Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆԸ՝ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՐՆԿԻ ՏԱԿ

Հունվար 30,2009 00:00

\"\"Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ դպրոցներից աստիճանաբար խլվում են ինքնակառավարման լծակները:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը, որ երկար տարիների մանկավարժական եւ տնօրինության փորձ ունի, որոշ հակասություններ է արձանագրել այն օրենսդրական ակտերում, որոնք առնչվում են դպրոցների տնօրենների ընտրությանը, դպրոցական խորհուրդների լիազորություններին: Ըստ տիկին Բախշյանի՝ դեռեւս 1999-ին կառավարության որոշմամբ ազդարարվեց կրթության կառավարման ժողովրդավարացման գործընթացի սկիզբը. համաձայն այդ որոշման՝ ստեղծվեցին դպրոցների կառավարման խորհուրդներ, որոնցում ընդգրկված են ուսուցչական եւ ծնողական կոլեկտիվների եւ տվյալ համայնքի ներկայացուցիչներ, իրականացվեցին տնօրենների ընտրություններ, սակայն գործընթացն այդքանով կանգ առավ, այնինչ ընտրված տնօրենը պիտի իրականում (ոչ միայն՝ թղթի վրա) հաշվետու լիներ խորհրդին, խորհուրդը պիտի հաստատեր դպրոցի հաշվեկշիռը, կարգապահական կանոնները, տնօրենի աշխատավարձի չափը եւ այլն…: Այլ կերպ ասած, տնօրենները պիտի դառնային դպրոցների գործադիր մարմինը, իսկ խորհուրդները՝ օրենսդիր: Այսօր, այդ որոշման ընդունումից 10 տարի անց, տիկին Բախշյանն արձանագրում է, որ դպրոցի կառավարման խորհրդի առաքելությունն իրականացած չէ: Ինչո՞ւ: «Ես աշխատում եմ գտնել այդ հարցի պատասխանը, եւ լուրջ ջանքեր եմ ներդնում, որպեսզի «Հանրակրթության մասին» ընդունվելիք օրենքում դպրոցների կառավարումն ապահովող օրենսդրական դաշտում եղած հակասությունները վերացվեն: Հանրակրթական դպրոցը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է (ՊՈԱԿ), եւ պիտի ղեկավարվի ՊՈԱԿ-ի մասին օրենքով ու կառավարության կողմից հաստատված Հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ների օրինակելի կանոնադրությամբ, որն էլ, իր հերթին, պիտի բխի օրենքից: Շատ կարեւոր մի հարցի պատասխանը հստակ չէ՝ ո՞ւմ հետ պիտի աշխատանքային պայմանագիր կնքի տնօրենը, ո՞վ է նրա վերադասը: Վերջերս Եվրոպայի փորձագետների հետ քննարկում էինք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանրային խորհրդի հետ կապված խնդիրները, ես այդ հարցը տվեցի փորձագետներին՝ ո՞ւմ հետ պիտի կնքի աշխատանքային պայմանագիր ՀՌՀԽ-ի ընտրված նախագահը: Ասացին՝ խորհրդի հետ, խորհուրդն է համարվում իր վերադասը: Այնինչ, ՊՈԱԿ-ի մասին օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետում սահմանվում է. «Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը, որին նշանակում եւ ազատում է լիազորված պետական մարմինը (լիազորված պետական մարմինը դպրոցների դեպքում մարզպետարանն է կամ քաղաքապետարանը-Մ. Բ.), եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ»: Իսկ 2-րդ կետում ավելացված է. «Պետական կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը»: Փաստորեն, ոչ թե տնօրենին ընտրած խորհուրդն է նրա հետ պայմանագիր կնքում, այլ՝ մարզպետարանը: Սակայն նույն ՊՈԱԿ-ների մասին օրենքի արդեն 19-րդ հոդվածը սահմանում է. «Հիմնադրի որոշմամբ պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնին (այս դեպքում՝ դպրոցների կառավարման խորհրդին- Մ. Բ.) կարող են վերապահվել ներքոհիշյալ լիազորությունները կամ դրանց մի մասը», եւ գ/ կետում գրված է. «պետական կազմակերպության գործադիր մարմնի նշանակումը, նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի հաստատումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, գործադիր մարմնի վարձատրության կարգի եւ պայմանների սահմանումը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այդ լիազորությունը վերապահվել է իրեն»: Նույն բանի մասին է նաեւ Օրինակելի կանոնադրության 48-րդ կետը, որտեղ գրված է. «Խորհուրդը նախարարության կողմից սահմանված մրցույթի անցկացման կարգի համաձայն ընտրում է հաստատության տնօրեն, հաստատում է նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները, սահմանում է տնօրենի վարձատրության կարգը եւ այլն»: Ստացվում է, որ մի կողմից պայմանագրի կնքումը (լուծարումը) տրվում է խորհրդին, մյուս կողմից՝ մարզպետարանին: Իր հերթին ԿԳ նախարարը 2006 թ. դեկտեմբերի 8-ի հրամանով սահմանել է դպրոցի տնօրենի ընտրության կարգ, որն ավելի ստորադաս իրավական ուժ ունի, քան օրենքը եւ Օրինակելի կանոնադրությունը, եւ այդ կարգի 16-րդ կետում գրված է՝ «Տարածքային կառավարման մարմինը խորհրդի որոշման հիման վրա ընտրված տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր»: Փաստորեն, այդ կարգով մեկ անգամ եւս նախարարը դպրոցի տնօրենին կախվածության մեջ է դնում պետական չինովնիկից, եւ ոչ թե իրեն ընտրած խորհրդից»: Շեշտելով դա՝ տիկին Բախշյանը նկատում է, որ ակնհայտ է, թե ինչու է ստեղծվել այդ շիլաշփոթը. «Ես գիտեմ, թե ինչու են տվել այդ իրավասությունը լիազորված պետական մարմնին, որովհետեւ այդ կերպ տնօրենն ուզի-չուզի պիտի անցնի մարզպետի (քաղաքապետի) թրի տակով: Ավելին, այնպես արեցին, որ խորհրդի կազմում ուշացումով մտցված մարզպետարանի ներկայացուցիչը (որը որոշ դեպքերում նույնիսկ դառնում է խորհրդի նախագահ, եւ խորհրդի հավաքներն էլ, փոխանակ դպրոցում անեն, անում են մարզպետարաններում) կարողանա իր կամքը թելադրել… եւ այդ բոլորն ինչի՞ համար: Մի շատ կարեւոր քաղաքական առաքելության համար. որպեսզի ընտրությունների ժամանակ տնօրենները ստիպված լինեն կամա թե ակամա դառնալ ստորաքարշության եւ շողոքորթության մարմնացում, ծառայելով պահի իշխանություններին, մասնակցեն նրանց կեղտոտ գործարքներին, կեղծիքներին, որովհետեւ հակառակ պարագայում նույն մարզպետը նրան ուղղակի կազատի աշխատանքից եւ կփոխարինի ավելի հնազանդ ու կամակատար մեկով… Ինչո՞ւ պիտի այդ վիճակում հայտնվի տնօրենը: Ինչո՞ւ չեն թողնում, որ նա լինի ազատ՝ հաշվետու լինելով միայն իրեն ընտրող խորհրդին՝ պայմանագիրը կնքելով հենց այդ խորհրդի հետ: Չէ՞ որ օրենսդրորեն քարոզվում է դպրոցների ինքնավարությունը, եւ միայն ազատ մրցակցային գործունեությունը քաջալերելով կարող ենք հասնել հանրակրթության մակարդակի, հետեւաբար՝ դպրոցների հեղինակության բարձրացմանը: Այնինչ, ամեն ինչ արվում է, որ տնօրենը դառնա խամաճիկ, եւ իր օրինակով դաստիարակվի մի ամբողջ դպրոց: Սերունդների ճակատագրի հետ ենք խաղում՝ անհաջող օրենսդրական դաշտի միջոցով կամակատար տնօրենների բանակը համալրելով»:

Ա. Բախշյանն ավելացրեց, որ դա միակ հակասությունը չէ, որն ինքն արձանագրել է դպրոցներին վերաբերող օրենսդրական ակտերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել