Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 17,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ տասնութերորդ

ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Չնայած Աշոտին երբեւէ չէի խնդրել, որ աշխատավարձիս հաշվով միջնորդի ու Դարբինյանին համոզի, ինքը միանգամայն ինքնուրույն միջնորդել ու համոզել էր, ու Դարբինյանն էլ համոզվել էր՝ պայմանով, որ նոր աշխատավարձից հետո, սեպտեմբերից սկսած, միայն հոդվածներ եմ գրելու. այսինքն, եթե Տաթեւիկը չլիներ, ես դույն թվականի սեպտեմբերի մեկից սկսած՝ ճարահատյալ իսկական լրագրող էի դառնալու, եւ հարց է՝ հետագայում ինչեր կլինեին, բայց, իմ բախտից, Տաթեւիկն արդեն կար, ու իմ ողջ հոգսն ու մտահոգությունն ընդամենն Աշոտի ու Դարբինյանի հետ մոտալուտ առերեսումն էր, եւ երբ մտա խմբագրություն, Աշոտն ասաց՝ «էս ո՞ւր ես. մի ժամ ա՝ Դարբինյանը քեզ ա հարցնում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ա էղել», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ», եւ Անոն ծիծաղելով ինձ ասաց՝ «քաշելիք ունես, Արմեն ջան», եւ ես հարցրի՝ «ի՞նչ քաշելիք», եւ Բասենցյանն ասաց՝ «Դարբինյանը քեզ հանձնարարություն պիտի տա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հանձնարարություն», եւ Անոն ասաց՝ «անցյալ տարի որ աշխատանքի ընդունվեցիր՝ ի՞նչ հանձնարարություն տվեց», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չեմ հիշում», եւ Բասենցյանը զարմացած ասաց՝ «ի՞նչըղ չես հիշե. չես հիշե՞, օր հանրակացարանի մասին գրեցիր», եւ ես ասացի՝ «հիշում եմ», եւ Անոն ասաց՝ «էլի պիտի գրես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պիտի գրեմ», եւ Բասենցյանն ասաց՝ «էդ հանրակացարանի մասին», եւ ես ասացի՝ «էդ նույն հանրակացարանի մասին որ գրեմ՝ նույն բանը կստացվի», եւ Աշոտն ասաց՝ «հանրակացարանը նույնն ա, բայց հանրակացարանի վիճակը նույնը չի», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա փոխվել», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «Դարբինյանի ու էդ հանրակացարանի ղեկավարության հարաբերություններն են փոխվել», եւ ես ասացի՝ «բայց ես ի՞նչ կապ ունեմ իրանց հարաբերությունների հետ», եւ Անոն ասաց՝ «պարզվում ա՝ շատ մեծ կապ ունես», եւ ես ասացի՝ «ես ո՞ր օրվա հոդված գրողն եմ», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «անցյալ տարի լավ էլ գրել էիր», եւ Աշոտն ինձ ասաց՝ «որ ուզենաս՝ շատ լավ կգրես», եւ ես ասացի՝ «ոչ ուզում եմ, ոչ էլ կարամ», եւ Աշոտն ինձ ասաց՝ «բայց Դարբինյանին խոստացել ես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ եմ խոստացել», եւ Աշոտն ասաց՝ «որ աշխատավարձդ բարձրացնում էր՝ խոստացար, որ հոդված կգրես», եւ ես հարցրի՝ «էդ նույն հանրակացարանի մասի՞ն», եւ Աշոտը մտածեց ու ոչինչ չասաց, եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «մի հատ հիմա կգրես, մի հատ էլ՝ էկող սեպտեմբերին», եւ ես ասացի՝ «ոչ հիմա կգրեմ, ոչ էլ՝ էկող սեպտեմբերին», եւ Բասենցյանն ինձ ասաց՝ «մի թարսվի, բալես», եւ ես ասացի՝ «այսինքն, նորից էդ հանրակացարանի մասին գրե՞մ», եւ Բասենցյանն ասաց՝ «մի հատըմ կգրես ու վերջ», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «ի՞նչ վերջ. Դարբինյանն ասել ա, որ Արմենը սրանից հետո ամենաքիչը շաբաթական մի հատ հոդված պիտի գրի», եւ Բասենցյանն ասաց՝ «բայց էդ հանրակացարանի մասին մի հատըմ պիտի գրի», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «կարող ա՞ ամեն շաբաթ էդ հանրակացարանի մասին գրի», եւ Բասենցյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Դարբինյանին շատ չկա», եւ էդ պահին Սեյրանը սենյակ մտնելով ու ինձ տեսնելով ասաց՝ «հը՞, վաղը գնում ե՞նք, Արմեն ջան», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւր ենք գնում», եւ Սեյրանը ծիծաղելով ասաց՝ «անցած տարվա մարշրուտով», եւ ես հարցրի՝ «ի՞նչ մարշրուտ», եւ Սեյրանը զարմացած նայեց Աշոտին ու հարցրեց՝ «վաղը Արմենի հետ հանրակացարան չենք գնալո՞ւ», եւ Աշոտը նեղսրտած ասաց՝ «ուր ուզում եք՝ գնացեք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իմ հետ գործ չունեք», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ հետ գործ ունենք», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Դարբինյանի», եւ Սեյրանն ասաց՝ «Դարբինյանն ինձ արդեն հանձնարարել ա», եւ ես Սեյրանին ասացի՝ «ինձ ոչ մի բան չի հանձնարարել», եւ Սեյրանն ինձ հարցրեց՝ «Դարբինյանին տեսե՞լ ես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Սեյրանն ասաց՝ «որ տենաս՝ կասի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պիտի ասի», եւ Սեյրանն ասաց՝ «վաղը իրար հետ հանրակացարան պիտի գնանք», եւ ես ասացի՝ «անցյալ տարի գնացել ենք», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «պարզվում ա՝ լավ չեք գնացել», եւ Աշոտն ասաց՝ «ամեն ինչ զավեշտի եք վերածում, Անո», եւ Բասենցյանն Աշոտին ասաց՝ «զավեշտն էնիկ է, օր էս խեղճ էրեխեքն ամեն տարի նույն բանը պիտի գրեն ու նկարեն», եւ Սեյրանը ծիծաղելով ասաց՝ «որ պետք ըլնի՝ ես ամեն օր էլ կարամ էդ հանրակացարանը նկարեմ», եւ Անոն ծիծաղելով Սեյրանին ասաց՝ «քեզ ի՞նչ կա. դու անցյալ տարվա նկարածներդ էլ կարաս վրեքս նաղդես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց Արմենը պիտի լրիվ նոր բան գրի», եւ ես ժպտալով Անոյին հարցրի՝ «ես չեմ կարա՞ անցյալ տարվա գրածս նաղդեմ», եւ Անոն ժպտալով ասաց՝ «դու էլ կարաս» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բայց քննադատական կողմը մի քիչ պիտի ուժեղացնես», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «ընպես պիտի գրես, օր էդ հոդվածիցդ հետո հանրակացարանի ղեկավարին գործից հանեն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ավելի լավ ա՝ ե՛ս գործից դուրս գամ», եւ Անոն ինձ ասաց՝ «Դարբինյանի մոտ հանկարծ ըտենց բան չասես», եւ ես ասացի՝ «կասեմ», եւ Անոն ասաց՝ «իրան որ ըտենց բան ասես, հենց տեղում դիմումդ գրել կտա», եւ ես ասացի՝ «չի կարա», եւ Բասենցյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչըղ չի կրնա», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ վերեւներում շատ ուժեղ ծանոթ ունեմ», եւ բոլորը զարմացած ինձ նայեցին, եւ Բասենցյանը զարմացած հարցրեց՝ «վո՞վ է», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «Տաթեւիկը», եւ Բասենցյանն ավելի զարմացած հարցրեց՝ «ըդիկ վո՞վ է», եւ ես ծիծաղելով ասացի՝ «չեք ճանաչում. ինքը շատ բարձր պաշտոնի ա», եւ Աշոտն ասաց՝ «հանաքի վախտ չի, այ Արմո. մտի մոտը՝ տես ի՞նչ ա ասում», եւ ես հարցրի՝ «հիմի ինքը տեղում ա՞», եւ Աշոտն ասաց՝ «հա», եւ Անոն ինձ ասաց՝ «առավոտից քեզ ա հարցնում», եւ ես Աշոտին հարցրի՝ «իրար հետ մտնե՞նք», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի լավ ա՝ մենակ մտնես», եւ երբ մտա Դարբինյանի աշխատասենյակ, Դարբինյանը չափազանց խիստ տոնով հարցրեց՝ «էս ո՞ւր ես կորել, ա՛յ տղա», եւ ես ասացի՝ «գործով տեղ էի գնացել», եւ Դարբինյանն ասաց՝ «որ գործով տեղ ես գնում՝ նախապես զգուշացրու, որ իմանանք», եւ ես ժպտալով ասացի՝ «մյուս անգամ կզգուշացնեմ, ընկեր Դարբինյան», եւ Դարբինյանն ասաց՝ «ես քեզ լուրջ բան եմ ասում՝ դու խնդում ես», եւ ես ասացի՝ «չեմ խնդում», եւ Դարբինյանն ասաց՝ «վաղը Սեյրանի հետ կգնաք հանրակացարան» եւ ակնոցն ուղղելով նայեց ինձ ու ասաց՝ «ի՞նչ ես զարմացած նայում», եւ ես ասացի՝ «էդ հանրակացարանի մասին անցյալ տարի գրել եմ», եւ Դարբինյանն ասաց՝ «էս տարի էլ պիտի գրես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս մի տարվա մեջ էդ հանրակացարանում ահագին փոփոխություններ են տեղի ունեցել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «դեպի վատը», եւ ես ասացի՝ «չեմ կարա գրեմ, ընկեր Դարբինյան», եւ Դարբինյանը գոռաց՝ «ի՞նչ չես կարա գրես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հոդված», եւ Դարբինյանը հարցրեց՝ «էդ հանրակացարանի մասի՞ն», եւ ես ասացի՝ «ոչ մի բանի մասին չեմ կարա գրեմ» եւ ժպտալով ավելացրի՝ «ժուռնալիստիկայի բնագավառի համար անպիտան եմ», եւ Դարբինյանն ասաց՝ «չես էլ ամաչում՝ ծիծաղում ես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիմի ուշադիր ինձ լսիր, անպիտան», եւ ես ժպտալով ասացի՝ «լսում եմ, ընկեր Դարբինյան», եւ Դարբինյանն ասաց՝ «ինչ որ ասում եմ՝ լրիվ լուրջ եմ ասում», եւ ես ասացի՝ «ասեք», եւ Դարբինյանն ասաց՝ «ուրեմն, կամ հոդված ես գրում, կամ՝ դիմում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ դիմում», եւ Դարբինյանը սառնասրտորեն պատասխանեց ու ասաց՝ «աշխատանքից ազատման դիմում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կգրեմ», եւ Դարբինյանը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ կգրես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «դիմում», եւ Դարբինյանը զարմացած ինձ նայեց ու գոռաց՝ «ինձ ե՞ս փորձում, ա՛յ տղա», եւ ես ասացի՝ «ոչ մեկին էլ չեմ փորձում», եւ Դարբինյանն իր սեղանից մի մաքուր թուղթ վերցրեց, դրեց դիմացս, հետո գրիչը տվեց ինձ ու ասաց՝ «հիմա ե՛ս քեզ կփորձեմ» եւ խորամանկ ժպտալով նայեց ինձ ու ասաց՝ «գրի՛», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գրեմ», եւ Դարբինյանն ասաց՝ «ինչ որ թելադրեմ՝ էն էլ կգրես», եւ ես ասացի՝ «թելադրեք», եւ Դարբինյանն ասաց՝ «թելադրում եմ, էդ թղթի աջ կողմում գրի», եւ ես ասացի՝ «թելադրեք՝ գրում եմ», եւ Դարբինյանը թելադրեց՝ «Երեւանի պետական բժշկական ինստիտուտի «Ապագա բժիշկ» թերթի գլխավոր խմբագիր Միքայել Դարբինյանին նույն թերթի գրական աշխատող Արմեն Շեկոյանից» եւ խորը շունչ քաշելով հարցրեց՝ «գրեցի՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Դարբինյանն արհամարհանքով ինձ նայելով ասաց՝ «դե հիմա էջի մեջտեղում մեծատառով գրի՝ դիմում», եւ ես գրեցի ու ասացի՝ «գրեցի», եւ Դարբինյանն ասաց՝ «իսկ հիմա տողի սկզբից գրի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գրեմ», եւ Դարբինյանն արհամարհանքով ասաց՝ «էս մարդը դիմում գրել չգիտի՝ ես սրանից հոդված եմ պահանջում», եւ ես ժպտալով ասացի՝ «կյանքումս ոչ մի անգամ ազատման դիմում չեմ գրել», եւ Դարբինյանը հեգնանքով ասաց՝ «ինձ թվում ա՝ դեռ շատ կգրես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գրեմ», եւ Դարբինյանը շատ չոր տոնով ասաց՝ «խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից» եւ խորը շունչ քաշելով հարցրեց՝ «գրեցի՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Դարբինյանը լուսամուտից դուրս նայելով ասաց՝ «իսկ հիմա աջ կողմում անուն-ազգանունդ գրի ու ստորագրի» եւ լուսամուտից դուրս նայելով ավելացրեց՝ «ձախ կողմում էլ ամիս ամսաթիվը գրի», եւ ես հարցրի՝ «էսօրվա՞», եւ Դարբինյանը հարցրեց՝ «էսօր ամսի քանի՞սն ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «քսանութը», եւ Դարբինյանը շրջվելով նայեց ինձ ու ասաց՝ «ամսի երեսունմեկով գրի, որ հաշվապահական ավելորդ բարդություններ չառաջանան» եւ մի քիչ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «էդ մի քանի օրն էլ քեզ փեշքեշ», եւ ես ժպտալով ասացի՝ «շնորհակալություն», եւ Դարբինյանը թուղթն ինձանից վերցնելով ու դիմումիս վրա մակագրելով ասաց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես ասացի՝ «լուրջ եմ ասում», եւ Դարբինյանը հարցրեց՝ «ի՞նչն ես լուրջ ասում», եւ ես ասացի՝ «ես ձեզանից շա՜տ շնորհակալ եմ», եւ Դարբինյանը դիմումս ինձ մեկնելով հարցրեց՝ «էս դիմումի համար ե՞ս շնորհակալ», եւ ես դիմումս վերցնելով ասացի՝ «դիմումի ու ամեն ինչի համար», եւ Դարբինյանն ասաց՝ «էդ դիմումդ տուր Անահիտին՝ ինքն ամեն ինչ կանի», եւ ես ասացի՝ «շնորհակալություն», եւ ինքն ասաց՝ «հաջողություն», եւ ես ասացի՝ «հաջողություն», եւ ինքն անսպասելի ժպտաց ու ասաց՝ «որ հանկարծ փոշմանես՝ հետ կգաս», եւ ես ժպտալով ասացի՝ «անպայման», եւ ինքը ժպտալով ասաց՝ «զարմանալի տղա ես, Շեկոյան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քեզ պոեզիայի ասպարեզում հաջողություն եմ մաղթում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ ձեզ գրականագիտության ասպարեզում եմ հաջողություն մաղթում», եւ Դարբինյանը ժպտալով ասաց՝ «տես՝ հանկարծ որ փոշմանես, չամաչես, հետ կգաս», եւ ես ժպտալով ասացի՝ «շնորհակալություն», եւ Դարբինյանն ասաց՝ «հաջողություն», եւ ես ասացի՝ «հաջողություն» ու Դարբինյանի կաբինետից դուրս եկա եւ երբ մտա մեր ընդհանուր սենյակ, Անոն հարցրեց՝ «հը՞, համոզե՞ց», եւ ես դիմումս Անոյին տալով ասացի՝ «համոզեց», եւ Բասենցյանն ինձ հարցրեց՝ «այսինքն, գրելո՞ւ ես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «արդեն գրել եմ», եւ Անոն դիմումիս նայելով զարմացած բացականչեց՝ «էս ի՞նչ ես գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «դիմում», եւ Բասենցյանը ճչաց՝ «ի՞նչ դիմում», եւ ես ժպտալով ասացի՝ «ազատման դիմում», եւ Աշոտը ապշահար հարցրեց՝ «ի՞նչ ազատման դիմում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «սովորական ազատման դիմում», եւ Աշոտն Անոյին ասաց՝ «տուր տենամ, Անո» եւ Անոյից դիմումս վերցնելով՝ կարդաց ու ինձ ասաց՝ «գժվել ե՞ս, ա՛յ Արմո», եւ Սեյրանն ինձ հարցրեց՝ «հիմի վաղը հանրակացարան չենք գնալո՞ւ», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «դու էլ քո հանրակացարան գնալու դարդն ե՞ս», եւ Սեյրանն ասաց՝ «բա չիմանա՞մ՝ գնալու եմ, թե՝ չէ», եւ ես ժպտալով Սեյրանին ասացի՝ «մենակ մի բան կարամ հաստատ ասեմ, Սեյրան ջան», եւ Սեյրանն ասաց՝ «ասա», եւ ես ասացի՝ «իմ հետ հանրակացարան չես գնալու», եւ Սեյրանը հարցրեց՝ «բա ո՞ւմ հետ եմ գնալու», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ արդեն Դարբինյանի հետ պիտի ճշտես», եւ Բասենցյանը հոգոց հանելով ասաց՝ «աշխարհն աշխարհով, էս Սեյրանն իրա անձնական հարցերով», եւ Սեյրանն ասաց՝ «այսինքն, էդ հանրակացարանն իմ անձնական հարցն ա՞», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «Արմենը դիմում ա գրել, դու մի գլուխ՝ հանրակացարան հա հանրակացարան», եւ ես ծիծաղելով ասացի՝ «բա էս մարդը չիմանա՞ ում հետ ա հանրակացարան գնալու», եւ Սեյրանն ասաց՝ «Արմենը դիմում ա գրել, բայց լավ էլ ուրախ ա», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «քեզ ա թվում, թե ուրախ ա», եւ ես ասացի՝ «շատ ուրախ եմ», եւ Բասենցյանն ասաց՝ «Դարբինյանից ըդպես դաժանություն չէի սպասի», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքը շա՜տ բարի մարդ ա», եւ Անոն ասաց՝ «լա՜վ բարի ա», եւ ես Անոյին ասացի՝ «Անո ջան, Դարբինյանն ասեց, որ էս դիմումովս դու պիտի զբաղվես», եւ Աշոտն ասաց՝ «շատ եք վռազում», եւ Սեյրանն ասաց՝ «Աշոտը մի բան կանի. ինքը Դարբինյանին համոզելու հարցում մեծ վարպետ ա», եւ ես Սեյրանին ասացի՝ «էս էդ դեպքը չի», եւ Բասենցյանը հարցրեց՝ «ի՞նչըղ էդ դեպքը չէ», եւ Անոն ժպտալով ասաց՝ «Աշոտը որ ուզենա՝ Դարբինյանին մեկից մեկ կհամոզի», եւ Աշոտը դիմումս Անոյին տալով ասաց՝ «էդքան վստահ մի ասա, Անո ջան», եւ Բասենցյանն Աշոտին ասաց՝ «մենք օր մի բան հաստատ չիմանանք՝ չենք ասի», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էս աշխարհի էրեսին ոչ մի հաստատ բան չկա», եւ Անոն դժգոհելով ասաց՝ «փիլիսոփայելու վախտ ե՞ս գտել, ա՛յ Աշոտ», եւ Բասենցյանը ժպտալով Աշոտին ասաց՝ «կարողություններդ թերագնահատես գը», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ կարողություններ», եւ Անոն ասաց՝ «մենակ դու կարաս Դարբինյանին հետ համոզես, Աշոտ ջան», եւ Աշոտը տհաճությամբ ինձ նայեց ու ասաց՝ «Արմենը սաղ գործը բարդացրել ա», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ բարդացրել», եւ Աշոտն ինձ հարցրեց՝ «էս դիմումդ քո ձեռով չես գրե՞լ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինքը ստիպել ա՞, որ դիմում գրես», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքն առաջարկեց՝ ես էլ գրեցի», եւ Աշոտը տհաճությամբ ինձ նայեց ու հարցրեց՝ «ինքն առաջարկեց, դու էլ վռազ գրեցիր, հա՞», եւ ես ծիծաղելով ասացի՝ «վռազ չեմ գրել. ինքը դանդաղ թելադրել ա՝ ես էլ գրել եմ», եւ Անոն դիմումիս նայելով ծիծաղեց ու ասաց՝ «լավ էլ անսխալ գրել ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «թելադրությունից ուժեղ եմ», եւ Բասենցյանը նեղսրտելով ասաց՝ «ի՞նչըղ բերաններդ կբռնի՝ ծիծաղեք գը», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «բա լաց ըլնե՞նք, ընկեր Բասենցյան», եւ Բասենցյանն ասաց՝ «էդ էրեխին գործից հանեն գը, դու հռհռաս գը», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «էրեխեն ինձնից բեթար ա հռհռում», եւ Սեյրանն Աշոտին ասաց՝ «ես մի հատ Դարբինյանի մոտ չմտնե՞մ», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «դո՞ւ խի ես Դարբինյանի մոտ մտնում», եւ Սեյրանն ասաց՝ «մտնեմ՝ ճշտեմ», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ ճշտես», եւ Սեյրանն ասաց՝ «էդ հանրակացարանի հաշվով», եւ Աշոտը հարցրեց՝ «հանրակացարանի հաշվով ի՞նչ պիտի ճշտես», եւ Սեյրանն ասաց՝ «բա չիմանա՞մ՝ վաղը հանրակացարան գնալո՞ւ եմ, թե՝ չէ», եւ Աշոտը Սեյրանի վրա գոռաց՝ «վախտ ե՞ս գտել, արա՛», եւ Սեյրանն ասաց՝ «բա չիմանա՞մ», եւ Աշոտը զզվանքով Սեյրանին նայելով ասաց՝ «ես կճշտեմ՝ քեզ կասեմ», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «քո պարտաճանաչությունն էլ էս նեղ մաջալին բռնե՞ց, Սեյրան տղա», եւ Սեյրանը հարցրեց՝ «ի՞նչ նեղ մաջալ», եւ Անոն ասաց՝ «Արմենը դիմում ա գրել, դու մի գլուխ՝ հանրակացարան հա հանրակացարան», եւ Սեյրանն ասաց՝ «Արմենին ո՞վ ա ստիպել, որ դիմում գրի», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մեկը չի ստիպել, Սեյրան ջան», եւ Սեյրանն ուսիս թփթփացնելով ասաց՝ «շատ մի նեղսրտի. Աշոտն ըսենց հարցերը մի րոպեում ա լուծում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սեփական փորձիցս եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու Աշոտին ասաց՝ «որ ճշտես՝ ինձ խաբար կանես», եւ Աշոտը տհաճությամբ Սեյրանին նայելով ասաց՝ «էղավ», եւ Սեյրանը նորից ուսիս թփթփացնելով ասաց՝ «շատ դարդ մի արա, Արմեն ջան. ամեն ինչ լավ կըլնի», եւ երբ Սեյրանը գնաց, Անոն դիմումիս նայելով ժպտաց ու ասաց՝ «լրիվ անսխալ թելադրություն ես գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «թելադրությունից հեշտ բա՞ն», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «էդ թելադրությունն օր գրել ես, մի հատըմ հոդվածն ի՞նչ է՝ օր չկրնանաս գրես», եւ ես ասացի՝ «Դարբինյանն ասում ա, որ սրանից հետո միշտ պիտի հոդված գրեմ», եւ Աշոտն ասաց՝ «էդպես էինք պայմանավորվել», եւ ես հարցրի՝ «ե՞րբ ենք պայմանավորվել», եւ Աշոտն ասաց՝ «որ աշխատավարձդ բարձրացնում էր, ինքն էդ պայմանը դրեց, դու էլ համաձայնվեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ պահին ուշքս ու միտքս աշխատավարձս էր», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ խոստացել ես՝ պիտի խոսքիդ տեր կանգնես», եւ Անոն Աշոտին ասաց՝ «դու Դարբինյանին որ համոզես, Արմենը խոսքին տեր կկանգնի», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «բայց էդ դիմումն Արմենն իրա կամքով ու իրա ձեռով ա գրել», եւ Բասենցյանն ասաց՝ «տաքգլխություն է էրել, հիմի էլ փոշմանել է», եւ ես ժպտալով ասացի՝ «հեչ էլ չեմ փոշմանել», եւ Բասենցյանն ինձ ասաց՝ «ես կզգամ, օր փոշմանել ես», եւ Անոն ինձ ասաց՝ «հիմի Աշոտը կմտնի Դարբինյանի մոտ, էս դիմումդ ճղել կտա, հետո նոր կպարզենք՝ փոշմանե՞լ ես, թե՝ չէ», եւ Աշոտն Անոյին ասաց՝ «շա՜տ հեշտ ես ասում», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «Սեյրանի փորձով եմ ասում», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սեյրանը ոչ մի անգամ դիմում չի գրել», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ ինքը թելադրությունից շատ թույլ ա», եւ Բասենցյանն ասաց՝ «օր Սեյրանի վրեն ավտոմատ պահես՝ դիմում չի գրի», եւ Անոն ասաց՝ «շատ էլ ճիշտ կանի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «յանի էս ի՞նչ ֆիքստուլություն ա, ա՛յ Արմեն», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա ֆիքստուլություն», եւ Անոն պատասխանեց ու ասաց՝ «էս դիմումդ», եւ ես ժպտալով ասացի՝ «Դարբինյանն ասեց, որ դիմում գրեմ», եւ Բասենցյանը հարցրեց՝ «ի՞նչըղ ըսեց», եւ ես ժպտալով ասացի՝ «ասեց՝ կամ հոդված կգրես, կամ՝ դիմում», եւ Անոն ասաց՝ «դու էլ վռազ գրեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «վռազ չեմ գրել» եւ ծիծաղելով ավելացրի՝ «ինքը դանդաղ թելադրել ա, ես էլ դանդաղ գրել եմ», եւ Անոն ասաց՝ «ոչինչ. հիմի Աշոտը կմտնի՝ կհամոզի», եւ ես ժպտալով ասացի՝ «չի կարա», եւ Բասենցյանը հարցրեց՝ «ի՞նչըղ չի կրնա», եւ Անոն ինձ ասաց՝ «Աշոտին թասիբի ե՞ս գցում», եւ ես ժպտալով ասացի՝ «Աշոտը Դարբինյանին կարա համոզի, բայց ինձ չի կարա համոզի», եւ Անոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «այսինքն, քեզ ի՞նչ չի կարա համոզի», եւ ես ասացի՝ «չի կարա համոզի, որ հոդված գրեմ», եւ Աշոտն ինձ ասաց՝ «էդ հոդված գրելու գործը շատ ես բարդացնում», եւ ես ասացի՝ «իմ համար շատ բարդ ա», եւ Անոն ինձ ասաց՝ «որ ուզում ես՝ լավ էլ գրում ես», եւ ես ասացի՝ «ընդամենը մի հատ եմ գրել», եւ Անոն ասաց՝ «դժվարն առաջինն ա. էդ մի հատը որ գրել ես՝ հարուր հատ կարաս գրես», եւ Բասենցյանն ինձ ասաց՝ «քեզի շատ կթանկացնես», եւ Աշոտն ասաց՝ «չի թանկացնում. Արմենն էդ հոդվածների առումով կոմպլեքսավորված ա», եւ Անոն ասաց՝ «սկզբում սաղս էլ կոմպլեքսավորված ենք էղել, բայց հետո անցել ա», եւ ես ժպտալով ասացի՝ «իմը չի անցնում», եւ Անոն ինձ հարցրեց՝ «հիմի ասելդ ի՞նչ ա. գործից դուրս ե՞ս գալիս», եւ ես ժպտալով ասացի՝ «ըտենց ա ստացվում», եւ Բասենցյանն ասաց՝ «հեչ լավ տղա չես, Արմեն ջան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեզի էս քամբախ տեղը մենակ կթողնիս ու կերթաս», եւ ես ժպտալով ասացի՝ «ես ավելի վատն եմ, քան դուք եք կարծում, ընկեր Բասենցյան», եւ Բասենցյանը զարմացած ինձ նայեց ու մի քիչ մտածելուց հետո ասաց՝ «չհասկցա», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, խաբում եմ», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ես խաբում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ձեզ» եւ ժպտալով ավելացրի՝ «առաջին հերթին՝ Դարբինյանին», եւ Բասենցյանը զարմացած հարցրեց՝ «Դարբինյանին ի՞նչըղ ես խաբել», եւ Անոն Բասենցյանին ասաց՝ «նոր խոստովանեց՝ չլսեցի՞ք», եւ ես Անոյին հարցրի՝ «ի՞նչն եմ խոստովանել», եւ Անոն ասաց՝ «Դարբինյանին խաբել ասել ես՝ հոդված կգրեմ, ինքն էլ հավատացել ու աշխատավարձդ բարձրացրել ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Դարբինյանին ուրիշ հարցում եմ խաբել», եւ Անոն հարցրեց՝ «ե՞րբ ես խաբել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էսօր», եւ Անոն ասաց՝ «չհասկացա», եւ Աշոտն Անոյին ասաց՝ «որ թողես խոսա՝ կհասկանաս» եւ նեղսրտած ավելացրեց՝ «տղեն բան ա ուզում ասի՝ չես թողում», եւ Անոն նեղսրտած ասաց՝ «էս Աշոտն էլ փոխանակ Արմենին Դարբինյանից պաշտպանի, ինձնից ա պաշտպանում», եւ ես ժպտալով ասացի՝ «իզուր եք իմ պատճառով իրար նեղացնում», եւ Անոն Աշոտին թարս նայելով ասաց՝ «ինքն ա նեղացնում», եւ Աշոտն ասաց՝ «ասա՛, Արմո՛. բան էիր ուզում ասես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «չեք թողում ասեմ», եւ Բասենցյանն Աշոտին ասաց՝ «այ բալա, թողեք տեսնենք՝ ի՞նչ է ասում», եւ Աշոտը նեղսրտելով ասաց՝ «ե՛ս չթողողը դառա», եւ Բասենցյանն ինձ ասաց՝ «ասա», եւ ես ժպտալով ասացի՝ «չգիտեմ՝ ասե՞մ, թե՞ չասեմ», եւ Անոն ինձ ասաց՝ «ձեռ ե՞ս առնում, այ Արմեն», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «չասելն ավելի ստորություն ա, քան՝ ասելը», եւ Անոն ասաց՝ «որ մեզ ըսենց ձեռ ես առնում, ստորությունն է՛դ ա», եւ Աշոտն Անոյին ասաց՝ «թող տենանք՝ ինչ ա ասում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել