Լրահոս
Օրվա լրահոսը

Չվերթը շահութաբե՞ր չէ

Հունվար 17,2009 00:00

Ուղեւորները զրկված են Երեւանից Բեյրութ եւ հակառակ ուղղությամբ մեկնելու հնարավորությունից

Ամսից ավելի է, ինչ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել է Երեւան-Բեյրութ, Բեյրութ-Երեւան ուղղություններով թռիչքները, ինչը հասարակության շրջանում դժգոհությունների առիթ է դարձել: Նշենք, որ նախկինում յուրաքանչյուր ուրբաթ օր «Արմավիան» իրականացնում էր ուղիղ չվերթ՝ Երեւանից Բեյրութ ուղղությամբ: Չվերթների դադարեցումից դժգոհություններն ավելի հաճախ հնչում են Լիբանանի հայկական գաղութի կողմից:
Լիբանանահայ Տիրան Սարգսյանը, դիմելով «Առավոտ» օրաթերթին, տեղեկացնում է, որ թռիչքների բացակայությունը «սարսափելի բացասական հետքեր է թողնում ե՛ւ Լիբանանի հայկական գաղութի բնակչության, ե՛ւ արաբական մամուլի մեջ, որոնք գրում են, որ այս քայլը վկայում է երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների վատթարացման մասին»: Նրա խոսքերով՝ նախկինում ամեն շաբաթ «Արմավիան» Բեյրութ-Երեւան թռիչք էր իրականացնում, որից ինքը շատ հաճախ էր օգտվում. «Սակայն հիմա մենք Երեւան մեկնելիս խնդիրներ ենք ունենում: Ձեզ դիմում եմ սփյուռքահայության անունից եւ մանավանդ լիբանանյան գաղութի խնդրանքով՝ հնարավորության սահմանում ամեն ինչ արվի, որպեսզի չփակվի մեր հայրենիքն ու Լիբանանը իրար կապող ճանապարհը: Մենք խնդրում ենք, որ թեկուզ 15 օրը մեկ անգամ թռիչք իրականացվի»: Տ. Սարգսյանի ներկայացմամբ, չնայած հենց իրենք են տուժողներն ու իրենք են կանգնել խնդիրների առաջ, սակայն վիրավորական է, որ չվերթը դադարեցնելու ժամանակ հաշվի չի առնվել ուղեւորների կարծիքը. «Մի օր որոշել են դադարեցնել չվերթներն ու այդպես էլ արել են: Հիմա եթե ես ցանկանամ Երեւան գալ՝ պետք է բոլորովին այլ ճանապարհներ փնտրեմ, այլեւս չեմ կարող գնալ դրամարկղ ու հեշտ ու հանգիստ Հայաստան մեկնելու համար ավիատոմս գնել»:
Նշենք, որ Բեյրութից Երեւան հասնելու համար ուղեւորները այլընտրանքային ճանապարհ ունեն, նրանք կարող են տարանցիկ ճանապարհով տեղ հասնել, սակայն այս կերպ նրանք ստիպված կլինեն մոտ 1,5 անգամ ավելի գումար ծախսել: Երեւան-Բեյրութ, Բեյրութ-Երեւան ուղղությամբ այլ ավիաընկերություններ թռիչքներ չեն իրականացնում:
Թռիչքների դադարեցումը հաստատեցին նաեւ «Արմավիայից»: Ավիափոխադրող ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան պարզաբանեց, որ սա ընդամենը ժամանակավոր է, պարզապես ձմեռային դադար է. «Արմավիա» ավիաընկերությունը ձմեռային չվացուցակում ընդամենը հետաձգել է Երեւան-Բեյրութ եւ Բեյրութ-Երեւան ուղղությունները, քանի որ ձմռանն այս ուղղությամբ մեկնող ուղեւորների քանակը խիստ կրճատվել է: Չնայած դրան, շատ մոտ ժամանակներս այս ուղղությունը վերականգնվելու է»: Մեր այն հարցին, թե թռիչքներն իրականացնելիս ինքնաթիռում միջինը քանի՞ ուղեւոր է լինում, Ն. Ավետիսովան չցանկացավ պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել