Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք դատապարտվում եք…»

Փետրվար 14,2009 00:00

\"\"«…Դատարանի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Ներկա էին ոչ միայն մեղադրյալի հարազատները, ընկերները, այլեւ տուժածները եւ նրանց ազգականները: Անսպասելի ոչինչ էլ չէր լինելու. Հարություն Սերյոժայի (Սարգսի) Ռոստոմյանի դատավճիռը կանխորոշված էր: Ոչ մի մեղմացուցիչ հանգամանք չկար: Ուստի պետական մեղադրողը կարող էր 10 տարի պատժաժամկետ պահանջել:

– Հարգարժան դատարան, հարգելի ընկերներ,- հանդարտ, ինքնավստահ սկսեց մեղադրողը:- Երբեմն առիթներ են լինում, երբ ծանր հոգով ես կանգնում այս դահլիճում եւ մեղադրանք ներկայացնում ճաղերի ետեւում նստածին: Բայց այս անգամ իմ խիղճը հանգիստ է, որովհետեւ ձեր դիմաց իսկապես հանցագործ է նստած, ծանր հանցագործ, որին պետք է մեկուսացնել հասարակությունից: Նա իսկապես վտանգավոր է մեզ համար, այն մարդկանց համար, ովքեր իրենց քրտինքով, իրենց մտքով ու ջանքով են վաստակում իրենց ապրուստը: Նրանք հանգիստ խղճով քնում են, որովհետեւ ոչ մի չարություն չունեն իրենց մեջ, որովհետեւ աչք չեն տնկում պետական կամ անձնական ունեցվածքի վրա…

…Ապա դատարանի դահլիճում ցուցմունքներ տվեցին վկաները, որոնցից միայն մեկին էր ճանաչում Հարութիկը: Մեկ ամիս առաջ Հարութիկը հանդիպել էր այս տիպին, ով կեղծ վկայություն էր տվել իր ընկերոջ՝ Վովայի դեմ: Հարութիկը չէր հասկանում այս տիպի արարքը, առավել եւս, որ սրան երկար ժամանակ իր պաշտպանության տակ էր վերցրել Վովան, նրան օգնում էր փողով: Եվ, ահա, սա վեր է կենում ու մարդուն ուղարկում ճաղերի ետեւ: Հարութիկն ինքն իրեն խոստացավ, որ սրա դատաստանն ինքը կիրագործի: Կարճ ժամանակ անց նա բանտում այցելեց Վովային:

– Հարութիկ, այդ տականքից հեռու մնա, վտանգավոր է,- ասաց Վովան:- Նա իր հացն է վաստակում: Նա իր խանութները պահում է միլիցիայի հովանավորության շնորհիվ: Ու այդ պատճառով նա պետք է օգնի նրանց, որպեսզի ստանա իր «աշխատավարձը»…

Ու ահա այս մարդը սուտ վկայություն է տալիս Հարութիկի դեմ:

…Խոսքը տրվեց դատապաշտպանին: Սա մի երիտասարդ տղամարդ էր, որ, հավանաբար, առաջին քայլերն էր անում փաստաբանական ոլորտում:

…Հարութիկը նկատեց, որ պետական մեղադրողը հորանջում էր, եւ դա անում էր ցուցադրաբար, իսկ դատավորը պարզապես քնել էր»:

1956թ. ծնված Հարութիկ Ռոստոմյանի երեւանյան դատավարությունը նկարագրել է Սերգեյ Գալոյանն իր «Երեւանի գաղտնիքները» անտիպ գրքում: Այստեղ խոսք է գնում նաեւ «վերջին հայ հեղինակության»՝ 1998 թ. Մոսկվա մեկնելու եւ այլեւ չվերադառնալու մասին: Մինչ օրս շրջանառվում են 2 երեխաների հոր՝ Հ. Ռոստոմյանի անհետացման բազմաթիվ վարկածներ: Ս. Գալոյանը ներկայացնում է նոր տվյալներ: Հ. Ռոստոմյանը միակ հայն է, որը 1 տարի 2 ամիս պահվել է ազատազրկման վայրի պատժախցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել