Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԳԱՆԻՆ ԲԻԶՆԵՍՄԵՆԻ ԳՈՐԾԻՆ ԽՓՈՒՄ Է

Հունվար 31,2009 00:00

Գյումրիում ավագանու դեմ սկսվել է զանգվածային բողոք

Մինչ աշխարհի տարբեր երկրներում համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի միջոցներ են ձեռնարկում, մանր ու միջին բիզնեսով զբաղվողների ուսերից հարկային բեռը թեթեւացնելու համար, Գյումրիի «հայրենասեր» ավագանին ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում:

Վերջերս նորակազմ ավագանին խիստ գաղտնի նիստով կայացրել է իր հերթական «գլուխգործոց» որոշումը: Առանց գյումրեցի բիզնեսմենների կարծիքի հետ հաշվի նստելու՝ ավագանին թանկացրել է ծխախոտի ու խմիչքի համար ձեռք բերվող լիցենզիայի գինը: Խանութի տերերի ներկայացմամբ՝ եթե անցած տարի վերոհիշյալ ապրանքների վաճառքի թույլտվության համար իրենք տարեկան կտրվածքով համայնքի բյուջե 70 հազար դրամ էին վճարում, ապա այժմ ավագանին կրկնապատկել է այդ գումարը՝ դարձնելով 140 հազար դրամ: Ընդ որում, ըստ գործարարների, ավագանին բացարձակապես հաշվի չի առել այն փաստը, որ տարբեր խանութներում ապրանքաշրջանառությունը տարբեր չափերի է հասնում:

«Հասկանալի է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ հարգարժան քաղաքապետը մեծ գումարներ է ծախսել, բյուջեն դատարկել է, իր աշխատողներին աշխատավարձի պարտքեր է մնացել, բայց մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ բյուջեն ուզում է մեր հաշվին լցնել: Հարկայինը իր ՀԴՄ-ներով քիչ էր, հիմա էլ նոր ռեկետյո՞ր է հայտնվել, երեւի լսել են, որ Երեւանում գները թանկացել են, որոշել են էստեղ էլ նման մի բան անել: Թող չմոռանան, որ հսկա Երեւանում գները ընդամենը 10 հազարով են բարձրացել, 50 հազարից՝ դառնալով 60: Ի՞նչ է, չեն հասկանում, որ փոքր կրպակը չի կարող սուպերմարկետի հետ ոտք գցել: Մի՞թե ավագանու հսկա կազմի մեջ խելացի մեկը չկար, որ առարկեր ու առաջարկեր գումարը գանձել ըստ քառակուսի մետրի, թե՞ սուպերմարկետների տերերի պատվերն են կատարում: Պարզ չէ՞, որ էսպիսի հարկերի պայմաններում մեր բիզնեսը կփակվի, սուպերմարկետինը՝ կծաղկի: Եվ եթե նկատի ունենանք, որ սուպերմարկետի տերերի ցանկում տեղ են զբաղեցնում նաեւ որոշում ընդունողները, ուրեմն ամենահիմարի համար անգամ պարզ է, թե ինչու են մեզ խեղդում»,- զայրացել էին գործարարները: Նրանք բողոքներով արդեն իսկ դիմել են մի շարք ատյանների, այդ թվում նաեւ՝ իրենց շահերը պաշտպանող կազմակերպությանը՝ Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Շիրակի մասնաճյուղին:

Քանի որ «Առավոտի» հետ զրույցում բոլոր խանութների տերերը դժգոհում էին, որ ավագանին իրենց «շան տեղ չի դրել», մենք ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Արթուր Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ավագանին իր հետ խորհրդակցել ու նոր է այսպիսի որոշում ընդունել: «Ոչ, ավագանին մեր կառույցի հետ հաշվի չի նստել, մենք գործարարներից ենք տեղեկացել, որ այդպիսի խնդիր է ծագել: Չգիտեմ ի՞նչ հաշվարկներով, ի՞նչ տրամաբանությամբ է ավագանին առաջնորդվել, որքանո՞վ է նրա որոշումը իմաստավորված, միայն մի բան հստակ գիտեմ, որ Գյումրին Երեւան չէ: Մենք տեղական իշխանությունների գործերի մեջ թափանցելու իրավունք չունենք, միգուցե նրանք ավելի լավ գիտեն, թե որ խանութում ինչքան առեւտուր է լինում, ով ինչքան եկամուտ ունի, ով ինչ է թաքցնում, չեմ կարող հստակ ասել կամ խառնվել իշխանությունների գործերին, բայց պատրաստվում ենք հարցը բարձրաձայնել, որովհետեւ մեծ թվով բողոքներ ենք ստացել այս առիթով»,- ասաց Արթուր Զաքարյանը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ ոչ այնքան փորձառու երիտասարդներից բաղկացած Գյումրիի ավագանին այսպիսի որոշումներ է կայացնում, իսկ ավելի ճիշտ՝ պարզապես դակում է քաղաքապետի հրամանը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նմանատիպ մի որոշում էլ կայացրել էր՝ կապված հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը ամսական 100 հազար դրամով վարձով տալու հետ: Ավագանին վարձավճար էր սահմանել առանց «ԳԱԼԱ»-ի սեփականատիրոջ կարծիքը լսելու, ավելին՝ չգիտես պատմական ինչպիսի աղբյուրներից «պեղել» ու հայտնաբերել էր, որ հեռուստաաշտարակը պատկանում է «Կումայրի» արգելոց- թանգարանին:

Հետաքրքիրն այն է, որ, երբ ավագանու յուրաքանչյուր «գլուխգործոց որոշումից» հետո լրատվամիջոցները հերթով զանգում են ավագանու անդամներին ու հարցնում, թե ինչո՞ւ է դա այսպես, նրանք երդվում են, որ տվյալ նիստից «խաբար» չեն: Չի բացառվում, որ ավագանին «խաբար» չլինի նաեւ այս նիստից, նրանց հրավիրած լինեն քաղաքապետարան, ասելով՝ նիստի արձանագրություն կա, տակը պետք է ստորագրել, եւ վերջիններս էլ հլու-հնազանդ ենթարկված լինեն:

Մենք քաղաքապետարանի «gjumricity.am» կայքից փորձեցինք ծանոթանալ ավագանու նիստերի արձանագրություններին, սակայն՝ ապարդյուն, այս տարվա մեջ դեռ ոչ մի նորություն տեղադրված չէր, անցած տարվանից էլ ընդամենը 2 արձանագրություն կար, ընդ որում՝ խոսքը մեծ մասամբ դրամական հատկացումների մասին էր, թե որ կառույցին ու անհատին ինչպիսի՞ օգնություն հատկացնել, քաղաքի լուսավորության ու աղբահանության հարցերը ինչպե՞ս լուծել եւ այլն: Իսկ հասարակությանը առավել հուզող հարցերի, ինչպես, օրինակ, Մայիսյանի թանկարժեք կաթսայատան օտարման, ծխախոտի ու խմիչքների համար ձեռք բերվող լիցենզիայի թանկացման եւ այլնի հետ կապված՝ կես բառ անգամ գրված չէ: Այս ամենը Գյումրիում միշտ խիստ գաղտնի է պահվում թե՛ հասարակությունից եւ թե՛ լրագրողներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել