Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հերթական «բլեֆն» է անում

Հունվար 15,2009 00:00

Ըստ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի՝ հարկային բարեփոխումների մասին արվող հայտարարությունները վարչապետ Տիգրան Սարգսյանի հերթական «լոլոներն» են:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդ փուլում, այսինքն՝ փետրվար-մարտ ամիսներին, ներկայումս գրանցված 25%-ի փոխարեն, գործազրկության մակարդակը մեր երկրում կհասնի 40-45%-ի: Հայկական դրամը կարժեզրկվի՝ հասնելով 400-ից մինչեւ անգամ 850 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Ընթացիկ տարում մեր երկրի վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության եւ դրա հետեւանքների մասին այս կարծիքին է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ պարոն Բագրատյանն անդրադարձավ հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հարկային բարեփոխումների վերաբերյալ հայտարարություններին: Ըստ Հ. Բագրատյանի՝ վարչապետը ցինիկաբար «բլեֆ» է անում. «Սա հերթական քաղաքական «տրյուկն» է: Պարզ է, որ նրանք չեն կարող կտրել այն գերանը, որի վրա նստած են: Բացի այդ, տնտեսական ճգնաժամը ճիշտ ժամանակը չէ նման բարեփոխումների համար: Միանշանակ, վարչապետը ոչ պատկերացում ունի այս ամենի մասին, ոչ էլ ցանկություն որեւէ բան հասկանալու: Սա նրա հերթական «լոլոն» է, որով կկերակրվենք եւս 6 ամիս»: Ըստ նախկին վարչապետի՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեր երկրի հետ ոչ մի առնչություն չունի: Նրա հավաստմամբ, Հայաստանում կառուցվածքային տնտեսական ճգնաժամ է, որը տեղի էր ունենալու վաղ թե ուշ: Ասվածը հաստատելու համար պարոն Բագրատյանը նշեց, որ մեր երկրի տնտեսական աճի մասին ցուցանիշներն իրականությանը պարզապես չեն համապատասխանում, քանի որ 1993 թվականից ի վեր մեր երկիրը իրական տնտեսական աճ չի ունեցել, իսկ ՀՆԱ-ի մակարդակով արդեն հավասարվել ենք 1992-ի ցուցանիշին: Հ. Բագրատյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում դրամի արժեւորման խնդրին, նշելով, որ տրանսֆերտներ ստացող երկրից կամաց-կամաց վերածվում ենք դոլար արտահանող երկրի: Ըստ պարոն Բագրատյանի՝ այս ամբողջ քաղաքականությունը միտված է նրան, որ օլիգարխները կարողանան էժան դոլար գնել. «Ով անալիզ է անում Հայաստանի ճգնաժամը, առաջին հիմարությունը համարում է դրամի արժեւորումը: Հանուն ինչի՞ ենք դոլարի կուրսը այսպես պահում, հանուն ինչի՞ ենք դրամը դարձնում դոլար ու արտահանում երկրից»:
Որպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից քաղբանտարկյալներին համաներում շնորհելուն. «Ես այդ երեւույթի համար ուրախ չեմ: Այդ մարդիկ քաղբանտարկյալ են, եւ անհասկանալի է, թե ինչի համար է նրանց ներում շնորհվել: Իսկ Հայ ազգային կոնգրեսը այդ մասին հայտարարությամբ հանդես չի եկել, քանի որ այստեղ կա մարդկային ողբերգության խնդիր, մարդ կա, որ այնտեղ կորցրել է իր առողջությունը»: Իսկ հարցին, թե արդյոք նրանց կարելի՞ է «թույլ օղակ» համարել, քանի որ ներում են խնդրել, պարոն Բագրատյանը պատասխանեց. «Նրանք թույլ օղակ չեն: Ինչքան էլ ներողություն խնդրելու վերաբերյալ կարծիքները երկակի լինեն, միեւնույն է՝ այդ մարդիկ արժանի են հարգանքի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել