Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 20,2009 00:00

Հիշում են Հրանտ Դինքին

\"\"Հարյուրավոր երիտասարդներ ու մտավորականներ երեկ Թուրքիայում հարգանքի տուրք մատուցեցին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին՝ նշելով նրա սպանության երկրորդ տարելիցը: «Այդ օրը սպանվեց եւ վիրավորվեց նաեւ մեր հասարակությունը, եւ մենք երբեք չենք մոռանա այդ ցավը»,- թուրքական «Հուրիեթ» թերթին ասել է միջոցառումներից մեկի հեղինակը՝ «Բաշքա» մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Էյլեմ Աքայան: «Դինքը մեր եղբայրն էր, որը պաշտպանում էր մարդկային եղբայրությունը եւ պայքարում էր այդ նպատակի համար: Նրա ցավը մեր ցավն է հիմա»,- հայտարարում են թուրք արվեստագետները:

Շարունակվում է նաեւ Դինքի աջակիցների ու փաստաբանների պայքարը Թուրքիայի դատարաններում: «Տարիներ շարունակվող քննությունը, սակայն, առայժմ ցանկալի արդյունքը չի տալիս»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը: «Դինքի ընտանիքը եւ աջակիցները, մասնավորապես, պնդում են, որ սպանությանը մեղսակից են նաեւ իրավապահ մարմինները, որոնք տեղյակ են եղել կազմակերպվող հանցագործությանը, սակայն կա՛մ թերացել են պաշտոնեական պարտականությունները կատարելիս, կա՛մ միտումնավոր կերպով քայլեր չեն ձեռնարկել՝ մարդասպանությունը կանխելու համար: Պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը, սակայն, բավական դանդաղ է առաջ գնում՝ մի շարք օրենսդրական եւ ընթացակարգային խոչընդոտների պատճառով»,- ընդգծեց Գոչունյանը:

Բրայզան ուզում է «հանդիպացնել» ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին

\"\"Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Բաքու: Նրանք հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ: Այսօր նախատեսված է նրանց այցը Երեւան, իսկ այնուհետեւ՝ Ստեփանակերտ: Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մեզլյակովը՝ ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում չի բացառել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ մոտ ժամանակներս գան համաձայնության: Իր հերթին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան (լուսանկարում) հայտնեց, որ ներկա այցելության ժամանակ դիվանագետները փորձելու են համոզել երկու երկրների նախագահներին՝ հանդիպել Դավոսյան միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունվարի 29-ից փետրվարի 1-ը: Ըստ նրա՝ «նախագահների հանդիպումը կախված կլինի Բաքվում եւ Երեւանում կայանալիք բանակցություններից: Այս ամիս բանակցությունների համար առկա է հոյակապ հնարավորություն»: Սակայն ադրբեջանական «1news» գործակալությանը տված հարցազրույցում փորձագետ Էլման Նասիրովն իր թերահավատությունն է հայտնել այցի կապակցությամբ, նշելով, որ իրականում Մինսկի խումբը շահագրգռված չէ հարցի լուծման մեջ. «Իսկ Ռուսաստանի կողմից Հայաստանում 800 միլիոնի զենքի փոխանցումը այցելության համար բացասական մթնոլորտ է ստեղծում», ասաց քաղաքագետը: Հիշեցնենք, որ վերջին տեղեկությունը բազմիցս հերքվել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի կողմից:

Գազայի հատվածում փխրուն հրադադար հաստատվեց

Կիրակի օրը Իսրայելի վարչապետ Եհուդ Օլմերտը հայտարարեց, որ իր երկիրը միակողմանիորեն դադարեցնում է կրակը՝ այսպիսով ազդարարելով դեկտեմբերի 27-ից սկսած «Ձուլածո արճիճ» ռազմական օպերացիայի ավարտը: «Մենք հաղթել ենք»,- բավարարված հայտարարեց Օլմերտը:

Հաղթանակի մասին նույն բավարարվածությունը հայտնեց նաեւ ՀԱՄԱՍ-ը, քանի որ Իսրայելը սկսել էր աստիճանաբար դուրս բերել իր զորքերը Գազայի հատվածից: Ըստ Օլմերտի՝ Իսրայելը հասել է կարեւոր պայմանավորվածությունների՝ Եգիպտոսի, եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի հետ: Այդ համաձայնությունները վերաբերում են Եգիպտոսի հետ սահմանին գտնվող միջանցքով զենքի եւ զինամթերքի տեղափոխման լիակատար դադարեցմանը: Իսրայելի ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկել վարչակազմի գործողությունները, նշելով, որ բանակի գործողությունները անթերի էին, իսկ դիվանագետներն աշխատեցին շատ վատ:

Ընդդիմության կարծիքով՝ պետք չէր ավարտել ռազմական օպերացիան այնքան ժամանակ, քանի չեն ոչնչացվել ՀԱՄԱՍ-ի բոլոր ենթակառուցվածքները: Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների արդյունքում զոհվել էր ոչ պակաս, քան 1300 պաղեստինցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել