Լրահոս
Օրվա լրահոսը

Պոռնոգրաֆիայի վտանգավոր հետեւանքները

Հունվար 20,2009 00:00

Ըստ հոգեբանի՝ պոռնոֆիլմերի դիտումը վնասակար է դեռահասների առողջությանը

«Քաղաքի ցանկացած DVD եւ CD վաճառքի եւ վարձույթի կետերից հեշտությամբ ձեռք եմ բերում իմ ուզած «էն» ֆիլմերից: Ամեն տեղ էլ կան «դրանցից»,- ասում է 16-ամյա Հրաչիկը: Նրա ընկերը՝ 15-ամյա Միքայելն, ասաց. «Ասում են, թե չի կարելի նման ֆիլմեր վաճառել, չի թույլատրվում: Բայց երբ մտնում եմ խանութ, հարցնում՝ վաճառողը տեսնում է, որ ես «նաղդ» վերցնողներից եմ, թեկուզ եւ վարձույթով, տակից տալիս է՝ առանց հարցնելու անգամ տարիքս»: Խոսքը մեծ քանակությամբ Հայաստան ներմուծվող ռուսական եւ արտասահմանյան, վերջին շրջանում նաեւ՝ հայկական արտադրության պոռնոգրաֆիկ ֆիլմերի մասին է: «Առավոտը» շրջեց քաղաքի մի քանի DVD եւ CD վաճառակետերով: Բաշինջաղյան փողոցում գտնվող փոքրիկ կրպակի նախկին վաճառողուհի Ամալյան փաստեց, որ ինչպես բոլորը, ինքն էլ «տակից» վաճառում էր պոռնոֆիլմեր. «Պահանջարկը մեծ էր, հարցնողները՝ շատ: Գնորդներն էլ հիմնականում 15-18 տարեկան տղաներն էին, աղջիկներ քիչ էին հանդիպում, հիմնականում գնորդները տարիքով կանայք էին: Եղել են դեպքեր, որ պապիկներն էլ են հետաքրքրվել: Մի օր 70-ամյա մի ծերունի եկավ եւ ամաչելով հարցրեց՝ ունե՞ք, դե մի լավը տուր, այսօր տանը մենակ եմ…»:

Մարգարյան փողոցում գտնվող վաճառակետի աշխատողն էլ, որը չցանկացավ ներկայանալ, շեշտեց, որ նման ֆիլմեր չեն վաճառվում, բայց խանութի առջեւ կանգնած 16-ամյա Վալոդիկը պատմեց, թե ինչպես է իր մեծ եղբայրը այդտեղից վարձույթով էրոտիկ ֆիլմեր վերցնում: «Մոսկվա» կինոթատրոնի ներսում տեղակայված DVD, CD խոշոր վաճառակետի աշխատակիցը կամ տնօրենը (այդպես էլ պարզ չդարձավ՝ նա չցանկացավ ներկայանալ) զայրացած մեզ փորձեց համոզել, որ քաղաքի ոչ մի խանութում նմանատիպ ֆիլմեր չեն վաճառվում. «Արգելված է նման ֆիլմերի վաճառքը, հնարավոր չէ, որ ինչ-որ տեղ վաճառվի»:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց հոգեբան Սուսաննա Հակոբյանի հետ: Ըստ նրա՝ պոռնոգրաֆիայի տարածումը դեռահասների շրջանում ոչ թե խնդիր է, այլ բացթողում. «Պատանիների շրջանում հաճախ հանդիպում են երեխաներ, որոնք իրենց հետաքրքրությունները բավարարելու համար անցնում են ոչ տրադիցիոն եղանակների, անօրինական ճանապարհներով պոռնոֆիլմեր են ձեռք բերում, պոռնոսայթեր դիտում: Եվ գալիս է մի սերունդ, որի համար պոռնոգրաֆիան դառնում է արժեք, հետաքրքրություն, ի տարբերություն այն ժամանակների, երբ այդ ամենը հակակրանք էր առաջացնում: Օրվա ցանկացած ժամի եթե բացես համապատասխան ինտերնետային կայքը կամ պարզապես միացնես հեռուստացույցը՝ կարող ես տեսնել այլասերված, անտանելի կադրերը, որոնք իրոք խեղաթյուրում են պատանիների, դեռահասների հոգեկանը»: Իսկ թե ինչպե՞ս կանխել, զերծ պահել դեռահասներին պոռնոգրաֆիայից՝ Ս. Հակոբյանն ասաց. «Առաջարկում եմ արգելել դրանց վաճառքը: Բայց արգելելով՝ դեռահասներին չենք կարող ստիպել չհետաքրքրվել: Իսկ հետաքրքրությունները բավարարելու համար առաջարկում եմ դպրոցներում, քոլեջներում, ուսումնական հաստատություններում ժամեր հատկացնել: Բնական է, սեքսի մասին երեխան իր ծնողից չի հարցնի, կամաչի, բայց դպրոցում պատանին չի ամաչի իր տղամարդ ուսուցչից, մասնագետից՝ բոլոր հարցերի պատասխանները ստանալ»: Հոգեբանի հավաստմամբ՝ եթե որոշակի մարդկանց համար դա պահանջմունք է, ուղղակի հետաքրքրություն, ապա մյուսների մոտ՝ շրջապատին, որեւէ խմբավորման հարելու, պատկանելու, անդամ լինելու կամ շրջապատի կողմից ընդունվելու ձգտում: Դեռահասների շրջանում պոռնոգրաֆիայի բացասական ազդեցության մասին Ս. Հակոբյանը շեշտում է. «Դեռեւս չգիտակցված, չձեւավորված գիտակցությունը ախտահարվում է ենթագիտակցությամբ: Մի օր մի երեխա համակարգչի հետ աշխատելու ժամանակ պատահաբար միացել է պոռնոսայթի եւ այդ պահին աննկարագրելի ֆիզիոլոգիական պրոցեսներ ապրել, որի արդյունքում նրա մոտ սկսվել է նեւրոզ: Բավական երկար ժամանակ պահանջվեց նրան այդ վիճակից դուրս բերելու համար: Օրգանիզմը ախտահարվել էր լուրջ հիվանդությամբ: Դա ընդամենը պատահական դիտումի արդյունք էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031