Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ ոլորտ՝ լուրջ եկամուտներով

Հունվար 30,2009 00:00

\"\"Երիտասարդ մոդելավորող Աննա Շահբազյանը այսպիսին է ցանկանում տեսնել հայաստանյան նորաձեւության վաղվա օրը:

«Հայաստանում՝ հայկական շոու-բիզնեսում, շատ քչերն են ճաշակով եւ նորաձեւ հագնվում, երկու-երեք հոգի,- ասում է 26-ամյա մոդելավորող, մասնագիտությամբ իրավաբան Աննա Շահբազյանն ու շարունակում:- Թեկուզեւ մասնագիտությամբ իրավաբան եմ եւ մոդելավորողի մասնագիտական կրթություն չունեմ, դա ինձ չի խանգարում տուրք տալ երեւակայությանս ու ստեղծել նորաձեւ հագուստներ»:

Չորս նորաձեւության ցուցադրություն ունեցած, ձեռքի աշխատանք հանդիսացող ավելի քան 80 երեկոյան հագուստների հեղինակ Աննայի համար այս ոլորտում ստեղծագործելը սեփական ճաշակի դրսեւորում է. «Նորաձեւությունն ինձ համար հոբի էր այնքան ժամանակ, մինչեւ մի օր հասկացա՝ պահարանում պահվող եւ նկարածս հագուստների օրըստօրե աճող տրցակը պետք է իրականություն դարձնել»: Հարցին, թե կա՞ Հայաստանում նորաձեւություն, մոդելավորողը պատասխանում է. «Այդ հարցն ինձ համար դարձել է բոլոր ժամանակների խնդիր: 8 տարի առաջ, երբ առաջին անգամ ներկա գտնվեցի Երեւանում կազմակերպված նորաձեւության ցուցադրություններից մեկին, հասկացա, որ հագնվելու մշակույթ մենք էլ ունենք: Եթե այդ ժամանակ ինձ ուղղվեր այս հարցը, կպատասխանեի միանշանակ՝ այո: Դրանից մի քանի տարի անց ծնվեց առաջին զգեստս եւ փայլեց երգչուհիներից մեկի հագին: Հենց այդ շրջանում էլ, ըստ իս, նորաձեւության ոլորտում նկատվեց մրցակցություն երգչուհիների միջեւ՝ ինչ-որ մեկի ստեղծած հագուստը կրելու առումով (նկատի ունի երգչուհիների հոսքը հայ մոդելավորողների արվեստանոցներ- Լ. Շ.): Հասուն տարիքում արդեն, աշխարհի նորաձեւությունը համեմատելով հայաստանյանի հետ, հասկացա, որ երկար ճանապարհ ունենք անցնելու»:

Նկարիչ-մոդելավորող-իրավաբանը համոզված է, որ 2-3 մոդելավորողով ոլորտ չի զարգանա. «Կարեւորագույն լուծումներից մեկը պետական աջակցությունն է, ինչպես նաեւ՝ ներդրումները: Սա լուրջ ոլորտ է եւ լուրջ եկամուտներ բերող»: Ըստ մեր զրուցակցի՝ նորաձեւությունը միայն երգիչ-երգչուհիներին հագուստներով ապահովելը չէ. «Օրինակ, Հայաստանը մեծ քանակությամբ ներքնազգեստ է արտահանում, ինչո՞ւ այն չի սպառվում հենց մեր հանրապետությունում: Նմանօրինակ խնդիրներ շատ կան: Դրանց լուծումը կօգնի զերծ մնալ համատարած միօրինակությունից… Զայրանում եմ, երբ տեսնում եմ փողոցում բոլորը միանման՝ երկարաճիտ կոշիկներով, պարտադիր տաբատը կոշիկի մեջ մտցրած, «փուչիկ» վերարկուներով…»:

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հագուկապին այսպես անդրադարձավ. «Հպարտանում եմ Սիրուշոյի նրբազգացողությամբ եւ ճաշակի վառ դրսեւորմամբ, Արմինկայի համարձակությամբ եւ Էմմիի գույների գեղեցիկ համադրությամբ: Երգիչներից էլ կառանձնացնեմ միայն Հայկոյին՝ իր էլեգանտ եւ տղամարդուն հարիր հագուկապով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031