Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿՈՐՑՆԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 30,2009 00:00

\"\"Հարցազրույցի հերոսը Երեւանում ծնված-մեծացած, իսկ վերջին 16-17 տարին արտերկրում ապրող գործարար երիտասարդ է: Կարծում ենք, հետաքրքիր կլինեն նրա դատողությունները հայաստանցի գործարարների համար:

Ալբերտ Էյնշտեյն. «Պետք է լինել ոչ այնքան հաջողակ, որքան՝ արժեքավոր եւ արժանի»: Նա արժանի եւ արժեքավոր անհատ է: Կարո՞ղ ենք, արդյոք, հաճախակի օգտագործել այս արտահայտությունը: Շատ հաճելի է, երբ քո մասին խոսելիս են այս արտահայտությունն օգտագործում: «Արժեքավոր եւ արժանի» է նա, ում հետ շփումը հիասթափություն չի առաջացնում, ում տեսնելիս ուզում ես դու էլ այդպիսին լինել, ով կարող է հավատ ներշնչել, որ բարին հաղթելու է, որ աշխարհում բարին ավելի շատ է, քան չարը: Բելառուսում ապրող, հեռախոսների, համակարգիչների եւ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող հայ գործարար Արմեն Գրիգորյանի հետ զրույցում վերջինս փորձում է բացահայտել ներկայիս մարդուն:

– Ձեզ համար ի՞նչ է նշանակում հայ լինել:

– Զգալ քեզ կապող օղակ՝ նախնիների եւ ժառանգների միջեւ, պահպանել եւ գալիք սերունդներին փոխանցել հայկական մշակույթը, ավանդույթները եւ անգամ մտածելակերպը: Ապրում եմ, որ տրվեմ երեխաներիս, տանել չեմ կարողանում սուտն ու կեղծիքը, երբեմն տխրում եմ, իսկ ընդհանրապես կենսուրախ մարդ եմ:

– Ինչպե՞ս եք հայտնվել Բելառուսում:

– 1992-ին ծնողներիս հետ եմ տեղափոխվել: 19 տարեկան էի: Այստեղ ոչ ոք չունեինք, բայց մեր ընտանիքի ընտրությունը կանգ առավ հենց այս երկրի վրա: Շատ հավանեցինք: Ցանկանում էինք մեր գրպանին հարմար տուն գնել ու պարզվեց, որ այդ տունը Չերվեն քաղաքում է: Այդպես էլ տեղափոխվեցինք: Բայց ես չէի կարող Բելառուս տեղափոխվել առանց իմ կեսի՝ Լուսինեի, եւ այդ պատճառով Երեւանից վերջնականապես մեկնելուց մեկ ամիս առաջ՝ 1993-ին ամուսնացանք: Մեր սիրո պատմությունը շատ սովորական է ու պարզ: Սովորում էինք նույն կուրսում: Երեւի երրորդ կուրսի կեսերից հասկացանք, որ միայն ու պարզապես լավ ընկերներ չենք: 1997-ին ծնվեց մեր առաջնեկը՝ Նարեկը, հետո՝ Կարենը:

– Ի՞նչ դաստիարակություն եք տալիս Ձեր երեխաներին: Ի՞նչ արժեքներ եւ ի՞նչ որակներ կուզեիք տեսնել նրանց մեջ:

– Մարդկանց վերաբերվել հարգանքով: Յուրաքանչյուրին ցուցաբերել այնպիսի մոտեցում, որ կուզեիր՝ քեզ ցուցաբերվեր: Միաժամանակ՝ չկորցնել սեփական արժանապատվությունը: Ավագ տղաս ծնվել է Երեւանում, այնտեղ հաճախ է լինում եւ ընկերներ ունի: Երբեմն ասում է՝ Բելառուսում ինձ չեն հասկանում, Հայաստանի նման ընկերություն անել չգիտեն: Ես ասում եմ՝ միշտ էլ կգտնվի սրտակից ընկեր, հարկ է ձգտել շփումների:

– Ի՞նչ լեզվով եք խոսում տանը:

– Միայն հայերեն: Կնոջս հետ այդպես որոշեցինք: Դե, եթե ապրում ենք հայրենիքից հեռու, եւ հայերենը շատ հազվադեպ ենք լսում, նախընտրելի է, որ հաճախ օգտագործենք մեր մայրենին: Չէ՞ որ ռուսերեն եւ բելառուսերեն՝ երեխաները դպրոցում սովորելու են:

– Ի՞նչ ապագա կուզեիք Ձեր երեխաների համար:

– Միակ բանը, որ կուզեի՝ երեխաներն ապրեն խաղաղ եւ ազատ ժամանակներում: Իսկ որտեղ եւ ում հետ՝ թող իրենք որոշեն: Կարեւորը, որ իրենց հարմար եւ ապահով զգան:

– Բելառուսում Դուք Ձեզ հարմար եւ ապահո՞վ եք զգում:

– Այո: Իմ ընտանիքն է այստեղ՝ եղբայրս, ծնողներս: Սկզբնական շրջանում շփման, ընկերական հարաբերությունների մի փոքր պակաս կար: Ես ուզում եմ լինել Բելառուսի հասարակության լիիրավ անդամ եւ միաժամանակ մնալ հայ:

– Ինչպե՞ս դարձաք Բելառուսի հայ գործարարների ակումբի անդամ:

– Շատ պատահաբար: Այցելեցի հայ համայնքի կենտրոն, Երեւան ուղարկելու բան կար: Տեսա, թե ինչպես են հայ երեխաները հայոց լեզու սովորում: Որոշեցի, որ իմ երեխաները նույնպես պետք է հայկական կիրակնօրյա դպրոցում սովորեն: Այդպես էլ ծանոթացա ակումբի ապագա գործընկերներիս հետ: Հենց նրանք պատմեցին, որ մտադիր են կառուցել հայկական առաքելական եկեղեցի: Կարծում եմ, դպրոցից եւ եկեղեցուց կարեւոր նախաձեռնություն չկա եւ անմիջապես համաձայնեցի:

– Իսկ դա Ձեր ինչի՞ն է պետք:

– Դպրոցին ոչ միայն ֆինանսական, այլեւ բարոյական աջակցություն ենք ցուցաբերում: Այստեղ սովորում են մեր բոլորիս երեխաները: Իսկ եկեղեցու կարեւորությունը, կարծում եմ, գիտակցում է յուրաքանչյուր հայ:

– Հնարավո՞ր է լինել եւ հաջողակ բիզնեսմեն, եւ բարեկիրթ մարդ:

– Միանշանակ հնարավոր է: Ամեն ինչ մարդուց է կախված:

Գործարար Արմեն Գրիգորյանի կինը՝ Լուսինեն, զրույցի վերջում հայտարարեց, որ «աղքատ ուսանող» Արմեն Գրիգորյանը եւ հաջողակ գործարար Արմեն Գրիգորյանը իրարից գրեթե չեն տարբերվում: Գործարարը քիչ ավելի շփվող է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել