Լրահոս
Օրվա լրահոսը

Մոկս, ինչպես որ է

Հունվար 20,2009 00:00

Վանա լճի Աղթամար կղզուց 20 կմ հարավ. այստեղ է գտնվում մեր պատմական հայրենիքի՝ Արեւմտյան Հայաստանի Մոկս գավառը: Երեկվանից ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի դահլիճում վերսկսվեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հ/կ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած հայրենագիտական զրույցների շարքը, որը տեղի կունենա ամեն երկուշաբթի, ժամը 16-ին: «Դեռ նոյեմբերին պիտի վերսկսեինք արդեն եռամյա պատմություն ունեցող այս գործընթացը, սակայն դահլիճ չէինք գտնում: Ակադեմիայի պատմության ինստիտուտը դահլիճը մաքուր պահելու համար պարզապես այն չի օգտագործում, ուստի մեզ դահլիճ չտրամադրեցին: Հետո խիստ պատահական կարողացանք գտնել այս դահլիճը»,- ներածական խոսքն այսպես սկսեց գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը: Նա նշեց. «Սակավաթիվ հայ քաղաքացիներ կգտնվեն, որ քարտեզի վրա պատկերացնեն Մոկսի գտնվելու վայրը: Այնինչ, հայ մարդը պիտի լավ իմանա այն, ինչին տեր ենք այսօր եւ այն, ինչ ժամանակին անբարեխղճության, անպատվության պատճառով կորցրել ենք: Իսկ եթե չենք ճանաչում՝ նոր կորուստների վտանգ կա»: Ս. Կարապետյանը զրույցի ընթացքում դահլիճում հավաքված հետաքրքրվող մարդկանց գյուղ առ գյուղ, հուշարձան առ հուշարձան ցույց տվեց Մոկսի «հարստությունները»: Այդ շարքում էր նաեւ Մոկսի քրդական դպրոցը, որը կառուցված էր բացառապես խաչքարերից: «Առավոտին» էլ ասաց. «Գավառի ռելիեֆը խիստ լեռնային է, այնտեղ մեկ հեկտար հարթ տարածություն չկա, կան մի քանի փոքր գյուղեր: Հուշարձանները եւ շինությունները կառուցված են թեք տեղանքների վրա, ունեն ժողովրդական ճարտարապետություն, որը հարմարված է ռելիեֆին: Ուստի մի շինության տանիքը հաճախ մյուսի համար բակ է ծառայում: Մոկսը Անի չէր, որ Մառը, Թորամանյանը, Վրույրը ոտք դրած լինեին: Այս գավառից մինչեւ 1915-ը լուսանկար չունենք: Միայն 1950-60-ականներին են Ժան Միշել Ֆիերին եւ ճարտարապետ Արմեն Հախնազարյանը այնտեղի հուշարձանները լուսանկարել: Երբ այժմ դրանք համադրում ենք անցյալ տարվա լուսանկարների հետ, նկատվում է, որ ահռելի թվով հուշարձաններ են ոչնչացվել: Եթե այս ռիթմով դրանք ոչնչացվեն, ապա 20 տարի հետո որեւէ պատմաճարտարապետական կոթող չենք կարողանա արձանագրել եւ չափագրել»: Խոսելով Մոկսի հուշարձանների մասին, Ս. Կարապետյանը հայտնեց. «Պահպանված հուշարձանների հիմնական մասը զարգացած միջնադարից է՝ 13-17-րդ դարերի, վաղ միջնադարյան հուշարձաններ հանդիպում են կոթողների կամ խաչքարերի տեսքով: Նախաքրիստոնեական ժամանակաշրջանից են կիկլոպյան բերդերը: Հատկանշական է Փութկու Սբ. Գեւորգ վանքը, Կճավավանքը՝ Կճավ գյուղի մոտ, Փեսավանքը: Սրանք միտումնավոր քանդված հուշարձաններ են: Դրանք Մոկսում բնակվող քրդերի համար ոչ թե հուշարձան, այլ քարհանք են: Մյուս վտանգը գանձախուզությունն է, որը տենդի պես կա քրդերի մեջ: Ժամանակին Մոկսում բնակվող հայերն այնքան տխմար էին, որ իրենց վաստակը դրամի տեսքով թաղեցին տների պատերի, հողի մեջ, փոխանակ դրանով զենք գնեին եւ պաշտպանեին այդ հողը: Ուստի քրդերը կարծում են, թե այն, ինչ հայկական է, այնտեղ գանձ կա»: Ս. Կարապետյանը նաեւ դիմել է ԿԳ նախարարին այն առաջարկով, որ մեր երկրի ամեն գավառի վերաբերյալ գոնե ճանաչողական բնույթի բրոշյուրներ հրատարակվեն՝ աշակերտների սեղաններին դնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել