Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՁԱԽՈՂՎԻ»

Փետրվար 26,2009 00:00

\"\"Որոշ տնտեսագետներ համոզված են, որ «Համահայկական բանկի» գաղափարը մեր կառավարության վերամբարձ ծրագրերից մեկն է:

«Համահայկական բանկի» նպատակն է նպաստել ուժեղ, մրցունակ եւ գիտելիքի վրա հիմնված հայության ներուժի ձեւավորմանը եւ այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում»: Սա մի հատված է նախորդ տարեվերջին ընդունված «Համահայկական բանկի մասին» օրենքից: Կարդալով օրենքն ամբողջությամբ, դժվար է պատկերացում կազմել, թե կոնկրետ ինչով է զբաղվելու այս բանկը, եւ ինչով է այն տարբերվելու Հայաստանում գործող առեւտրային բանկերից: Ըստ կառավարության անդամների, նոր ստեղծվելիք բանկը, շատ այլ մեծածավալ ծրագրերի թվում, կնպաստի նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության իրականացմանը:

«Առավոտը» մի քանի տնտեսագետներից հետաքրքրվեց, թե իրատեսական համարու՞մ են, արդյոք, որ «Համահայկական բանկի» միջոցով իսկապես կիրագործվեն նման ծրագրերն ու, ընդհանրապես, որ՞ն է բանկի ստեղծման իմաստը:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը մեզ հետ զրույցում այդ բանկի ստեղծումը անվանեց թյուրիմացություն. «Ի՞նչ է նշանակում համահայկական: Դա դատարկաբանություն է, եթե թուրքը բերի փող դնի այդ բանկում՝ պետք է արգելե՞ն: Թող պայմաններ ստեղծեն, որ դրսում ապրող մեր հայրենակիցները բոլոր դաշտերում՝ շինարարությունից սկսած մինչեւ գյուղատնտեսություն եւ ֆինանսական համակարգ, ներդրում անեն: Դա համարում եմ վտանգավոր մտածելակերպ, ավելին՝ այդ գաղափարը խտրականության դրսեւորումներ ունի, եւ այն ոչ մի արդյունք չի ունենա, անգամ կխոչընդոտի այն հնարավոր զարգացումներին, որ կարող էր ունենալ մեր ֆինանսական շուկան»:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը նույնպես համոզված է, որ բոլոր վերամբարձ ծրագրերի նման, «Համահայկական բանկի» ստեղծման գաղափարը եւս դատապարտված է ձախողման. «Կառավարության բոլոր մեծածավալ ծրագրերը մինչ այժմ կրել են միայն հռչակագրային բնույթ, դրա տակ որեւէ իրական ֆինանսական հիմնավորվածություն չի եղել: Դա վերաբերում է նաեւ «Համահայկական բանկին»: Ժամանակին կառավարությունը խոսում էր Դիլիջանը միջազգային ֆինանսական, իսկ Ջերմուկը՝ առողջարանային ու ճոպանուղային կենտրոններ դարձնելու մասին: Փաստորեն, կենտրոնների գիգանտամանիայի ծրագրերի փուլը ավարտվել է, ու այդ մասին արդեն չի էլ խոսվում: «Համահայկական բանկի» ստեղծումը նույնն է, ինչ վարչապետի հայտարարած հայկական աշխարհի կառուցման վիրտուալ գաղափարը: Սա լրացնում է այդ վիրտուալների շարքը: Իսկ Իրան-Հայաստան երկաթուղու կամ նոր ատոմակայանի կառուցումը՝ զուտ խոսակցական մակարդակով արված հայտարարություններ են»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, ճիշտ մեխանիզմների կիրառման դեպքում բանկը կարող է ծառայել նպատակին. «Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է մի երկրի համար, որում ապրող բնակչությունը 3-4 անգամ զիջում է դրսում ապրող հայությանը: Այսինքն՝ ես այստեղ տեսնում եմ հայության ներուժը համախմբելու անհրաժեշտություն: Միայն տարբեր դրամահավաքները չեն կարող լինել ելք իրավիճակից: Անհրաժեշտ է համախմբել հայության մասնագիտական կարողությունը: Պետք է նաեւ վստահություն ներշնչել դրսում ապրող հայության մեջ, որ դա կարող է լինել հակակշիռներով վերահսկվող մեխանիզմ, այսինքն՝ միայն Հայաստանից չկառավարվի, այլ նաեւ հայության տարբեր հատվածների միջոցով»:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ցանկացած նախաձեռնություն որոշ մարդկանց հնարավոր է դուր չգա: Ամբողջ աշխարհի երկրներն ունեն նման զարգացման գործիքներ: Մեզ մոտ դա ձեւակերպել ենք որպես «Համահայկական բանկ», որովհետեւ նկատի ունենք այդտեղ համահայկական աշխարհի ներգրավվածությունը: Բանկը, անշուշտ, կմասնակցի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը, սակայն նպատակը միայն դա չէ, այլ խոշոր պրոյեկտներին մասնակցությունն է: Իսկ համահայկական ասվածը մեր պատկերացմամբ չի նշանակում, որ ներդրումներ պետք է անեն միայն հայերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել