Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 30,2009 00:00

ՕԲԱՄԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ, ԲԱՅՑ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ

\"\"ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է նախագահի օրինագիծը, որը նախատեսում է $819 միլիարդ՝ տնտեսական ակտիվությունը խթանելու համար: Կոնգրեսի հանրապետական փոքրամասնությունը գրեթե ողջ կազմով քվեարկեց օրինագծի դեմ: «Այդ 647 էջանոց օրինագիծը իրենից ներկայացնում է իշխանության չարաշահման վատթարագույն օրինակը»,- այդպիսի գնահատական է տվել Տեխասի հանրապետական ներկայացուցիչը: Իսկ Իլինոյս նահանգի կոնգրեսմենը փաստաթուղթն անվանեց սոցիալական կարիքների համար չափազանցված ծախսերի մի խառնուրդ: Օրինագծով նախատեսվում է մասնավորապես $355 միլիոն հատկացնել վեներական հիվանդությունների կանխարգելմանն ուղղված լուսավորչական աշխատանքին: $650 միլիոն պետք է ծախսվի թվային հեռուստատեսությանն անցնելու ժամանակ բնակչությանը տրվող զեղչերի եւ արտոնությունների վրա: $50 միլիոնն ուղղվելու է արվեստների սատարման ազգային ֆոնդին: Չնայած նախագահ Օբամայի կոչին՝ գործել արագ եւ անհապաղ, Ներկայացուցիչների պալատի շատ անդամներ կասկածի տակ են դնում նման ծախսերի անհրաժեշտությունը: Նույնիսկ որոշ դեմոկրատներ այդ ծրագիրն անվանում են «սարսափելի»: Սպասվում է, որ օրինագծի քննարկումները Սենատում սկսվելու են մոտակա երկուշաբթի օրը՝ փետրվարի 2-ին:

Հ. ՔԼԻՆԹՈՆԻ ԳԼԽԱՑԱՎԱՆՔԸ ԱՄՈՒՍՆՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԵՆ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարող է դեմ առնել հնարավոր դժվարությունների, իր ամուսնու՝ Բիլի գերբարձր հոնորարների պատճառով: Այդպիսի հետեւության են եկել «Wall Street Journal» թերթի լրագրողները՝ վերլուծելով Բարաք Օբամայի վարչակազմի անդամների եւ նրանց ընտանիքների եկամուտները: Անցած տարվա ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն աշխատել է ավելի քան $5 միլիոն: Այդ գումարների մեծ մասը նա ստացել է արտասահմանյան ընկերություններից: Այդպիսով ստացվել է, որ Օբամայի թիմի ներկայացուցիչներից հենց Քլինթոնն ունի ամենաբարձր ընտանեկան եկամուտները: Այսպես, իր հրապարակային ելույթների համար Բիլ Քլինթոնը ստացել է $350 հազար՝ Քուվեյթի ազգային բանկից եւ $300 հազար՝ Հոնկոնգի ավտոմեքենաների ընկերությունից: ԱՄՆ նախկին նախագահի հովանավորներից են նաեւ Կանադայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Մալայզիայի, Մեքսիկայի եւ Պորտուգալիայի ֆիրմաները: Իսկ ամենամեծ գումարը նրան վճարել է կանադական «The Power Within» ընկերությունը, որը Քլինթոնի հաշվին է փոխանցել $1,25 միլիոն: Ամուսնու «կողմնակի եկամուտներն» արդեն իսկ խնդիրներ են ստեղծել Հիլարիի համար: Նրա թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնի համար հաստատվեց միայն այն ժամանակ, երբ Բիլը համաձայնեց հրապարակել իր բոլոր ելույթների հոնորարների չափը, ինչպես նաեւ այն կազմակերպությունների ցանկը, որ ֆինանսավորում է իր անվան միջազգային բարեգործական ֆոնդը: Հիլարին Օբամայի միակ աշխատակիցը չէ, որի գործունեության վրա իր եկամուտները կարող են ստվեր գցել: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզան Ռայսն իր հաշվետվության մեջ նշել է, որ բազմամիլիոնանոց ներդրումներ է կատարել տարբեր, այդ թվում՝ արտասահմանյան ընկերություններում: Այնպես որ, այս դեպքում էլ «շահերի բախումը» բացառված չէ:

ՊՈՒՏԻՆԸ ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԱՌԱՋԱՐԿԵՑ

\"\"Չորեքշաբթի օրը, բացելով Դավոսի համաշխարհային միջազգային ֆորումը, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ներկայացրեց համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ իր դիտարկումները: Ըստ նրա՝ ճգնաժամի հիմնական պատճառը վարկերի պահանջարկի եւ դրանց ապահովման միջեւ անհամաչափությունն էր: Պուտինի կարծիքով՝ կորպորացիաները չափազանցված ախորժակներ ունեին, եւ, հետապնդելով եկամուտներ ստանալու նպատակը, մոռացել էին իրական արտադրողականության մասին: Միաժամանակ, ՌԴ վարչապետը զգուշացրեց համաշխարհային հանրությանը՝ պարզունակ պոպուլիստական որոշումներ ընդունելու գայթակղությունից: Այդպիսի վտանգներից է ինքնամեկուսացմանն ուղղված քաղաքականությունը եւ անսահման տնտեսական էգոիզմը: Նրա կարծիքով, չի կարելի պատնեշներ ստեղծել միջազգային առեւտրի ճանապարհին եւ չհիմնավորված բարձրացնել ներկրման տուրքերը՝ տեղական արտադրողին խրախուսելու համար: Հաջորդ գայթակղությունը Պուտինը համարում է պետության անմիջական միջամտությունը տնտեսական գործերին: «Գործարարները, ներդրողներն ու բաժնետերերը ոչ մի հիմք չունեն կարծելու, թե, դնելով պատասխանատվությունը պետության ուսերին, կարելի է հասնել ավելի լավ արդյունքների»,- նշեց նա: Որպես դեղատոմս ՌԴ վարչապետն առաջարկեց գիծ քաշել անցյալի վրա, բացել խաղաքարտերը եւ հասկանալ իրողությունները: Բիզնեսը պետք է ձերբազատվի անհույս պատքերից, «վատ ակտիվներից» եւ, ամենակարեւորը՝ «վիրտուալ փողերից, փչովի հաշիվներից եւ կասկածելի վարկանիշներից»: «Մեր պատկերացումները չպիտի գտնվեն պատրանքների գերության մեջ, նույնիսկ այն դեպքում, եթե պատրանքներ ստեղծողները խոշոր աուդիտորական եւ վերլուծական ընկերություններն են»,- նշել է Ռուսաստանի վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել