Լրահոս
Օրվա լրահոսը

Զեղչեր գյուղապետերի ազգականների՞ն

Հունվար 27,2009 00:00

Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները դժգոհում են զեղչով պարարտանյութ հատկացնելու գործընթացից, իսկ մարզպետարանն այլ պատասխան ունի:

«Այս տարվանից գյուղնախարարությունը դադարեցրել է գյուղացիներին զեղչով պարարտանյութ հատկացնելու ծրագիրը: Կառավարությունում քննարկումներ են գնում այլ կարգի օգնություններ հատկացնելու վերաբերյալ: Մեզ հայտնի չէ, թե գյուղերում ովքեր են պարարտանյութի համար մարդկանց ցուցակագրում, երեւի անհատ սուբյեկտներ են կամ կազմակերպություններ: Եթե կասեն՝ գյուղնախարարության աջակցությամբ ենք անում, թող գյուղացիները չհավատան, դա սուտ է»,- այսպես արձագանքեց գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը «Առավոտի» դիտարկմանը, թե բազմաթիվ գյուղացիներ են դիմել խմբագրություն՝ դժգոհելով զեղչով պարարտանյութ հատկացնելու «բաժանորդագրման» կարգից: Ըստ գյուղացիների՝ ազոտական պարարտանյութի մեկ պարկը զեղչով արժե 6800 դրամ, սակայն գումարը պետք է նախօրոք հավաքվեր՝ մինչեւ դեկտեմբերի 30-ը: «Իրենք էլ գիտեն ինչ գործ են բռնել, ձմեռվա կեսին գյուղացին ի՞նչ պետք է վաճառի, որ պարարտանյութի գումար ունենա: Եթե, իրենց ասելով, գյուղացուն ցանկանում են օգնել, գումարը թող գարնանը հավաքեն: Հազիվ կարողացել ենք 1-2 պարկ ձեռք բերել, բայց դա շատ քիչ է գարնան սեզոնի համար: Մեր փոխարեն գյուղապետերն իրենց ազգուտակով կգնեն, գարնանն էլ կրկնակի գներով մեզ վրա կվաճառեն»,- ասում էին Արմավիրի մարզից մի խումբ գյուղացիներ: Գյուղացիների մտավախությունը առարկայական հիմք ունի, քանի որ նախորդ տարի գյուղատնտեսական աշխատանքների «թեժ» ժամանակահատվածում վրացական ազոտական պարարտանյութի 45-48 կիլոգրամանոց մեկ պարկը շուկայում վաճառվում էր 11-13 հազար դրամով: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը նշեց, որ Արմավիրի մարզպետարանը պայմանագիր է կնքել «Դվին» հոլդինգի հետ՝ ընկերությունը պարտավորվել է արմավիրցիներին շուկայական գներից ավելի էժան պարարտանյութ մատակարարել: «Ես էլ եմ գյուղացի ու գյուղացու դժգոհությունը հասկանում եմ, բայց եթե նայենք գումար ունենալուն, ապա գյուղացին վաճառելու բան կունենա հունիս-հուլիս ամիսներին, այդ սեզոնին իրենց ո՞վ զեղչով պարարտանյութ կմատակարարի: Առանց այդ էլ ընկերությունը լուրջ զիջումներ է արել, նախապես պայմանավորվել էինք, որ մեկ տոննայի համար գյուղացին պետք է վճարի 132 հազար դրամ, սակայն վերջնական պայմանավորվածության արդյունքում կանգնեցինք 126 հազար դրամի վրա, այսինքն՝ 50 կիլոգրամանոց պարկն արժե 6300 դրամ, առանց փոխադրավարձի: Գիտեք, արդեն պետական աջակցություն չկա, սուբսիդիան էլ դադարեցված է»,- ասաց Ա. Այվազյանը: Նրա խոսքերով, «Դվին» հոլդինգը մարզպետարանին տեղեկացրել է, որ հունվարի 1-ից Վրաստանում եւ Ուկրաինայում պարարտանյութի գինը թանկացել է, եւ փետրվար ամսից ընկերությունը գյուղացիներին պարարտանյութ կմատակարարի ավելի թանկ գներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել