Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչախումբ՝ հանրակրթական դպրոցում

Հունվար 27,2009 00:00

\"\"«Տարոն» մանկական գուսանական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Չաքմանյանի նոր ձեռնարկը:

«Ես երազում եմ հայկական գուսանական երգերի շարունակողը լինել… Երազում եմ դառնալ երգչուհի՝ ինչպես Օֆելյա Համբարձումյանը», «Ես էլ երազում եմ բժշկուհի դառնալ եւ մարդկանց վիրահատել գուսան Շերամի երգերի հնչյունների ներքո, դեռ քթիս տակ էլ ձայնակցել նրան»: Սրանք Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի ժողովրդական, գուսանական «Կանթեղ» երգչախմբի սաների ցանկություններն են: Օրերս «Առավոտը» այցելեց նրանց:

Դպրոցում երգչախումբ ունենալու անհրաժեշտության մասին զրուցեցինք դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանի հետ: Ըստ նրա՝ «Հայկական ազգային արժեքները կործանման եզրին են: Դեռ դպրոցական նստարանից երեխան պետք է «մտերմանա» իր ազգի արմատներին ու արժեքներին: Հիասթափվում, կսկիծ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես են մեր մանուկները մեծանում անիմաստ բովանդակությամբ երգեր լսելով, պորտապարեր դիտելով: Ցավ եմ ապրում, երբ լսում եմ՝ «ես քո մեղրն եմ, արի ինձ կեր…» եւ նման այլ երգեր»: Ինչպես նշում է Ա. Մուրադյանը՝ «Ազգային, գուսանական երգերի մոլի երկրպագու եմ եւ միշտ ցանկացել եմ, որ իմ դպրոցի պատերի ներսում հնչեն հայկական ժողովրդական երգեր: Որպես հանրակրթական դպրոցի տնօրեն, ինձ պարտավորված եմ համարում բոլոր դեպքերում առաջին հերթին մեծ ուշադրություն դարձնել երեխաների հայեցի դաստիարակությանը: Դրանցից մեկն էլ ժողովրդական երգերի ուսուցումն է»:

2008 թվականի սեպտեմբերին, Ա. Մուրադյանի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Տարոն» մանկական գուսանական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Չաքմանյանի աջակցությամբ, դպրոցում հիմնադրվեց «Կանթեղ» մանկապատանեկան երգչախումբ: Ըստ Գ. Չաքմանյանի՝ «Տիկին Մուրադյանի հետ հանդիպեցի անցյալ տարի ամռանը՝ Արմավիրում անցկացվող հերթական հանրապետական ժողովրդական երգերի փառատոնի փուլերից մեկի ժամանակ: Պարզվեց, որ նա երկար ժամանակ ինձ էր փնտրել հենց այդ՝ դպրոցում երգչախումբ բացելու խնդրանքով»: Ա. Մուրադյանը հավելեց. «Ես հատուկ նրան էի փնտրում, քանի որ նպատակս էր, որ երգչախումբը ղեկավարվեր գուսանական, ժողովրդական երգերի վարպետների՝ կոնկրետ Ռուբեն Մաթեւոսյանին ուսանած սաների կողմից»:

Երգչախմբում ընդգրկված է շուրջ 40 երեխա: «Կանթեղի» սան Հովհաննես Տերտերյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ հայկական գուսանական երգերն իրեն շատ են դուր գալիս: Նրա ընկերը՝ Վաղինակ Կադյանը, պատմեց, որ ամենաշատը սիրում է Սայաթ-Նովայի երգերը, անգամ լողանալիս է Սայաթ-Նովա կատարում: Իսկ երգչախմբի երգացանկը, Սայաթ-Նովայից բացի, համալրվում է Հավասու, Ջիվանի, Շերամի եւ այլ հեղինակների գործերով:

4 ամսական «Կանթեղը» արդեն հասցրել է ելույթներով հանդես գալ էջմիածինցի հանդիսատեսի առջեւ: Ինչպես պարզեցինք Գ. Չաքմանյանից՝ առաջիկայում «Կանթեղը» հանդես կգա երեւանյան մենահամերգով: «Մենահամերգով չենք սահմանափակվի: Ունենք հրավեր Իտալիայից: Լինելով «Մուզիկամունդի» երգչախմբային միջազգային կազմակերպության անդամ՝ հունիսի 30-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հռոմի պապի նստավայրում հնչեցնելու ենք հայկական ժողովրդական, գուսանական երգեր: Իտալիայում մասնակցելու ենք նաեւ հոգեւոր երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնին, որը տեղի կունենա Վատիկանում, ինչի համար այժմ նախապատրաստում ենք երկու եկեղեցական, հոգեւոր երգ: Բացի այդ, ունենք նաեւ հրավերներ մայիսին այցելելու նորից Իտալիա՝ Վենետիկ, Գերմանիա, Մալթա, Հարավային Կորեա»: Միջազգային փառատոներում մասնակցություն ցուցաբերելու համար պետական աջակցության մասին «Տարոն» եւ «Կանթեղ» մանկական գուսանական երգչախմբերի պրոդյուսեր Վահրամ Քոչարյանը շեշտեց. «Պետական աջակցություն կա, բայց շատ քիչ: Օրինակ, Իտալիա չենք կարող 40 հոգուն էլ տանել, քանի որ թե՛ ճանապարհածախսը, թե՛ այնտեղ ապրուստի միջոցը մեր ուսերին է՝ հյուրանոց, սնունդ եւ այլն: Պատրաստվում ենք դիմել մշակույթի նախարարությանը: Ակնկալիքներ, համենայնդեպս, ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել