Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 27,2009 00:00

ՎԱՏԻԿԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԼԱՐՎՈՒՄ ԵՆ

\"\"Հռոմի պապ, ազգությամբ գերմանացի Բենեդիկտոս 16-րդը չեղյալ է համարել իր նախորդի որոշումը՝ 4 «ավանդապաշտ» եկեղեցականներին բանադրելու մասին: Իսրայելի եւ հրեական համայնքների զայրույթը առաջացրեց այն, որ այդպիսով կաթոլիկ եկեղեցի է վերադարձել բրիտանացի եպիսկոպոս Ռիչարդ Վիլյամսոնը, որը հայտնի է իր հակասեմիտական հայացքներով: Մասնավորապես, Վիլյամսոնը կասկածներ ունի Հոլոքոստի մասշտաբների վերաբերյալ եւ չի հավատում, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ճամբարներում սպանվել է 6 միլիոն հրեա: «Այո, դա իմ կարծիքն է եւ ես համոզված եմ, որ գազային խցիկներ երբեք գոյություն չեն ունեցել»,- իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է եպիսկոպոսը: Վիլյամսոնը դա ապացուցում է տեխնիկական հաշվարկներով, պնդելով, որ նման բարձրության վառարաններ հնարավոր չէ կառուցել, ինչպես նաեւ՝ հնարավոր չէ դրանց դռները հերմետիկ փակել: «Հակասեմիտիզմը վատ է այն դեպքում, եթե այն գնում է ճշմարտության դեմ, բայց եթե գոյություն ունեն հավաստի փաստեր, այն չի կարող վատը լինել»,- հայտարարել է եպիսկոպոսը: Գերմանիայի հրեական համայնքը այդ առիթով դիմել է դատարան՝ հարցումով, թե կարո՞ղ է, արդյոք, եպիսկոպոս Վիլյամսոնը պատասխանատվության կանչվել, քանի որ Գերմանիայում Հոլոքոստի մերժումը համարվում է հանցագործություն: Իսկ Իսրայելը հասկացնել տվեց, որ Հռոմի պապի նման որոշումն էլ ավելի կսառեցնի առանց այդ էլ ոչ այնքան ջերմ հարաբերությունները այդ պետության եւ Վատիկանի միջեւ:

«ՀԱՄԱՁԱՅՆՆԵՐԻ» ԵՐԹԸ ԱՐԳԵԼՎԵՑ

Սանկտ Պետերբուրգում մի խումբ երիտասարդներ անց են կացրել «համաձայնների երթ», որն առաջին հայացքից ուղղված էր իշխանությանը սատարելուն: «Մենք կողմ ենք սննդամթերքի գնի բարձրացմանը, արտասահմանյան մեքենաների տուրքերի ավելացմանը եւ պատրաստ ենք աշխատել օրը 12 ժամ»,- վանկարկում էին ցուցարարները: Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին մի հսկայական խաչ, որի վրա գրված էր՝ «ճգնաժամ»: Դա, ըստ երիտասարդների, պետք է մարմնավորեր այն բեռը, որը Ռուսաստանի ժողովուրդը պարտավոր է իր վրա տանել: «Համախմբվենք միասնական ջանքերով՝ օլիգարխն ու բանվորը, խոշոր պաշտոնյան ու համեստ ուսուցիչը, կիսվենք բանկերի հետ մեր վերջին ունեցվածքով, Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ժողովրդի փողերով տանկեր եւ ինքնաթիռներ էին կառուցվում, հիմա իշխանությանն ու բիզնեսին է պետք մեր օգնությունը»,- հայտարարում էին ելույթ ունեցողները: Ցուցարարներն իրենց հետ կրում էին վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի նկարները՝ ուղղափառ սրբերի տեսքով: Տեղական պաշտոնյաները թույլատրել էին այդ ակցիան, չենթադրելով, որ երիտասարդներն իրականում ծաղրի էին ենթարկելու իշխանամետ կարգախոսները: Միջոցառման կազմակերպիչներն էին Պետերբուրգի հակաֆաշիստական եւ անարխիստական խմբերը: Միլիցիան միայն կես ժամից հասկացավ, որ ցուցարարներն իշխանական «Միացյալ Ռուսաստանի» երիտթեւի ներկայացուցիչները չեն: Ցույցի բուն իմաստը ըմբռնելուց հետո իրավապահները ցրեցին այն եւ մի քանի երիտասարդի տարան ոստիկանության բաժանմունք:

ՓՈԹՈՐԿԻՑ ՏՈՒԺԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ 24 ՄԱՐԴ

\"\"Հանգստյան օրերին Եվրոպայում մոլեգնում էր վերջին 10 տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորիկը: Տարերքի հիմնական հարվածը բաժին հասավ Ֆրանսիայի հարավ-արեւմուտքին եւ Իսպանիայի հյուսիսին: Բարսելոնի արվարձաններից մեկում մահացավ 4 դեռահաս: Երեխաները փողոցում բեյսբոլ էին խաղում, սակայն որոշեցին անձրեւից եւ քամուց պատսպարվել սպորտային դահլիճում: Քամու ուժգնությունն այդ ժամանակ հասավ ժամում 110 կմ-ի, եւ սպորտդահլիճի շենքը փլուզվեց: Ընդհանուր առմամբ Իսպանիայում մահացել է 12 հոգի: Հիմնականում մարդիկ տուժել են ծառերի՝ մեքենաների եւ շենքերի վրա ընկնելուց: Բացի այդ, տասնյակ հազարավոր մարդիկ Ֆրասնիայում եւ Իտալիայում մնացել են առանց էլեկտրականության: Փոթորկի հետեւանքով մահացել է 8 ֆրանսիացի: Գյուղական շրջաններում մարդիկ թունավորվել են շմոլ գազից, քանի որ էլեկտրականության բացակայության պայմաններում անսարք վառարաններ էին միացրել: Մի տարեց կին մահացել է այն պատճառով, որ առանց էլեկտրականության անջատվել է նրա արհեստական շնչառության ապարատը: Չնայած մեծ տարածություններին, տարերքը հասել է նաեւ Արեւմտյան Վրաստան եւ Թուրքիա: Այստեղ նույնպես խափանվել է էլեկտրականությունը, սակայն մարդկային զոհեր չեն եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել