Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծ հայրենասիրություն»

Հունվար 27,2009 00:00

Ընդդիմադիր գործիչների հասցեին իշխանական ճամբարից հնչող մեղադրանքներին այսպես է պատասխանում Հովհաննես Հովհաննիսյանը:

Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ ԵԽԽՎ-ն պարտավոր է Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից. «Սա մեր խնդիրը չէ, այլ արդեն Եվրոպայի, ԵԽԽՎ-ի՝ քաղաքական, միջազգային ինստիտուտի խնդիրն է: Համաեվրոպական արժեքները կամ պիտի լինեն ամբողջ համակարգում, կամ՝ պիտի չլինեն: Կիսատ-պռատ չի կարող լինել: Այդ արժեքները կամ կան, կամ՝ չկան. մարդու իրավունքները կամ պաշտպանված են, կամ՝ պաշտպանված չեն, քաղբանտարկյալներ կամ կան, կամ՝ չկան, իշխանությունը ռեպրեսիա է անում, կամ՝ չի անում: Կիսահղի վիճակ չի կարող լինել»: Իշխանական գործիչները վերջին շրջանում մեղադրում են ընդդիմությանը՝ ստեղծված իրավիճակից օգտվելու, չարախնդալու մեջ: Հովհաննես Հովհաննիսյանն այսպես է հակադարձում այդ ամենին. «Նախ՝ ընդդիմությունը չի ուրախանում եւ չի չարախնդում: Ապա՝ ընդդիմությունը չի հասցրել այս վիճակին: Այդ մարդիկ, որ այդպես խոսում են, հենց իրենք են այս վիճակին հասցրել եւ ոչ թե հանուն հայրենիքի եւ Հայաստանի վաղվա օրվա, այլ հանուն իրենց մի կտոր հացի, պաշտոնի, կերակրատաշտից ավելի շատ օգտվելու: Ի՞նչ կապ ունի ընդդիմությունը: Ընդդիմությո՞ւնն է ընտրությունները կեղծել, «մարտի 1» արել, քաղաքական նպատակներով մարդկանց կալանավորել… Դա իրենց կեղծ հայրենասիրության դրսեւորումներից է: Իրենք միայն իրենց են սիրում, այն էլ՝ շատ»:

ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավարից հետաքրքրվեցինք՝ եթե Հայաստանի պատվիրակությունը զրկվում է ձայնի իրավունքից, Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդն ի՞նչ են ստանում դրանից, այդ պահից սկսած՝ բոլորս գիտակցո՞ւմ ենք, թե ինչ վատ վիճակի մեջ ենք եւ միանգամից ժողովրդավարանո՞ւմ ենք: «Ոչ, այդ պահից սկսած ողջ Եվրոպան եւ արեւմտյան աշխարհը սկսում են հասկանալ, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան՝ կապված ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ, ու աշխարհը սկսում է դրանով ավելի լուրջ զբաղվել. կիրառվում են քաղաքական ու տնտեսական սանկցիաներ: Իհարկե, դրանից տուժում է նաեւ մեր ժողովուրդը: Բայց դրանից մեր ժողովուրդն արդեն հետեւություն պիտի անի՝ թե ինչո՞ւ է ինքն այսօրվա իշխանության պատճառով տուժում: Ինչքա՞ն կարող է ժողովուրդը տուժել՝ հանուն մի քանի մարդու պաշտոնի մնալու: Ժողովուրդը 20 տարի գին է տվել՝ հանուն Հայաստանի, հիմա վերջնական հետեւություն անելու պահն է, եւ կարծում եմ՝ կանի»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: Կարծում եք այդ ամենը կարագացնի՞ Հայաստանում իշխանափոխությունը, հարցին էլ մեր զրուցակիցը դրական պատասխանեց, քանի որ վստահ է, որ ժողովուրդն արդեն հասկացել է, որ նման իշխանությամբ, նման մեթոդներով չի կարելի երկիր պահել:

«Իրենք մտել են մի այլասերված ակոսի մեջ եւ մինչեւ վերջ գնում են՝ ճնշում, ռեպրեսիա: Սրա վերջը շատ վատ է լինելու, բայց իրենց՝ իշխանավորների համար»,- ընդդիմության ակտիվիստների, մասնավորաբար՝ դատավարությունների մասնակիցների նկատմամբ սկսված ոստիկանների հետաքրքրության վերջին ալիքի մասին ասում է Հովհաննես Հովհաննիսյանը եւ ռուսական մի ասացվածք հիշեցնում, որն, ըստ նրա, այս պահին մեր իշխանություններին շատ հարմար է գալիս. «Կուզիկին գերեզմանը կփրկի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել