Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 30,2009 00:00

Գտնված օրագիր

Վերջերս գտա իմ հին օրագրերից մեկը եւ, թերթելով ժամանակից խունացած էջերը, բազմաթիվ հետաքրքիր պատմությունների կողքին աչքովս ընկավ մի դիպվածի նկարագրություն, որը պատահել էր ինձ հետ Սիբիրներում՝ լրագրողական իմ թափառումների ընթացքում: Իրիկնամուտին՝ Տայգայի անխռով անշարժության մեջ, փչացավ մեր ծանր բեռնատարը, եւ վրացի վարորդ Ռեզոյի հետ մնացինք կանաչ լռության համատարածի մեջ՝ սպասելով, որ ինչ-որ մեքենա կանցնի եւ մեզ կօգնի: Մեքենա, իհարկե, չհայտնվեց, բայց լուսաբացին, երբ մենք խարույկի կողքին պառկած փորձում էինք քնել, հայտնվեց ծանր կոշիկներով ու քրքրված ուսապարկով տարօրինակ մի մարդ: Նա իրեն անվանեց Նիկոլայ Վասիլեւիչ Գոգոլ եւ, բարեւելով, նստեց: Մենք, իհարկե, մեր ուսապարկերում ունեինք այն, ինչը որ Տայգայում տաքացնում է ոչ միայն մարմինդ, այլ նաեւ ջերմացնում է հոգիդ: Ես հանեցի բաժակները եւ «Նաիրի» կոնյակ լցրեցի երեքիս համար: Նիկոլայ Վասիլեւիչը երկար հոտոտում էր բաժակը, հետո գովեց խմիչքը, ու, երբ արդեն ութանիստ ապակյա հաստ բաժակները շրխկացնում էինք մեր ծանոթության առիթով, կատարվեց զարմանալի մի բան՝ Նիկոլայ Վասիլեւիչի բաժակը չզրնգաց: Դա այնպիսի տպավորություն թողեց, որ Ռեզոն ու ես զարմացած նայեցինք իրար եւ նորից շրխկացրինք, ու նրա բաժակը դարձյալ չզրնգաց: Հետո արդեն թաքցնելով մեր շփոթմունքը՝ լռությամբ խմեցինք մեր բաժին կոնյակը, վերջում խմեց նաեւ Նիկոլայ Վասիլեւիչը: Մի անգամ եւս գովեց կոնյակը եւ ժպտալով ասաց՝ դուք ճիշտ լսեցիք, իմ բաժակը չզրնգաց, որովհետեւ ես ապրում եմ ոչ թե ձեր աշխարհում, այլ մի ուրիշ աշխարհում, որը զուգահեռ է ձերին, եւ որոնք միմյանցից տարբերվում են ընդամենը իրենց անցյալով ու ապագայով: Բացվող գունաթափ լուսաբացի մեջ Ռեզոն եւ ես նայում էինք այդ անսովոր մարդուն, իսկ նա, շարունակ առեղծվածային ժպտալով, բաժակը մեկնեց՝ նորից լցնելու: Այս անգամ մենք չփորձեցինք շրխկացնել բաժակները եւ խմեցինք լռությամբ: Չխմեց միայն նա եւ բաժակը ձեռքերի մեջ խաղացնելով՝ ասաց. նա ամբողջությամբ լցվել է իմ մեջ եւ ներսից ավերում է ինձ, ես նկատի ունեմ Ռուսաստանը: Ես փորձեցի տեսնել, գուշակել նրա ապագան, որպեսզի կարողանայի ձեւակերպել նաեւ նրա անցյալը: Հետո նա մի թափով խմեց բաժակը ու թփթփացրեց ուսիս: Գրող ես, չէ՞,- հարցրեց,- ուրեմն մի մոռացիր, որ ոչ թե անցյալն է ձեւավորում ապագան, այլ ապագան է ձեւավորում քո անցյալը: Քո անցյալը հզորանում է այն ժամանակ, երբ քո ապագայի տեսիլքը հզոր է, ուստի պատրաստվիր հաղթել ապագայի կռիվներում, որպեսզի անցյալի մարտադաշտերում կրած պարտություններդ ճանաչվեն հաղթանակ… Հիմա՝ այսքան տարիներ հետո, կարդալով օրագրիս այդ էջը՝ մտածում եմ ուրիշ չափումներից Տայգայում հայտնված Նիկոլայ Վասիլեւիչի անսպասելի մտքերի խորհրդի մասին եւ փորձում եմ տարածել մեր երկրի, մեր պետության վրա: Ո՞րն է մեր նվիրական երազանքը՝ արթնացնել եւ համախմբել հայ ինքնության ոգին եւ լինել տե՞ր, ինչը որ այսօր արդեն արվում է, թե՞ շարունակ դավադրել սեփական պետությանը՝ ազգը դարձնելով թափառական, աննպատակ, անապագա, խղճուկ անցյալով եւ ընդամենը գոյության համար պայքարող ժողովուրդ…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ- ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել