Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաքունցին տեղեկատվություն տրամադրվել է»

Հունվար 27,2009 00:00

«Սեւցուցակային» արձագանք

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) կողմից հրապարակվող ամենամյա «Սեւ ցուցակում» 2008 թվականին հայտնվեց նաեւ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, ինչը, սակայն, նրա համար անակնկալ էր: Կ. Շահբազյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու ԻԱԿ ներկայացուցչի հետ՝ քննարկելու ցուցակում հայտնվելու պատճառները:

– 2008 թ. նոյեմբերի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկություն ստանալու հարցում է գրել Ձեզ, որում, մասնավորապես, նշել է թվով 11 մարդկանց սպանություններ ու խնդրել տրամադրել տեղեկություններ՝ կատարված սպանությունների բացահայտման նպատակով իրականացված միջոցառումների, դրանց ընթացքի եւ արդյունքի մասին: Եվ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Մ. Մովսիսյանից ստացել է մի գրություն, որով, սակայն, պատասխան չի տրվել վերոնշյալ հարցերին: Ինչո՞ւ պահանջվող տեղեկություններին պատասխան չի տրվել ըստ էության:

– Եթե պահանջվում է կոնկրետ տեղեկատվություն, ես պատասխան եմ տալիս կոնկրետ հարցադրմանը: Ինչ վերաբերում է նշյալ տեղեկություն ստանալու հարցմանը, ապա ընդամենն ինձնից ուզել են տվյալ սպանությունների բացահայտման նպատակով իրականացված միջոցառումների, դրանց ընթացքի եւ արդյունքի մասին, բայց նախաքննության ընթացքում ձեռնարկվող միջոցառումները, դրանց բնույթը հրապարակման ենթակա չեն:

– Այսինքն՝ եթե իրականացված միջոցառումների արդյունքում անձ է ձերբակալվում, չի՞ կարելի այդ տեղեկատվությունը տրամադրել:

– Իհարկե, կարելի է, ավելին՝ որպես կանոն տրամադրում ենք: Բայց մատնանշված քրեական գործերը բացահայտված չեն, իսկ թե կոնկրետ ինչ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ են իրականացվում այդ սպանությունները բացահայտելու համար, ապա դա արդեն նախաքննական գաղտնիք է: Կարեւորում ենք թափանցիկ աշխատանքը, հասարակության առջեւ հաշվետու լինելը, բայց չբացահայտված քրեական գործերով հրապարակել ձեռնարկվող քայլերը՝ նշանակում է վտանգի տակ դնել ամբողջ նախաքննությունը: Ուստի Սաքունցին տեղեկատվություն տրամադրվել է, որ այդ գործերով հարուցվել են քրեական գործեր, որոնք իրականացնում են տարբեր քննչական մարմիններ: Սակայն նախաքննության գաղտնիք է, թե ինչ միջոցառումներ են իրականացվում:

Երկրորդ, նշեմ, որ հարցումն ի սկզբանե սխալ է եղել ձեւակերպված, ավելի ճիշտ՝ հասցեագրված: Մասնավորեցնեմ, օրինակ, Ալբերտ Ղազարյանի սպանության գործը Վանաձորի իրավապահ մարմինների վարույթում չէ, այլ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, ինչի մասին բազմիցս հայտարարվել է: Հետեւաբար, Լոռու դատախազությունն անգամ իրավունք էլ չունի եւ չի կարող տվյալ գործի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել: Այդ գործով տեղեկատվություն կարող է տրամադրել Հատուկ քննչական ծառայությունը, կոնկրետ այդ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը:

Նշված սպանություններից միայն Նորիկ Զալյանի սպանության գործն է Լոռու ոստիկանության վարույթում:

– Այդ դեպքում, ինչպես Տեղեկատվության ազատության օրենքն է նշում, պետք է պատասխանի մեջ նշեիք, թե ո՞վ է տիրապետում տվյալ տեղեկատվությանը եւ հարցում ուղարկողին ուղղորդեիք, թե ում դիմի:

– Այդ առումով, այո, ընդունում եմ, գուցե մեր թերացումն է, որ պատասխանի մեջ չենք նշել, թե տվյալ տեղեկատվությունը ստանալու համար ում դիմի: Եթե դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզում, ապա դրա վերաբերյալ տեղեկություններ ուզել Լոռու դատախազությունից՝ ճիշտ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել