Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 27,2009 00:00

ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆՆ ՈՒ ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

\"\"Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց 69-րդ եւ կանանց 64-րդ առաջնությունները:

Տղամարդկանց մրցաշարին, որ մեկնարկել էր ավելի շուտ, մասնակցեց 14 շախմատիստ: Նրանց թվում տարբեր պատճառներով չէին մեր առաջատարները՝ Լեւոն Արոնյանը (նա այս օրերին Հոլանդիայում հանդես է գալիս «Corus» միջազգային գերմրցաշարում), Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը: Նրանց բացակայության պայմաններում խաղացված 13 տուրերում 8,5-ական միավոր վաստակեցին գրոսմայստերներ Արման Փաշիկյանը եւ Տիգրան Քոթանջյանը: Սակայն լրացուցիչ գործակիցներով Հայաստանի հանրապետության չեմպիոնի կոչումն առաջին անգամ շնորհվեց Արմանին, որն էլ համալրեց ազգային հավաքականի թափուր՝ հինգերորդ տեղը:

Աղջիկների առաջնությունում 7,5 միավորով հավասարը չունեցավ կանանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը: Նրանից կես միավոր պակաս վաստակեցին նույնպես միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը եւ Աննա Հայրապետյանը: Քանի որ Լիլիթը Հայաստանի կանանց հավաքականի անդամ է, ապա գործող կանոնակարգի համաձայն՝ հավաքական թիմի միակ թափուր տեղը համալրելու էր նրանից հետո լավագույն արդյունքը ցույց տված շախմատիստուհին: Այդ պատվին արժանացավ Սիրանուշը, որ նույնպես լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Աննայից եւ ոչ միայն գրավեց երկրորդ տեղը, այլեւ ընդգրկվեց կանանց ընտրանի:

ԱՌԱՋԱՏԱՐԸ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ Է

Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Corus 2009» գերմրցաշարը: Երեկ մրցաշարի մասնակիցները կրկին հանգստանում էին: Մինչ այդ նրանք անցկացրել են ութ տուր: Վերջին երեքում Լեւոն Արոնյանը միավորը բաժանել է, համապատասխանաբար, Վասիլի Իվանչուկի, Սերգեյ Կարյակինի եւ Լյուկ վան Վելլիի հետ: Իսկ ահա Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը 6-րդ տուրում սպիտակներով հաղթել է Ալեքսանդր Մորոզեւիչին, 7-րդում՝ Վասիլի Իվանչուկին (սեւերով) եւ 8-րդում ոչ-ոքի է արել Յան Սմիթսի հետ: Ութ տուրից հետո Սերգեյ Մովսիսյանը 5,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-5-րդ տեղերը հավասար՝ 4,5-ական միավորով բաժանում են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը, Թեյմուր Ռաջաբովը եւ Լանյեր Դոմինգեսը: Այսօր՝ 9-րդ տուրում, Արոնյանը խաղալու է Գատա Կամսկու հետ, իսկ Մովսիսյանը՝ Սերգեյ Կարյակինի:

Երկու մրցանակակիր

Թբիլիսիում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության փուլում Հայաստանից տատամի մտավ յոթ մարզիկ: Նրանցից առավել հաջող հանդես եկան մինչեւ 73 կգ քաշային Ռոբերտ Վարդանյանը, որը գրավեց 5-րդ տեղը, եւ մինչեւ 90 կգ քաշային կարգը ներկայացնող Հակոբ Առաքելյանը, որը ճանաչվեց յոթերորդը: Հիշեցնենք, որ ձյուդոյում յուրաքանչյուր քաշային կարգում մինչեւ յոթերորդ տեղը ներառյալ համարվում է մրցանակային տեղ:

Նույն ժամանակահատվածում կանանց աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցման էր մասնակցում Անուշ Հակոբյանը, որը հենց մեկնարկային գոտեմարտում պարտություն է կրել եւ դուրս մնացել հետագա պայքարից:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից երեկ մեզ տեղեկացրին, որ մեր դեռահասները (19 հոգի, չորս մարզիչների ուղեկցությամբ) հունվարի 28-ին մեկնելու են Հոլանդիա՝ մասնակցելու այդ տարիքային խմբի միջազգային մրցաշարի:

Լավագույնը Արմեն Նազարյանն է

\"\"Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կայքում տեղադրվել է ըստ քաշային կարգերի մարզիկների համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակը: Հայաստանցի ձյուդոիստ, Եվրոպայի նախկին չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Արմեն Նազարյանն իր՝ մինչեւ 66 կգ քաշային կարգում աշխարհի ուժեղագույնների մեջ չորրորդն է:

Մեր մյուս առաջատար մարզիկի՝ մինչեւ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանի անունը վարկանիշային ցուցակում նշված է 23-րդ հորիզոնականում: 90 կգ քաշային Հակոբ Առաքելյանը 70-րդն է, իսկ 43 կգ քաշային Ղազարոս Գրիգորյանը՝ 104-րդը:

«Փյունիկն» իսկապես վաճառվել է

Օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը վաճառել է իրեն պատկանող «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը գնել է մեկ այլ գործարար՝ Սամվել Ալեքսանյանը, որը մինչեւ 2008 թվականի վերջերը ղեկավարում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Երեկ գործարքի մանրամասներին տեղեկանալու նպատակով զանգեցինք «Փյունիկ» ակումբի մամուլի խոսնակ Վահան Դանիելյանին: Մեզ հետաքրքրում էր նաեւ՝ վաճառվել է միայն թի՞մը, թե՞ ակումբն ամբողջությամբ՝ իր ենթակառուցվածքներով: «Գործարքի մասին պարոն Հայրապետյանը հայտարարել է հեռուստաեթերում,- ասաց նա:- Սակայն մանրամասներից տեղյակ չեմ ու լրացուցիչ ոչինչ չեմ կարող ասել: Մի փոքր սպասեք: Մենք մտադիր ենք առաջիկա օրերին այդ առիթով մամուլի ասուլիս հրավիրել: Այդ ժամանակ էլ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը կստանաք»:

Ասենք նաեւ, որ ըստ Վահան Դանիելյանի՝ «Փյունիկը» հունվարի սկզբին ուսումնամարզական հավաքի է մեկնել Սոչի:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ

ՀՀ արտգործնախարարության եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ Մոսկվայում կտեղադրվի շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշատախտակը: Դրա տեղադրման թույլտվություն ստանալը բարդ գործընթաց է եղել, սակայն Մոսկվային իշխանությունն ընդառաջ է գնացել հայկական կողմի նախաձեռնությանը:

ԼՊՈՒՏՅԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է

«Regnum» լրատվական գործակալությունն իր կայքէջում երեկ մեջբերել է ՀՇՖ փոխնախագահ Սմբատ Լպուտյանի մտքերը, որ նա արտահայտել է երեկ՝ կապված Վեյկ ան Զեեում Լեւոն Արոնյանի ունեցած մրցելույթների եւ այս տարվա ավարտին շախմատային կյանքում նրա կատարելիք դերի հավանականության աստիճանի մասին:

«Լեւոնը ութ տուրից հետո 4,5 միավորով բաժանում է 2-5-րդ հորիզոնականները՝ կես միավորով ետ մնալով Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանից,- ասել է նա:- Ընդ որում, նա կարող էր ավելի լավ ցուցանիշ ունենալ, եթե նախորդ օրը առավելության հասներ Լյուկ վան Վելլիի նկատմամբ: Սակայն գերադասեց բավարարվել ոչ-ոքիով»: Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը չի բացառում նաեւ, որ Հայաստանի լավագույն շախմատիստին այս տարի կհաջողվի աշխարհի չեմպիոն դառնալ: «Ես հույս ունեմ, որ Արոնյանը կկարողանա այս տարի շախմատային օլիմպոսի գագաթ բարձրանալ, թեեւ գիտակցում եմ, որ դա անելն անչափ դժվար է»,- եզրափակել է Ս. Լպուտյանը:

ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պարգեւներ է հանձնել Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունների հաղթողներին, ինչպես նաեւ հանրապետությունում մարզաձեւի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ մի խումբ վետերանների:

Երեկ կայացել է նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարեկան ընտրական համաժողովը, որտեղ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է ֆեդերացիայի նախագահ:

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՌՄԲԱՐԿՈՒ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտզալի Երեւանի «Պոլիտեխնիկ» ակումբի խաղացող Կարեն Միքայելյանը ճանաչվել է 2007/2008 թթ. եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի համար սահմանված «Ոսկե խաղակոշիկ» մրցույթի երկրորդ ռմբարկու: «Umbro European Futzal Gwlden Shoe»ի ամենամյա մրցույթում Կարենից առաջ եղել է միայն Ռուսաստանի «ՏՏԳ-Յավաե» ակումբի բրազիլացի լեգեոներ Էդեր Լիման:

Էջը պատրաստեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել