Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍԵՆՅԱՆ ԴԵՄ Է ԱՂԱՆԴՆԵՐԻՆ

Հունվար 28,2009 00:00

Ըստ նրա՝ երկրի ղեկավարությունը պետք է մտածի օրեցօր ավելացող աղանդավորների մասին

«Ես ծնված եմ աղանդավոր գուշակի դեմ պայքարելու համար: Ունեմ իմ հիմունքները՝ իմ ձեւով դրանց դեմն առնելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գնչուհի Եսենյան: Նա մտահոգված է Հայաստանում օրեցօր սնկի պես աճող, դեռ պետական գրանցում էլ ստացող աղանդավորական շարժումներով, խմբակներով: Նրա ձեւակերպմամբ. «Աղանդավորությունը ստեղծված է քրիստոնեությունը քայքայելու համար: Մարդիկ հավատը կորցնում են Աստծո, քրիստոնեության հանդեպ, հեռանում են քրիստոնեությունից, եկեղեցուց: Երկրի ղեկավարությունը պետք է մտածի այդ մասին»: Նրա խոսքով՝ բազմիցս փորձել է հեռուստատեսությամբ, մամուլի միջոցով խոսել աղանդավորության եւ վերջինիս հետեւանքների մասին. «Աղանդավորությանը վերաբերող հատվածը միշտ կտրել, մոնտաժ են արել, եւ թողել նույն, 1000 անգամ ասված եւ մեկնաբանված գուշակության թեման»:

Խոսելով աղանդավորության բացասական ազդեցության մասին՝ գնչուհին փաստում է. «Աստվածաշունչը մեկն է: Ամեն ազգ իր ձեւով այն գրել է, եւ բոլորի բովանդակությունն էլ նույնն է: Այսօր միլիոնավոր աղանդավորական խմբեր կան ու բոլորի ձեռքին էլ Կտակարան կտեսնես՝ հին, թե նոր: Բայց այդ կտակարանների բովանդակությունը նույնը չէ, դրանք ուրիշ բան են քարոզում: Դրանք դարեր շարունակ գալիս ու կորչում են, իրենց հետ էլ պղծում Աստվածաշունչը՝ մեջը ոչինչ չթողնելով: Աստվածաշնչում գրված է՝ կգա մի ժամանակ, որ իմ անվան տակ, իմ կերպարանքով ձեզ կմոլորեցնեն… Գրված է նաեւ, որ գուշակությունը սատանայություն է: Հա՛, ես էլ եմ ասում, որ գուշակությունը սատանայություն է, հեռու մնացեք դրանից, այն յոթ պորտ անեծք է բերում՝ չբերություն, չարություն, հիվանդություն, մահ ու այս անեծքները բերում է հենց աղանդավորներին, գուշակներին: Հիմա կասեք ես ինչո՞ւ եմ գուշակություն անում՝ պատասխանեմ, գոյություն ունի սպիտակ եւ սեւ մագիա: Ես սպիտակ մագիայով եմ զբաղվում: Ապացուցելու համար տամ մի քանի հարցերի պատասխաններ, որոնք նույնիսկ Աստվածաշունչը չի տալիս, մարդկությունն էլ չգիտի: Հիմա կասեք, եթե մարդկությունը դրանց պատասխանը չգիտի, ապա ես որտեղի՞ց գիտեմ՝ ինձ դա փոխանցվել է… Աստվածաշունչն ասում է՝ գուշակությունը սատանայություն է, բայց դրա հետ մեկտեղ ասում է՝ Քրիստոսն իմացավ, որ իրեն պիտի դավաճանեն… Բա նախօրոք իմանալը գուշակել չէ՞»:

Տիկին Եսենյան զայրանում է, որ Աստվածաշնչում գուշակի կողքին հիշատակված չէ աղանդավորների անունը. «Երկրի վրա գոյություն ունեն միասեռություն, մարմնավաճառություն, մանյակներ, մարդակեր գազաններ, շառլատաններ: Սրանցից ո՞ր մեկն է Աստծուն ընդունում… Գուշակն ու աղանդավորը տակը մնաց, որոնցից միայն գուշակի մասին է Աստվածաշունչը գրում: Աղանդավորի մասին չի գրում, բայց աղանդավորը գուշակից վատն է: Աղանդավորն ու գուշակը սատանային ուժ են տալիս: Նրանք Աստծո անվան տակ սատանայի գործակալներն են»: Համեմատելով Աստվածաշնչի եւ աղանդավորության քարոզները՝ տիկին Եսենյան ընդգծում է. «Աստվածաշունչն ասում է՝ ինձ մի փնտրեք տներում, ես ամենուր եմ: Իսկ տներով ո՞վ է փնտրում՝ աղանդավորն ու գուշակը: Աղանդավորն էլ ասում է՝ 3 հոգուց ավելի հավաքվեցիք՝ Քրիստոսն այդտեղ է: Չգիտես որ մեկին հավատաս՝ առաջինի՞ն, թե՞ երկրորդին: Աստվածաշնչի մեջ գրված է՝ դուք, դեռ չծնված, ձեր մոր արգանդում արդեն մեղավոր էիք: Մտածում ես՝ ես, դեռ չծնված, ինչո՞ւ պիտի մեղավոր լինեմ մորս արգանդում: Երբ հարցնում ենք աղանդավորին ու տերտերին, ասում են՝ Ադամն ու Եվան խնձորը քաղեցին ու կերան, դրա համար էլ մենք մեղավոր ենք: Հիմա ես պատասխանեմ. մենք իսկապես մեր մոր արգանդի մեջ մեղք ենք գործում: Մայրը մեզ կյանք է տալիս, իսկ մենք իրեն Քրիստոսի տանջանքներից առավել՝ երկունքի ցավեր: Մայրն իր կրծքից մեզ կաթ է տալիս, մենք ուտում ենք՝ վերք անում… Հեռու տնից-տեղից, եթե մայրը ծննդաբերության ժամանակ մահանա՝ մեղավորը կրկին մենք ենք»: Մեր զրուցակցի խոսքով՝ Աստված մարդուն ամեն ինչ թույլ է տալիս, բայց իր չափի մեջ. «Նույնիսկ մեղք գործել է թույլ տալիս: Օրինակ՝ եթե տունդ մտնի մեկը ու քո աչքի առաջ մորդ, երեխուդ, կնոջդ պղծի ու սպանի, դու պիտի կանգնես ու նայե՞ս: Մի բան էլ դու ձեռքդ կվերցնես ու տեղնուտեղը կվերացնես, չէ՞: Եհովայի վկաները քարոզում են քրիստոնյա տղամարդուն, որ զենք չվերցնի, դե, կանգնիր ու նայիր ու թույլ տուր ընտանիքդ վերացնեն: Սա ապացուցում է, որ Եհովայի վկաները սատանայի կողմից ուղարկված գործակալներ են: Ինչպե՞ս կարելի է դրանց պետականորեն ընդունել»: Գնչուհին մեկնաբանում է նաեւ Եհովայի վկաների եւ առհասարակ աղանդավորների շրջանում տարածված ինքնասպանությունները. «Աստված ինքնասպանություն չի ընդունում: Աստված է մեզ կյանք տվել, նա էլ պետք է մեզանից վերցնի: Այն մարդն է ինքնասպանություն գործում, որը դառնացած, չարացած է կյանքից ու կորցրել է հույսն ու հավատը Աստծո նկատմամբ: Այս մարդն իր հոժար կամքով Աստծուց երես է թեքում՝ իր հոգին տալով սատանային: Ինքնասպանություն գործելով՝ մարդը սատանայի կյանքը երկարացնում է… Աղանդավորական խմբեր կան՝ իրենք իրենց են սպանում, խմբեր կան, որ բուժումներ չեն ընդունում: Որտեղ էլ ինքնասպանություն չկա՝ հոգեկան հիվանդներ են արտադրում…»:

Մեր զրուցակիցը շեշտում է, որ աղանդավորական խմբերի միակ նպատակն իրենց շարքերում շատ մարդկանց ներգրավելն է, դրանցից փող կորզելը եւ մարդու ուղեղի մեջ սատանայի հանդեպ վախ առաջացնելն է. «Մաքուր սրտով մարդն ընկնում է նրանց ձեռքը, այնքան են ուղեղի մեջ «կաթացնում», թե սատանայից պիտի վախենաս, որ մարդը կորցնում է սատանային վանելու իր նախկին ունակությունը: Սատանան էլ, որ միշտ շրջում է աղանդավորական խմբերում, նկատելով, որ իրենից վախեցող կա, հայտնվում է եւ սկսում տանջել: Բժիշկներն էլ չեն հավատում, որ սատանա կա, գրում են շիզոֆրենիկ՝ ուղարկում գժանոց: Այդ մարդն էլ նորմալ մարդ է, ուղղակի անընդհատ կրկնում է՝ փրկեք ինձ սատանայից: Խեղճը, տեսնելով, որ նույնիսկ հարազատ մայրն իրեն չի հավատում, ստիպված ինքնասպան է լինում՝ սատանայից փրկվելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031