Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ ՍԵՐԻԱԼԻ

Փետրվար 27,2009 00:00

Երեկ «Հայացք» ակումբում հեռուստաեթերի բովանդակության ու հայկական սերիալների թեմայով բանավիճեցին գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ու «Էքսպերտների միավորում» հ/կ եւ «Տհաճ եթեր» մրցանակաբաշխության համակարգող Նարեկ Մալյանը: Ըստ վերջինիս՝ «Ես դեմ չեմ ո՛չ սեքսին, ո՛չ բռնությանը եթերում, սակայն դրանք պետք է լինեն որոշակի ժամերի: Հարկատուները $40 000 են վճարում Հանրային հեռուստաընկերությանը, որպեսզի նա ցուցադրի բարձրարժեք հաղորդումներ, բայց ի՞նչ ենք տեսնում «Հ1»-ի եթերում»: Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանն էլ նշեց. «Դեմ եմ նմանատիպ հաղորդումների դեմ գնացող այս արշավին: «Վերեւներին» սա ձեռնտու է, այսինքն, եթե փակեն մի քանի հաղորդում, կասեն՝ տեսե՞ք, մենք լսեցինք հասարակության կարծիքը, ու հեռուստատեսությունն էլ սիրուն բաներ ցույց կտա, իսկ ժողովուրդը կհանգստանա: Իսկ երբ որ կյանքը տգեղ ա, սիրունը ցույց տալը ամենամեծ անբարոյականությունն ա, մեռնող մարդու մոտ սիրուն բաներ ցույց տալը ճիշտ չի: Մտավորականությունը կորցրել ա իր հեղինակությունը, եւ հիմա սա շանս ա, որ վերականգնի, որ ասի՝ տեսա՞ք, գործ եմ անում, բողոքում եմ, խոսում եմ, բայց ինչի՞ դեմ: Նրա՝ ինչ անվնաս ա՞, անշառ ա՞»:

Ն. Մալյանն էլ, թե. «Վրիժառու» սերիալում կա Գոռ Վարդանյան, որը Սարգսյան Գրիշայի տղաներից մեկն ա, ով Էջմիածնում Հակոբ Հակոբյանի կռիվներին ա մասնակցում»: Ի պատասխան՝ Մ. Պետրոսյանն ասաց. «Վրիժառու» սերիալը շատ հստակ արտացոլում ա իրականությունը, եւ ես այդ սերիալը ուղղակի նայում եմ, էդ ֆիլմը շատ հստակ արտացոլում ա բռնությունը, ներկա «բեսպրեդելը»: Ն. Մալյանը նորից ընդվզեց. «Ես ու իմ նման շատ մարդիկ ունենք երեխաներ, ընտանեկան արժեքներ, որոնք էս պարագայում վտանգվում են, ես դեմ չեմ, եթե ուզում եք նայել այդպիսի ֆիլմեր, նայեք DVD-ներով, կամ գոնե պետք է ցուցադրել 12-ից հետո»: Մ. Պետրոսյանն էլ նորից հակադարձեց. «Քո երեխան վտանգված ա ոչ միայն հեռուստատեսության պատճառով, վտանգված ա կյանքում… ես ուզում եմ, որ մարդիկ էդ սերիալը նայեն, հասկանան՝ ինչ անտանելի վիճակ ա ու ելք փնտրեն: Արվեստագետը միշտ փնտրում ա իրականությանն ադեկվատ լեզուն: Հայաստանը մի համեմատեք ԱՄՆ-ի հետ, համեմատեք այնպիսի երկրի հետ, որը մեզ նման այլանդակ իրականություն ունի: Եթե դու հեռուստացույցով տեսնում ես հրեշտակ ոստիկան ու հավատում ես, որ ոստիկանը հրեշտակ ա, ուրեմն քո ուղեղը լվանում են կամ ուզում ես, որ քո ուղեղը լվանան»:

Բանավեճի վերջում սրահում հայտնվեց մի քաղաքացի, որ բողոքեց. «Դուք էստեղ լրագրողներով ընդամենն ասում-խոսում, ծիծաղում եք ու ոչինչ էլ չեք անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել