Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ՉԻ՞

Փետրվար 14,2009 00:00

Երեւանի քաղաքապետարանի փետրվարի 12-ի հաղորդագրության մեջ նշված էր, թե մարտի 1-ին Մատենադարանի մոտ կամ Հյուսիսային պողոտայում հանրահավաք անցկացնելու մասին «իրազեկումը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում: Չնայած կազմակերպչի ներկայացուցիչը պատշաճ ձեւով ծանուցվել է իրազեկման քննարկման օրվա եւ ժամի մասին, սակայն քննարկմանը չի մասնակցել, եւ այն կայացել է նրա բացակայությամբ»: Կազմակերպչի ներկայացուցչից՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանից, «Առավոտը» հետաքրքրվեց, թե այս պնդումը համապատասխանո՞ւմ է իրականությանը. «Պատշաճ ծանուցվել եզրույթը որոշակի գործողությունների հաջորդականություն է,- պատասխանեց նա:- Պատշաճ ծանուցման դեպքում պետք է ձեռքի տակ լինի ապացույց, որ մինչեւ քննարկման պահը՝ ես ստացել եմ ծանուցագիր լսումների օրվա, ժամի եւ տեղի վերաբերյալ: Մերկապարանոց ասելը, թե պատշաճ ծանուցվել եմ՝ հնարավոր չէ: Ես պատշաճ ձեւով ծանուցում չեմ ստացել: Եվ փետրվարի 12-ի 9:00-ի դրությամբ՝ որեւէ որոշում չենք ստացել՝ ո՛չ իմ վստահորդը, ո՛չ ես: Այնինչ որոշում ստանալու ժամկետը լրացել է հենց այդ ժամին»:

Քաղաքապետարանի կազմակերպատեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը, սակայն, երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե իրենք 72 ժամվա ընթացքում որոշում կայացրել են, որից հետո այն փոստով ուղարկել են լիազոր ներկայացուցչին. «Օրենքում չի ասված՝ 72 ժամվա ընթացքում տրամադրել որոշումը իրազեկման հեղինակներին: Որոշումը 72 ժամվա ընթացքում պետք է կայանա: Եթե իրենք մասնակցեին քննարկմանը, որոշումը կտրամադրվեր քննարկումից անմիջապես հետո»: Եվ պնդել է, թե պատշաճ ձեւով հրավիրել են. «Փոստային կտրոնը կա մեզ մոտ, որ անմիջապես տեղեկացրել ենք քննարկման ժամի եւ տեղի մասին»: Գագիկ Բաղդասարյանը նաեւ պարզաբանել է, թե ինչու չի կարելի Մատենադարանի մոտ կամ Հյուսիսային պողոտայում հանրահավաք անել. «Ինձ մոտ կան մասնագիտական եզրակացություններ, որ այնտեղ չի կարելի անցկացնել միջոցառում: Կոնկրետ այդ օրվա մասին է խոսքը՝ Մատենադարանում կա միջոցառում, որին կխանգարի այս միջոցառումը: Իսկ Հյուսիսային պողոտայում՝ եզրակացություն կա, որ զանգվածային միջոցառումների անցկացումը կվտանգի մասնակիցների եւ այլոց առողջությանը: Այնտեղ շինարարական աշխատանքները դեռեւս շարունակվում են, եւ անվտանգ չի անցկացնել զանգվածային միջոցառում»: Եվ այնուամենայնիվ՝ ՀԱԿ-ը երեկ հայտարարեց, որ հանրահավաքը կկայանա մարտի 1-ին, ժամը 15-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել