Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՄԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԵԹՈԴ

Հունվար 29,2009 00:00

Ճապոնիայում արդեն երեք տարի է, ինչ հոգեբուժարանների հիվանդների նյարդերը ներարկումներով, դեղահաբերով հանգստացնելուց բացի, բժիշկները կիրառում են մի նոր մեթոդ, որի գաղափարը վերջիններիս տվել են ամերիկացի հոգեբույժները: Հոգեբուժարանների միջանցքներում տեղադրված էկրանների շնորհիվ հոգեկան հիվանդներին օրական երեք անգամ մեկական ժամով հնարավորություն է ընձեռված «վայելել» էրոտիկ ֆիլմեր: Տեղի հոգեբույժները տարիներ շարունակ կատարած փորձարկումներից հետո եկել են այն եզրահանգման, որ երբ հոգեկան հիվանդը դիտի էրոտիկ կադրեր՝ նրա մոտ կսկսվեն ֆիզիոլոգիական պրոցեսներ, ու նա այդ կերպ կազատվի կուտակված էներգիայից ու ագրեսիայից:

Մեթոդը փորձարկելու համար բժիշկները տարբեր հոգեբուժարաններում բուժվող 100 հիվանդի հարազատների հետ կնքել են հատուկ պայմանագրեր, ըստ որի՝ յուրաքանչյուր հիվանդի փորձարկման ենթարկելու համար վերջինիս հարազատները ստացել են $ 30 000: Պայմանագրի համաձայն՝ հոգեբույժները չեն բացառել, որ հիվանդները, ֆիլմերը դիտելիս, ցանկանան իրականացնել իրենց տեսածը: Փորձարկումը բարեհաջող անցնելուց հետո՝ էրոտիկ ֆիլմերով հոգեկան հիվանդներին բուժելու մեթոդը կիրառվել է Ճապոնիայի գրեթե բոլոր հոգեբուժարաններում:

Հինգ ամերիկյան եւ երեք ճապոնական հոգեբուժարանների տնօրենների միջեւ 2008թ. կնքվել է մի պայմանագիր, ըստ որի՝ Ամերիկայի ամենախոշոր նահանգների հոգեբուժարաններից 3 ամսով 600 հիվանդ, բուժման կուրս անցնելու նպատակով, տեղափոխվելու է Ճապոնիա: Ամերիկացի բժիշկները եւս որոշել են կիրառել հաջողված մեթոդը, որի գաղափարը հենց իրենցն էր, սակայն մինչ այսօր ամենամեծ հոգեբուժարանների տնօրենները դեռ չեն համաձայնել ու բուժման տվյալ մեթոդն անիմաստ են համարել: Բացի այն, որ ճապոնացիները հոգեկան հիվանդների բուժման համար ընտրել են էրոտիկ ֆիլմերի մեթոդը, նրանք նաեւ սկսել են դպրոցների տնօրենների հետ բանակցություններ վարել, որ 11 տարեկանից բարձր երեխաները եւս «օգտվեն» այդ «բարիքից»: Հոգեբույժների կարծիքով՝ այս կերպ երեխաները ոչ միայն կստանան սեռական դաստիարակություն, կկարողանան պաշտպանվել, երբ ինչ-որ մեկն իրենց նկատմամբ փորձի խաբեությամբ սեռական բնույթի գործողություններ կիրառել, այլեւ, որն ամենակարեւորն է, նրանք մինչ չափահաս դառնալը կիմանան, թե երբ ու ինչ կարող են անել: Այս հոգեբույժների կարծիքին չհամաձայնելով եւ հակադրվելով՝ ճապոնացի հոգեբանների մի խումբ դպրոցների տնօրեններին ու ծնողներին խորհուրդ է տվել արգելել, թույլ չտալ, որ երեխաները դպրոցներում էրոտիկ ֆիլմեր դիտեն: Ըստ հոգեբանների՝ այդ կերպ կաղավաղվեն երեխաների մանկական երազանքները, կշեղվեն նրանց մտքերն ու չի բացառվում, որ տարբեր հիվանդություններ ձեռք բերեն՝ հատկապես արական սեռը:

Ճապոնացի հոգեբանների այս կարծիքին համաձայն են նաեւ հայ հոգեբանները: Ըստ մեր հոգեբանների՝ էրոտիկ ֆիլմերի դիտումը վնասակար է դեռահասների առողջությանը: Այս առիթով հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է. «Երբ դեռահաս տղան էկրանին ականատես է լինում սեռական հարաբերության, նա ոչ անմիջական, բայց հոգեբանորեն մասնակից է դառնում դրան: Բնականաբար, նրա մոտ տեղի են ունենում ֆիզիոլոգիական պրոցեսներ: Տեսնելով պոռնոգրաֆիկ ֆիլմերը, որոնք միայն ագրեսիա են պարունակում, այնտեղ բացակայում է սեր հասկացությունը, դեռահասը, դուրս գալով փողոց, կին արարածին ընկալում է իբրեւ սեքսի միջոց, նույն ագրեսիվ բովանդակությամբ, ինչ տեսել է ֆիլմում»: Նկատենք, որ ամբողջ աշխարհում վաղուց արդեն տարանջատում են էրոտիկան պոռնոգրաֆիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել