Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՆԿԱՏՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԱՋԱԿՑՈՒՄ»

Հունվար 15,2009 00:00

Ասում է հայաստանցի մոդել Մարիամ Մելյանը

Գեղեցկության մրցույթներն էլ կինոփառատոների նման լինում են բարձրակարգ եւ ոչ հեղինակավոր: Առաջինի թվում են՝ «Միսս Եվրոպան», «Միսս աշխարհը», «Միսս տիեզերքը»… Գեղեցկության մրցույթներից որոշներն էլ անցկացվում են օլիգարխների փողերով ու նրանց համար, պատահական չէ, որ, դիցուք, Չինաստանում մի քանի տասնյակի հասնող տուրիզմի ու գեղեցկության մրցույթներ կան, որոնց հաճախ մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Մյուս կողմից էլ, ինչքան շատ հայկական անուններ հնչեն ու գրվեն արտասահմանյան մամուլում՝ այնքան, ինչ-որ առումով, կշահի մեր երկիրը:
Մեր զրուցակիցը մասնագիտությամբ թարգմանչուհի, մոդել Մարիամ Մելյանն է, որն առաջիկայում կմասնակցի Չինաստանում անցկացվող միանգամից երկու մրցույթի. փետրվարին՝ «Միսս տուրիզմի թագուհի», իսկ մայիսին՝ «Թոփ մոդել աշխարհ»: Նա տեղեկացրեց, որ շոու-բիզնեսում կարիերան սկսել է իբրեւ մոդել՝ 2005թ. հայաստանյան «Ատեքս» նորաձեւության կենտրոնում. «Մեկ տարի հետո, մասնակցելով Չեխիայում անցկացված «Միսս Ջունիոր Եվրոպա-2006» մրցույթին, զբաղեցրի երրորդ տեղը, որից հետո կարճ ժամանակահատված՝ այնտեղ, ապա Թունիսում աշխատանքի անցա իբրեւ մոդել եւ ֆոտոմոդել: Ի դեպ, Արեւմուտքում դրանք տարբեր մասնագիտություններ են, իսկ Հայաստանում ֆոտոմոդելներ, որպես այդպիսիք, չկան պարզ պատճառով՝ մոդելներն այնքան շատ չեն, որ նրանցից ֆոտոմոդելներ ընտրվեն ու մասնագիտացվեն»: Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, երբ լրագրողները կամ պապարացցիները թափանցում են շոու-բիզնեսի ներկայացուցիչների անձնական «ոլորտ», Մարիամը պատասխանեց. «Հենց անձնական բառն արդեն ասում է, որ դրա հետ առնչվող ամեն ինչ միայն քոնն է: Կոնկրետ իմ դեպքում՝ առանձնապես ֆուրորային ոչինչ չունեմ, որը կհետաքրքրի լրագրողներիդ: Ապրում եմ ծնողներիս հետ, սովորական հայկական ընտանիքում, ֆինանսապես ու հոգեպես ընտանիքս է ինձ աջակցում: Ամուսնացած չեմ, բայց կցանկանայի կողքիս լիներ երազներիս տղամարդը: Ցանկանում եմ ունենալ ավանդական հայկական ընտանիք: Ավանդական բառը հենց այնպես չեմ ասում»:
Ինչպիսի՞ տղամարդիկ են փորձում մտերմանալ մոդելի հետ, նրանց թվում կա՞ն օլիգարխներ եւ արդյո՞ք ցանկանում են ֆինանսապես աջակցել: «Ինձ հաճախ են նկատում, բայց օլիգարխներից ոչ մեկը մինչեւ հիմա աջակցելու ցանկություն չի հայտնել, մինչդեռ առաջին հերթին պետք է նրանք գիտակցեին Հայաստանը միջազգային ասպարեզում արժանապատվորեն ներկայացնելու կարեւորությոնը»,- նշեց Մարիամը:
Մեր հաջորդ հարցին՝ տեսնելով արտերկրյա քմահաճ կոլեգաների հնարավորությունները եւ նրանց ցոփ ու շվայտ կյանքը, երբեմն հիասթափություն չի՞ ապրում, գեղեցկուհին հայտնեց. «Տպավորություն կա, թե մոդելները քմահաճ են, իրականում դա այդպես չէ: Արտերկրում ականատես եմ եղել, թե ինչպես են վարվում մոդելների հետ: Հաճախ ստիպում են կրել դուր չեկած զգեստը, ինչը ես բռնություն եմ համարում: Իսկ Հայաստանում մեր կարծիքի հետ հաշվի են նստում … Անդրադառնալով մոդելների քմահաճ լինելուն, ասեմ, որ երբ ես մերժեցի Չինաստանից 2007թ. ստացած հրավերը, հայաստանյան պարբերականներից մեկն ինձ «կամակոր» անվանեց: Չվիրավորվեցի, որովհետեւ կամակորությունը, քմահաճությունը ու նման այլ գծերը հատուկ են կանանց: Հավելեմ, որ լրագրողները սիրում են օգտագործել «անկեղծ զգեստ» կամ «կիսամերկ» արտահայտությունները, իսկ մոդելները պոդիում են բարձրանում հագուստով՝ լինի լողազգեստ, երեկոյան հանդերձ կամ պարզապես ամենօրյա զգեստ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել