Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿԵՔ ՆԱԵՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԸ

Հունվար 30,2009 00:00

\"\"Այս միջոցը երեկ առաջարկեց ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով՝ ֆինանսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար:

ԵԽԽՎ-ն երեկ հրատապ քննարկում էր ծավալել «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները» զեկույցի շուրջ, որի կապակցությամբ ընդունվեց բանաձեւ: Դրա վերնագիրը քննադատության արժանացավ, ասենք՝ ռուս պատվիրակ Նատալյա Բուռիկինան ելույթում նշեց, թե քննարկում են հետեւանքները մի ճգնաժամի, որը դեռ չի ավարտվել: Մեկ այլ ելույթ ունեցող՝ Վիկտոր Պլեսկաչեւսկին մեջբերեց մասնագետների կարծիքը, թե առաջիկա 1-1,5 տարում այս խնդիրը չի լուծվելու: Ինքը՝ զեկույցի հեղինակ ֆինն պատգամավոր Կիմմո Սասին էլ ելույթում նկատեց, թե պատճառներ կան մտածելու, որ ճգնաժամը երկար ու խորը կլինի: Զեկուցողի եզրակացության համաձայն՝ այս ճգնաժամը լուրջ անկում է արձանագրել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում, եւ ամեն օր ավելանում է տագնապալի վիճակագրությունը նվազող սպառման, արտադրության եւ ներդրումների ու ավելացող գործազրկության մասին. «Այս ամենը հնարավոր սպառնալիք է կառավարությունների վստահելիությանը»:

Այս զեկույցի վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը, սակայն նա չարեց այն հայտարարությունները, որոնք սիրում է պնդել Հայաստանի վարչապետը, թե մենք հաջողությամբ դիմակայել ենք ճգնաժամի առաջին փուլին, իսկ այս փուլում հնարավոր է՝ մեր տնտեսությունը ավելի հրապուրիչ դառնա եւ այլն: Հերմինե Նաղդալյանը հակառակը՝ հայտարարեց, թե ճգնաժամի հետեւանքները բոլորն էլ զգում են, եւ խոսեց, թե իշխանությունն այս պայմաններում սոցիալապես պատասխանատու պիտի լինի, փոքր եւ միջին ձեռնարկությունները պաշտպանելու քաղաքականություն պիտի վարվի եւ այլն:

Զեկույցում էլ է նշված, թե ճգնաժամի պայմաններում առավել ուշադրություն պիտի դարձվի առավել խոցելի խավերին, եւ որ սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունը պետք է դառնա գլխավոր գերակայություն:

Դառնանք ընդունված բանաձեւին: Այստեղ ԵԽԽՎ-ն ծայրահեղ մտահոգություն է արտահայտում «այն կործանարար ազդեցությամբ, որ ֆինանսական ճգնաժամը եւ նրա տնտեսական հետեւանքներն ունեն Եվրոպայի եւ աշխարհի քաղաքացիների կենսապայմանների վրա, ինչը կարող է վտանգել ժողովրդավարության հիմքերը»:

Վեհաժողովը համոզմունք է հայտնում, որ հարկավոր են «ուժեղ եւ արդյունավետ միջոցներ՝ անկումը մեղմացնելու համար»: Ի դեպ, քննարկման ընթացքում Ռուսաստանի պատվիրակության անդամ Ալեքսանդր Պոչինոկն ասաց, թե ոչ ոք չի կարող նստած սպասել, որ ինչ-որ մեկն իր փոխարեն լուծումներ պիտի գտնի ճգնաժամից դուրս գալու համար: Սա՝ ի գիտություն մեր կառավարության, որը նաեւ ՌԴ-ից է օգնություն խնդրում ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար:

ԵԽԽՎ ընդունած բանաձեւում նշվում է, թե ֆինանսական համակարգի բարեփոխումները կարող են հաջողակ լինել, եթե դրանք հաշվի առնեն մասնավորապես հետեւյալ սկզբունքները. նախ՝ պիտի ավելացվի զբաղվածության աստիճանը՝ տնտեսությունը խթանելու միջոցով: Հետո՝ շուկաները եւ ֆինանսական արտադրանքը պիտի դարձվեն ավելի թափանցիկ, որ ավանդատուներն ավելի լավ տեղեկացված լինեն հնարավոր ռիսկերի մասին: Բացի այդ՝ առաջարկվում է, որ ավելի ակտիվ խորհրդարանական վերահսկողություն լինի ազգային եւ համաեվրոպական մակարդակով, ֆինանսական շուկաների կարգավորման եւ պատասխանատվության կանոնների նկատմամբ: Ի դեպ, Վիկտոր Պլեսկաչեւսկին նաեւ առաջարկեց, որ ԵԽԽՎ-ն էլ ստեղծի հատուկ մարմին:

ԵԽԽՎ այս բանաձեւում նշված է, թե օֆշորային «հարկային օազիսներն էլ» չպետք է խուսափեն ֆինանսական համապատասխան վերահսկողությունից: Իսկ կառավարություններին ԵԽԽՎ-ն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ չնայած ֆինանսական դժվարություններին՝ «քաղաքացիների սոցիալական, տնտեսական եւ մարդու իրավունքները պետք է երաշխավորված լինեն՝ ժողովրդավարության հիմքերը չսասանելու համար»: Ըստ այս բանաձեւի՝ ԵԽ անդամ պետությունների կառավարությունները պետք է անեն հնարավորը, որ վերականգեն հասարակության վստահությունը էկոնոմիկայի գործառույթների մեջ:

Եվ Վեհաժողովը նաեւ ընդգծում է, թե ճգնաժամի պայմաններում կենսականորեն կարեւոր է, որ տնտեսական համերաշխություն եւ համագործակցություն լինի ոչ միայն ԵԽ անդամ պետությունների, այլ նաեւ զարգացող երկրների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել