Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման խոստանում է կրճատել բյուջեի դեֆիցիտը

Փետրվար 25,2009 00:00

Երեկ նախատեսված էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը ամերիկյան Կոնգրեսի 2 պալատներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Բնականաբար, սպասվում էր, որ նրա ելույթի մեծ մասը նվիրված կլինի տնտեսական խնդիրներին:

Երկուշաբթի օրը, հանդիպելով օրենսդիր եւ գործարար շրջանակների հետ, Օբաման ասաց, որ նախագահի պաշտոնում իր 4 տարվա ժամկետի ընթացքում՝ նա 2 անգամ կրճատելու է այժմ սրընթաց աճ ապրող բյուջեի դեֆիցիտը, որն այս պահին կազմում է $1 տրիլիոն 300 միլիարդ: «Մենք չենք կարող դիմակայել ներկայիս ճգնաժամին՝ չպայքարելով դրան նպաստող դեֆիցիտի դեմ,- նշեց Օբաման:- Այլապես մենք կարող ենք մխրճվել նոր ճգնաժամի մեջ, եւ արդյունքում, մեր երեխաներն ու թոռները, հայտնվելով պարտքերի բեռի տակ, չեն կարողանա իրականացնել իրենց երազանքները»: Բյուջեի դեֆիցիտի կրճատման նպատակով, Օբաման մասնավորապես առաջարկում է կրճատել այն ընկերությունների արտոնությունները, որոնք աշխատատեղեր ունեն ԱՄՆ-ից դուրս:

Նախագահը նաեւ խոստացավ վերացնել խարդախություններն ու չարաշահումները բժշկական ապահովագրության ոլորտում: Նույն նպատակով Օբաման պատրաստվում է կրճատել իրաքյան պատերազմի ծախսերը եւ բարձրացնել ունեւոր հարկատուների հարկերը: «Ապրել ըստ միջոցների, նշանակում է՝ դուք չեք ծախսում այն, ինչ չունեք: Այդ պարզ օրենքով են առաջնորդվում մեր երկրի բոլոր ընտանիքները, եւ կառավարությունը հիմք չունի նույն կերպ չվարվելու»,- ամփոփեց ԱՄՆ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել