Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՉԱՓ ԾԱՆՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ

Հունվար 28,2009 00:00

Հերթական հանգստի օրվանից հետո Վեյկ ան Զեեում ընթացող շախմատի «Corus 2009» 19-րդ կարգի գերմրցաշարի մասնակիցները երեկ պայքարը վերսկսեցին 9-րդ տուրում:

\"\"Մասնագետների գնահատմամբ՝ օրվա կարեւորագույնը Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանի եւ ամերիկացի Գատա Կամսկու միջեւ պայքարն էր, որում Արոնյանը խաղում էր սեւերով: Չգիտենք, թե մրցակիցները ժամացույցն աշխատելուց առաջ միմյանց շնորհավորեցի՞ն լուսնային օրացույցով նախորդ գիշեր սկսված արեւելյան նոր տարին, թեեւ դա մարզական առումով այնքան էլ կարեւոր չէր:

Կամսկի-Արոնյան հակամարտությունը հետաքրքիր էր նրանով, որ նախ՝ ամերիկացին նախորդ տուրից հետո ընդամենը կես միավորով էր ետ մնում Լեւոնից, ինչը սուր մրցապայքար էր ենթադրում: Ապա՝ Կամսկին այս մրցաշարում ներկայումս աշխարհի թագի համար պայքարը շարունակող միակ մրցակիցն է: Նա արդեն փետրվարին մրցամարտ ունի անցկացնելու Վեսելին Տոպալովի հետ: Հանգամանք, որն, անկասկած, նրա լիովին ինքնադրսեւորումը սահմանափակում է Վեյկ ան Զեեում՝ թույլ չտալով բացահայտել մոտ ապագայի համար իր մշակած սկզբնախաղային մտահղացումները, որոնցից լավագույններն, անկասկած, նա պահում է Տոպալովի համար: Այնպես որ, Գատա Կամսկին Հոլանդիայում պարզապես հարկադրված է օգտվել իր հին զինանոցից:

Նրանց պայքարը տեւական, շատ ծանր, բայց նաեւ անչափ դիտարժան ստացվեց: Լեւոնն առանց շտապելու աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը եւ արդեն 55-րդ քայլում մասնագետների միահամուռ կարծիքով Կամսկին պարտությունից խուսափելու որեւէ հեռանկար չուներ: Բայց ամերիկացին շարունակում էր համառորեն պաշտպանվել: Մյուս բոլոր պարտիաները վաղուց ավարտվել էին, իսկ նա համառորեն փրկություն էր որոնում: Այդպես տեւեց մինչեւ 80-րդ քայլը, երբ սեւերի զինվորի՝ թագուհու վերածվելու սպառնալիքի տակ Գատա Կամսկին իրեն պարտված ճանաչեց:

Երեկ Վան Վելի-Իվանչուկ, Մորոզեւիչ-Ռաջաբով, Սմիթս-Վան Յուե, Ադամս-Կարլսեն պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ: Կարյակին եւ Դոմինգեսը, համապատասխանաբար, առավելություն հասան Մովսիսյանի եւ Ստելվագենի նկատմամբ:

Հագեցած տարի է լինելու

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբերի առաջնությունների ավարտից հետո մարզաձեւի ազգային հավաքականները վերջնականապես համալրվեցին: Տղամարդկանց հավաքականի թափուր տեղը լրացրեց հանրապետության նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը, իսկ կանանցը՝ արծաթե մեդալը նվաճած Սիրանուշ Անդրիասյանը:

Հաղթողները որոշվեցին, բոլոր մրցանակակիրներն էլ իրենց արժանի մրցանակներն ստացան: Հետաքրքիր է, նրանք՝ ազգային հավաքականների հին ու նոր անդամները, ընտրանիների կազմում եւ որպես անհատ շախմատիստներ 2009 թվականին ի՞նչ ծրագրեր ունեն: «Առավոտի» այս հարցին պատասխանեց ՀՇՖ գործադիր տնօրեն եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տան տնօրեն Հրաչյա Թավադյանը:

«Թերեւս, առաջիկա պաշտոնական լուրջ մրցումները մարտ ամսին կայանալիք Եվրոպայի անհատական առաջնություններն են,- ասաց նա:- Տղաները հանդես են գալու Բուդվայում (Չեռնոգորիա), իսկ աղջիկները՝ Սանկտ Պետերբուրգում: Մեր տղաներից այդ մրցաշարում հանդես գալու իրավունք ունեն ոչ միայն հավաքականի անդամները: Բացի Լեւոն Արոնյանից, հնարավոր է, հանրապետության բարձրագույն խմբի 69-րդ առաջնության հինգ առաջին տեղերը զբաղեցրած շախմատիստներին էլ տեսնենք այնտեղ:

Դրան կհետեւեն աշխարհի թիմային առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարը նշանակված է Թուրքիայում, իսկ կանանցը, եթե չեմ սխալվում, Չինաստանում:

Հաջորդ պաշտոնական մրցումը աշնանը Նովի Սադում կայանալիք Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնություններն են:

Կարելի է առանձնացնել նաեւ փետրվարի 16-25-ը Մոսկվայում կայանալիք «Aeroflot Open» ավանդական միջազգային մրցաշարը, որին այսօրվա դրությամբ մասնակցելու ցանկություն է հայտնել մեր ուժեղագույն գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը: Այնտեղ հանդես կգա նաեւ հանրապետության հավաքականի անդամ, Դրեզդենի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն թիմի անդամ Տիգրան Պետրոսյանը:

Մրցաշրջան 2009-ը հագեցած է լինելու տարբեր պատասխանատու մրցաշարերով, որոնց մեր շախմատիստների մասնակցելու հավանականությունն ու հնարավորությունը դեռ վերջնականապես որոշված չէ»:

 

«Ճուտիկ Արսեի հավկիթները»

Վիկ Դարչինյանն իր առաջին մարզիչ Վազգեն Բադալյանի օգնությամբ մոտ մեկ ամիս ԱՄՆ-ում նախապատրաստվում է մեքսիկացի Խորխե Արսեի հետ մենամարտին:

\"\"Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սիրահարներն անհամբերությամբ են սպասում փետրվարի 7-ին Անահայմում կայանալիք գերթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, WBA/

WBC/IBF վարկածներով տիտղոսների տիրակալ, վանաձորցի Վախթանգ Դարչինյանի եւ մեքսիկացի Խորխե Արսեի միջեւ կայանալիք մենամարտին:

Բռնցքամարտիկներն արդեն բավականին տեւական ժամանակ է, ինչ պայքարն սկսել են: Ճիշտ է, առայժմ միայն փոխադարձ խոստում-հայտարարություններով, սակայն որքան մոտենում է խոսքը գործով ապացուցելու օրը, լարվածությունը ժամ առ ժամ մեծանում է:

\"\"Հունվարի 25-ին Լոս Անջելեսում երկու բռնցքամարտիկների համար համատեղ մամուլի ասուլիս էր կազմակերպվել: Վիկը պարտաճանաչ ներկայացել էր: Բայց մեքսիկացին ինչ-ինչ պատճառով չէր եկել: Սակայն ուղարկել էր երկու հավկիթ, որոնք «Վիկին կարող էին օգնել ռինգում»: Դարչինյանը, հասկանալի է, հենց տեղում պատասխանել է, ներկա լրագրողներին հայտարարելով, որ այդ հավկիթները, անկասկած, ածել է դեռեւս ճուտիկ Արսեն: «Միայն մի պատճառ կա, որի համար Արսեն չի ներկայացել ասուլիսին,- ասել է Վիկը:- Նա վախեցած է: Արսեն լավ բռնցքամարտիկ է եւ լավ նոկաուտ անող: Բայց փետրվարի 7-ին ես ցանկանում եմ յուրաքանչյուր կասկածողի ապացուցել, որ երկու դեպքում էլ ես ավելի լավն եմ: Բոլորիդ խոստանում եմ, որ այդ օրը ես նրա հետ անելու եմ այն, ինչ արեցի Միխարեսի հետ: Չեմ աշխատելու հենց սկզբում նոկաուտ անելով հաղթել, այլ անընդհատ խոցելու եմ, հետո թողնելու եմ վերականգնվել: Ու այդպես բազում անգամներ: Եվ միայն վերջում Արսեին հատակին կտապալեմ: Ես նրանից լուրջ դիմադրություն չեմ սպասում: Ես նրան ոչնչացնելու եմ»։

Մեր վերջին տեղեկություններով, Վիկի մարզումները հատկապես վերջին օրերին խիստ արդյունավետ ու նպատակային են: Իր առաջին մարզիչ Վազգեն Բադալյանի աջակցությամբ, որի ներկայության ու խորհրդի կարիքը զգում է պատասխանատու մենամարտերին նախապատրաստվելու ընթացքում, նա ձեռնամուխ է եղել արդեն մարզումային մենամարտերի անցկացմանը: Եվ որպես մրցակիցներ հրավիրել է իրենից բարձր քաշային կարգ ներկայացնող բավականին լուրջ բռնցքամարտիկների: Վերջիններս արդեն հասցրել են հայտարարել, որ Վախթանգի հաղթանակին չեն կասկածում:

Ռինգում Վիկի մականունը «Կատաղի ցուլ» է: Հետեւաբար, 2009 թվականը նրա տարին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել