Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԼԱՄԱՐՏ

Հունվար 24,2009 00:00

Հիմա թերեւս չեմ էլ կարող ասել, թե ինչու հիշեցի այս պատմությունը, գուցե այն պատճառով, որ երկու օրից սկսվելու է ցուլի տարին, թե՞ մանկությանս օրերի պարզ վերհուշն է միայն: Մեր գյուղի գրասենյակի դիմաց, որի շենքն այլեւս չկա, կով էին մորթել, որը հիվանդացել էր խշխշան պալար հիվանդությամբ, եւ մի օր առաջ սայլի անիվի հանգույն այրել էին նրա փորի մաշկը, բայց օգուտ չէր տվել եւ ստիպված մորթել էին, չնայած, որ գյուղում կովեր չեն մորթում: Ամառնամուտի լուսավոր իրիկուն էր, նախիրը վերադառնում էր տուն՝ ցուլի ահեղ առաջնորդությամբ, եւ անասունների խոնջացած երթն այդ անցնում էր գրասենյակի եւ դարբնոցի արանքով: Մորթված անասունի միսը գյուղացիներն արդեն գնել, տարել էին տուն, եւ ճամփեզրին մնացել էր միայն նահատակված կովի լյարդացած արյունը: Եվ ցուլը հզոր, իրիկվա մեջ փայլփլուն, ծանր մարմնով հանկարծ կանգ առավ, իսկ նախիրը մոլորվեց: Ցուլը հոտոտեց օդը, հետո դանդաղ մոտեցավ-կանգնեց կովի արդեն չորացող արյան առջեւ ու սկսեց փորել հողը եւ զարհուրելի ձայնով բառաչել: Գրասենյակի մոտ կանգնած տղամարդիկ քաշվեցին պատերի տակ, իսկ ցուլը, հոտոտելով արյունը, շարունակ բառաչելով, փորում էր գետինը: Հետո հայտնի չէ, թե ցուլը կանգնած տղամարդկանց մեջ ինչպես ճանաչեց կովը մորթողին՝ գյուղի Արտո անունով երեւելի մսագործին, գուցե նրա մարմնից եկող արյան հոտն էր, չգիտեմ, միայն տեսա, թե ինչպես ցուլը, բոլորին թողած, հարձակվեց նրա վրա: Արտոն սարսափահար կարողացավ մագլցել գրասենյակի պատն ի վեր ու փրկվել հարվածից, բայց ցուլն արնակալած աչքերով փորում էր հողը ու նայում նրան: Հետո արդեն նախրապանները, ցուլի քթին հագցրած օղակից բռնած, մի կերպ տարան, ցուլի հետեւից գնաց նաեւ նախիրը: Չգիտեմ՝ ի՞նչ գաղտնի բնազդ էր կամ գիտություն, որով ցուլը ճանաչեց կովը մորթողին: Եվ երբ թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, մի օր՝ ձմեռնամուտին, Արտոյի ջահել կինը հեռացավ նրանից, եւ գյուղի համար բացվեց ահեղ մի գաղտնիք, որ Արտոն, ցուլից վախենալով, կորցրել էր տղամարդությունը: Եվ նա, որ թվում էր, թե ամենաուժեղն էր եւ գյուղի տղամարդկանց ու կանանց առջեւ անասունի պոզերից բռնած կարողանում էր ոլորել վիզը ու, պառկեցնելով գետնին, մորթել՝ ինչպես ուզում էր, եւ ինքնաբավ էր, բայց այդ օրվանից մնաց մենակ… Հետո արդեն, երբ խորը ձմեռ էր, նա իր տանը հավաքեց անգործությունից թմրած գյուղի տղաներին եւ սկսեց հարբել ու մի օր որոշեց մենամարտի գնալ ցուլի դեմ: Ձյունածածկ սարերի կապտավուն ստվերները աննկատելի իջնում, մոտենում էին գյուղին, երբ ցուլը դուրս եկավ ջուր խմելու՝ ապակու պես թափանցիկ, բարակ սառույցի տակ խոխոջացող առվից: Ցուլը նոր էր սկսել խմել իր ծարավի ջուրը, երբ իր ընկերների հետ նրա դիմաց հայտնվեց Արտոն ու անմիջապես էլ հարձակվելով՝ փորձեց բռնել գլխահակ ցուլի պոզերից. եւ տեղի ունեցավ չտեսնվածը՝ ցուլը բառաչեց՝ մորթված կովի արյան հոտի հիշողությամբ եւ նետելով Արտոյին վերեւ՝ շպրտեց ձյուների վրա: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ ոչ ոք չկարողացավ միջամտել: Արտոն ընկած էր մահացած, իսկ ցուլը բառաչելով շարունակ փորում էր ձյունը…

Հետո արդեն չգիտեմ՝ ում ցանկությամբ, ասում էին, թե Արտոյին լքած կնոջ խորհրդով, նրա գերեզմանին քարից ցուլ քանդակեցին, բայց քանդակն այդ, չգիտես ինչու, նման էր կովի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031