություն՝ կատարվածը պարտակելու ակնհայտ նպատակով», որ որպես բողոքի նշան, Գեւորգ Մանուկյանն առ այսօր հացադուլի մեջ է, Կոնգրեսը պահանջել է քրգործեր հարուցել յուրաքանչյուր դեպքի առիթով ու պատժել բոլոր մեղավորներին։

Նույն օրը ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը նաեւ հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացրել է դեկտեմբերի 23-ին «Մարտի 1»-ի գործով անցնող մեկ այլ քաղբանտարկյալի՝ Վարդգես Գասպարիին ծեծի ենթարկելու փաստը: ՀԱԿ-ը Գասպարիից դեկտեմբերի 26-ով թվագրված նամակը ստացել էր միայն երեկ. «Նամակում Վ. Գասպարին տեղեկացրել է, որ հիշյալ օրը, ժ.10.30-ին, իր բանտախուց է ներխուժել «կամուֆլյաժ ֆորմայով» 10 անձ ու ֆիզիկական բռնությունների ենթարկել իրեն։ Հաջորդ օրը քաղբանտարկյալը դիմել է կալանավայրի պետին՝ այդ փաստի առիթով քրգործ հարուցելու համար, սակայն դիմումը մնացել է անպատասխան»: Կոնգրեսը քաղբանտարկյալների դեմ կատարվածը որակել է «վարչախմբի» կողմից «վախի ու անելանելիության մթնոլորտ ստեղծելու, քաղբանտարկյալներից ավելի շատ ներման դիմումներ կորզելու ու դրանք ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանում վերահաս պատժից խույս տալու որպես փաստարկ օգտագործելու համար» արված քայլեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել