Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Հունվար 27,2009 00:00

Վայոց ձորի տարբեր համայնքներ տարբեր խնդիրներ ունեն, բնակիչները տարբեր հարցեր են կարեւորում, որոնք էլ տարբեր չափով են լուծվում:

Արինում ազգաբնակչության կողմից առանձնակի կարեւորվել էր Արինի խմելու ջրի 6 կմ-անոց արտաքին ցանցի վերականգնման խնդիրը: «2007-ին պետբյուջեից հատկացված 35 մլն դրամի շրջանակներում կատարվել էր աշխատանքների միայն մի մասը, ըստ կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ ավարտի համար անհրաժեշտ էր եւս 98.2 մլն դրամ»,- տեղեկացրեց Արինի համայնքապետ Մ. Ավետիսյանը:

2008-ի օգոստոսի 14-ին, ՀՀ կառավարության թիվ 912 որոշմամբ Արինի խմելու ջրի 6 կմ արտաքին ցանցի վերականգնման համար հատկացվեց եւս 75 մլն դրամ, որի արդյունքում անցած աշնանն արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են:

Ռինդ գյուղում էլ կար խմելու ջրի մատակարարման բարելավման խնդիր: 2007 թվականին պետբյուջեից հատկացված գումարի շրջանակում կատարվել էր ընդամենը 40 մլն դրամի աշխատանք, այնինչ՝ հիմնախնդրի լուծման համար նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված է եղել 108 մլն: ՀՀ կառավարության որոշմամբ, այդ նպատակի համար հատկացվեց եւս 71 մլն դրամ: Ռինդի գյուղապետ Հ. Սահակյանի հավաստմամբ, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն ավարտվել են խմելու ջրի մատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքները, բայց համայնքում դեռ կան այլ հիմնախնդիրներ, որոնք ընդգրկված են առաջիկա քառամյա ծրագրերում:

Թառաթումբի համայնքում խնդիրներ շատ կան, բայց բնակչության համար ամենաառաջնայինը երկար տարիներ մշակույթի տուն չունենալն էր: «Մեր երիտասարդությունը բավականին բարդ իրավիճակում է: Չկա մշակույթի տուն, չկա ուրախ ժամանցի, սպորտային խաղերի անցկացման տեղ: Սոցներդրումների հիմնադրամի պատվերով՝ անցյալ տարի կազմվեցին նախագծանախահաշվային փաստաթղթերը, եւ նախատեսվեց 2008-2009 թթ. լուծել խնդիրը: Համայնքի կողմից աշխատուժի ներդրման, աշխատողների սրտացավության շնորհիվ կարճ ժամանակում՝ դեռեւս աշնանը, ավարտվեցին գյուղի մշակույթի տան շինարարական աշխատանքները, շուտով կավարտենք նաեւ ներքին հարդարումը, որ գարնանից արդեն այստեղ կազմակերպենք հետաքրքիր ժամանցային ծրագրեր ու սպորտային խաղեր»,- ասում է գյուղապետ Գ. Մաթեւոսյանը:

Ծանոթանալով համայնքի զարգացման քառամյա ծրագրերին՝ համոզվում ենք, որ գյուղում իրոք խնդիրներ դեռ շատ կան, ու դեռ կան այնպիսիք, որ անգամ քառամյա ծրագրում չեն ընդգրկվել: Խմելու ջրի մատակարարման բարելավման նպատակով 2007 թ. 70 միլիոն դրամով նորոգվել է արտաքին ցանցը, մնացածը կարվի այս տարի:

Վայքի ազգաբնակչության համար առաջնային խնդիր էր 6.2 կմ ոռոգման ջրատարի վերանորոգումը: Այն անցնում է քաղաքի միջով, եւ անմխիթար վիճակում հայտնված ջրատարից ջուրը լցվում է շրջակա բնակելի շենքերի նկուղներն ու առաջին հարկերը: Խնդրի լուծման համար պետբյուջեից հատկացվել է 30 մլն դրամ: Այսօրվա դրությամբ 15 մլն-ի նորոգման աշխատանքներն ավարտված են: «Մի քանի օրից եղանակները կտաքանան, ու մեր շինարարները ձեռնամուխ կլինեն մնացած աշխատանքներն ավարտելուն: Մեր քաղաքն այսուհետեւ ուզում ենք տեսնել բարեկարգ, մաքուր ու գեղեցիկ»,- ասում է համայնքապետ Հ. Սարգսյանը: Վայքեցիների համար կարեւոր է նաեւ ներքաղաքային Երիտասարդական փողոցի 1.1 կմ-անոց անբարեկարգ հատվածի նորոգումը, որի համար պահանջվում է 130 միլիոն դրամ: ՀՀ կառավարությունը խոստացել է հարցին անդրադառնալ 2010-2011 թթ.:

Առանձնակի կարեւորվում են Ջերմուկի զարգացմանն ուղղված ծրագրերը: Անցյալ տարի փետրվարին պետբյուջեից 590 մլն դրամ հատկացվեց առողջարանային քաղաքում հանգստի գոտու ստեղծման, քաղաքի սանիտարական վիճակի բարելավման ու ճանապարհների կառուցման համար: Աշնանը կատարվել են կենտրոնական մասի լճակների ու իրար կապող գետակների հենապատերի 2006-2007-ից թերի մնացած վերանորոգման աշխատանքները, հիմնվել է Կեչուտ-Ջերմուկ 3.7 կմ ճանապարհը, որը հնարավորություն կտա Կեչուտ թաղամասը կապել քաղաքի Ձախափնյակ թաղամասի հետ:

Վայոց ձորի մի շարք համայնքներում՝ Զառիթափ, Խաչիկ, Հերհեր, Շատին, Սալլի, խմելու ջրի ներքին կամ արտաքին ցանցերի մասնակի վերանորոգում է կատարվել 2007-ին եւ գործն ավարտին չի հասցվել: Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացանք, որ դրանք ընդգրկվել են 2009թ. բյուջեում:

Ջրի խնդիր ուներ նաեւ Մալիշկայի համայնքը: Այստեղ 1970թ. կառուցված խմելու ջրի ներքին ցանցը երբեք չի վերանորոգվել, խողովակաշարերն ամբողջությամբ փտել են: Անհրաժեշտ է կատարել բավականին մեծ աշխատանք: Այս նպատակի համար Ասիական զարգացման բանկը տրամադրել է 21.3 միլիոն դրամ, ինչը, սակայն, բավարար չէ: ՀՀ կառավարությունը խոստացել է հարցին անդրադառնալ նաեւ 2010 թվականին:

Մալիշկայի բնակչությունը բարձրացրել էր նաեւ գյուղի գազիֆիկացման ու մշակույթի տան վերանորոգման հարցերը: Գազիֆիկացման համար անհրաժեշտ 200 միլիոն դրամից այս տարի 30 միլիոնն արդեն հատկացվել է: Մշակույթի տան վերանորոգումը դեռ չի ընդգրկվել այս տարվա ծրագրերում: 2003-ին Սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ վերանորոգվել էր միայն մշակույթի տան տանիքը, սակայն 630 տեղանոց մշակույթի տունը հիմնանորոգման կարիք ունի՝ նախագծանախահաշվային տվյալներով պահանջվում է 286 մլն դրամ:

Այս տարի կսկսվի Ելփինի ոռոգման ջրավազանի վերանորոգումը: «Համայնքի ոռոգման ջրի պակասը լրացնում է 50 հազար խմ տարողությամբ ջրավազանը: Բայց այս վերջին տարիներին կատարվում է ֆիլտրացիա, որի պատճառով ձնհալից առաջացած ջրերը հնարավոր չի լինում ամբարել: Նախատեսված է 25 մլն դրամ, որ կատարվի ջրավազանի վերանորոգում»,- ասում է գյուղապետ Խ. Ավետիսյանը:

Հորսի բնակչի համար կարեւոր է Եղեգնաձոր-Մարտունի մայրուղուց մինչեւ գյուղ հասնող 5.5 կմ ճանապարհի 3.3 կմ-անոց անբարեկարգ հատվածի նորոգումը, որի համար կառավարությունը այս տարի 380 միլիոն դրամ է առանձնացրել:

Եղեգնաձորցիները կարեւորում են քաղաքի Սպանդարյան եւ Նարեկացու փողոցների անբարեկարգ հատվածների նորոգումն ու քաղաքի Միկոյան փողոցի թիվ 16 բազմաբնակարան վթարային շենքի ամրացումը: Այս տարի կառավարությունը անդրադարձել է միայն փողոցների բարեկարգմանը՝ այդ նպատակով կծախսվի 250 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել