Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 27,2009 00:00

Կովկասյան հանդիպում՝ Ստամբուլում

\"\"Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի շրջանակներում երեկ Ստամբուլում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցելու նպատակով, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Ստամբուլ էր մեկնել Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի գլխավորած պատվիրակությունը: Թուրքական կողմից նիստին մասնակցում է արտգործնախարարության Կովկասյան տարածաշրջանի հարցերով խորհրդական Ունալ Չեւիքյոզը: Ռուսաստանն ու Ադրբեջանը ներկայացնում են փոխարտգործնախարարներ Վլադիմիր Տիտովն ու Արազ Ազիմովը: Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությամբ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի օրերին հանդես եկավ պաշտոնական Անկարան: Թուրքական կողմն ակնկալում է, որ պլատֆորմը կնպաստի նաեւ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը (լուսանկարում) թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել էր. «Կարող եմ ասել, որ երբեք այսքան մոտ չենք եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»:

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է, որ 5 երկրների ներկայացուցիչների հանդիպման օրակարգում առավելապես տեխնիկական բնույթի հարցեր են: Ակնկալվում է, որ այս հանդիպումներին մոտ ապագայում կհաջորդեն բանակցություններ ավելի բարձր՝ արտգործնախարարների մակարդակով:

Պուտինը՝ ժամանակակից Շահ Աբա՞ս

\"\"Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր երկրորդ երդմնակալության մեկ տարվա առիթով հանդես եկավ ծավալուն մամուլի ասուլիսով՝ օգտագործելով նաեւ հեռուստատեսության հնարավորությունները: Սահակաշվիլին մասնավորապես նշեց, որ մոտ ժամանակներս Վրաստանում ընտրություններ չեն լինելու: Նա խոստովանեց, որ սխալ է գործել, երբ 2007 թվականին հրաժարական է տվել ընդդիմության պահանջով: «Արդյունքում մենք կորցրել ենք մի քանի միլիարդ դոլար ներդրումներ: Նման փորձության երկիրն այլեւս չի դիմանա»,- ասել է Վրաստանի նախագահը: Մեկնաբանելով իր նախկին զինակիցների՝ Նինո Բուրջանաձեի եւ Զուրաբ Նոգաիդելիի անցումը ընդդիմության շարքեր՝ Վրաստանի ղեկավարը նշեց, որ այժմ պետք չի զբաղվել չկայացած քաղաքական գործիչների աշխատանքի տեղավորելու հարցերով եւ առաջարկեց զբաղվել տնտեսական խնդիրներով. «Փրկելով մեր տնտեսությունը՝ մենք կփրկենք պետականությունը: Իսկ փրկելով պետականությունը՝ մենք վաղ թե ուշ կվերադարձնենք մեր տարածքները»: Սահակաշվիլին անվանեց Վլադիմիր Պուտինին՝ Վրաստանի ոխերիմ թշնամի եւ համեմատեց նրան Պարսկաստանի Շահ Աբաս 2-րդի հետ, որը 17-րդ դարում գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց Արեւելյան Վրաստանը եւ տեղահան արեց հարյուր հազարավոր վրացիների: Վրաստանի նախագահը մեկնաբանեց նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի միջազգային ճանաչման հեռանկարները. մասնավորապես, խոսելով Նիկարագուայի մասին, նա ասաց, որ այդ երկրի նախագահը գիժ է եւ ԿԳԲ-ի դրածո:

Ռուսաստանին ձայնից չեն զրկի

\"\"Երեկ Ստրասբուրգում բացված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հիմնական խնդիրներից մեկն է «Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի հետեւանքների» հարցը, որը քննարկվելու է չորեքշաբթի օրը: Այդ հարցով համազեկուցող են լինելու Հունգարիայի եւ Բելգիայի ներկայացուցիչները: ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը, որը վերջերս այցելել էր Մոսկվա, հայտարարեց, որ Ռուսաստանին վերաբերող թիվ 1633 բանաձեւը այդ երկրի իշխանությունները համարում են անարդար: Դե Պուչն իր ափսոսանքը հայտնեց այն առթիվ, որ Ռուսաստանը չի կատարել այդ բանաձեւի պահանջները, այսինքն՝ հետ չի վերցրել Աբխազիայի եւ Հարվային Օսեթիայի անկախությունը ճանաչելու մասին իր որոշումը եւ դուրս չի բերել իր զորքերն այդ տարածքներից: Ակնհայտ է, որ չորեքշաբթի օրը ԵԽԽՎ-ն պնդելու է, որպեսզի Ռուսաստանը թույլ տա հիշյալ հանրապետություններում եվրոպական դիտորդների ներկայությունը: Այդ պահանջը կա թիվ 1633 բանաձեւում եւ հոլանդացի պատվիրակի՝ «Վրաստանի ու Ռուսաստանի պատերազմի հումանիտար հետեւանքները» զեկույցի մեջ, որը նույնպես կներկայացվի նստաշրջանում: Զեկույցը, վստահաբար, կարժանանա Ռուսաստանի քննադատությանը, թեկուզ իր վերնագրի համար, քանի որ այնտեղ գտնում են, որ այդ երկու երկրների միջեւ պատերազմ տեղի չի ունեցել: Զեկույցում, մասնավորապես, անհանգստություն է հայտնվում վրացիների անվտանգության հետ կապված՝ թե Աբխազիայում, թե Հարավային Օսեթիայում: Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու առաջարկությունները ԵԽԽՎ-ն չի ընդունի, սակայն այդ երկրի նկատմամբ բացասաբար տրամադրված պատգամավորները քննադատելու լայն հնարավորություններ կունենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել