Մարտի 1-ի առիթով ոչ միայն դադարեցվել էին Գյումրի-Երեւան երթուղագծի աշխատանքները, այլեւ` ոստիկանները փակել էին ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Հայ ազգային կոնգրեսի անդամների վստահեցմամբ, տրանսպորտը կաթվածահար էր եղել հանրահավաքից դեռեւս 3 օր առաջ: Իսկ որ Շիրակի մարզային ոստիկանությունը մանրակրկիտ աշխատանք էր կատարել շիրակցիների մուտքը մայրաքաղաք ձախողելու համար՝ փաստ էր: Մենք ականատես եղանք, թե ինչպես կիրակի օրը ոստիկանների մի հսկա խումբ շրջափակել էր Գյումրիի մուտքը՝ կանգնեցնելով բոլոր մեքենաներին ու հետ ուղարկելով: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ մարդկանց ազատ տեղաշարժվել չեն թողնում, ոստիկաններից մեկը ցույց տալով մոտակա ճաշարանը՝ փորձեց համոզել, որ իրենք եկել են «մի կտոր հաց ուտելու»: Սակայն զգալով, որ վստահություն ներշնչող պատասխան չտվեց, սկսեց ծիծաղել՝ խորհուրդ տալով հարցն ուղղել իր ղեկավարությանը:
Նույնքան զավեշտալի պատասխան մենք ստացանք նաեւ ԱԺ երիտասարդ պատգամավոր, նորաթուխ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին պատկանող Գյումրիի ավտոկայանում: Վաղ առավոտից ուղեւորները անհույս սպասում էին միկրոավտոբուսի. նրանց շշուկներ էին հասել, որ տրանսպորտի հույս կլինի միայն ժամը 5-ից հետո: Եվ քանի որ ուղեւորների գերակշռող մասը մայրաքաղաք էր գնում երեխաների հետ՝ շախմատի հանրապետական օլիմպիադային մասնակցելու համար, մեզ տեսնելով, սկսեցին անիծել հայրենի իշխանությանը՝ իրենց անտեղի սառեցնելու համար: «Վայ, դուք գետինը մտնեք ու չելնեք, էս ի՞նչ եք անում, չե՞ք հասկանում, որ մարտի 1 գնացողը ոտքով էլ կգնա, ինչքա՞ն պիտի ստրկացնեք էս ժողովրդին, հո կրակը չենք ընկել»,- դժգոհեց ուղեւորներից մեկը:
Մենք ավտոկայանի ավագ ենթակարգավար Գագիկ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ տրանսպորտ չկա, հրահա՞նգ են ստացել. «Սաղ մաշինեքը իրար գլխու հավաքված կանգնած են, հնարավոր չէ անցնելը, ճանապարհին են, կսպասենք, երբ պտի հետ գան, որ նորից Երեւան տրանսպորտ ուղարկենք: Բոլոր մեքենաները ուղարկել ենք Երեւան, ճանապարհներին խցանումներ են, վարորդներն ահազանգում ասում են՝ ստուգումներ են, 17 մեքենա արդեն ուղարկել ենք: Համ էլ կիրակի է, չմոռանանք, որ ուսանողության օր է՝ Գյումրիից շատ ուսանողներ կան Երեւան գնացող, տրանսպորտի դեֆիցիտ կա»: Իսկ հրահանգ ստացե՞լ են տրանսպորտի աշխատանքը դադարեցնելու: «Մեզ ոչ մեկը ոչ մի բան չի ասել, մեքենաները հերիք չեն անում, այսինքն՝ տռասներին կանգնած են, առավոտվանից ուղարկել ենք, կանգնած են, լռվել են Աշտարակում, Կոշում, դե ընտեղ՝ «Նարեկ» ռեստորանի մոտ, մեքենաներս վերջացել են, Երեւանից էլ չեն եկել, որ կարողանամ նորից ճանապարհ դնեմ, թե չէ պրոբլեմ չկա»,- արդարացավ ավագ ենթակարգավարը: Մինչդեռ, ճանապարհ դուրս եկած միտինգավորները մեզ հեռախոսով տեղեկացնում էին, որ «Տրանս-ակնթարթին» պատկանող ոչ մի միկրոավտոբուս էլ չկար:
2 ժամվա փոխարեն 5-6 ժամից մայրաքաղաք հասնելուց, հանրահավաքին մասնակցելուց ու վերադառնալուց հետո Հայ ազգային կոնգրեսի շիրակցի ներկայացուցիչները սկսեցին պատմել իրենց ոդիսականը: «Մեզ ճանապարհին մի քանի տեղ կանգնեցրին՝ Գյումրի, Մարալիկ, Աշտարակ, Թալիշ եւ Երեւան 15 թաղամաս, ես հարցրի ոստիկաններից մի մայորի՝ ուսադիրներով, թե ո՞ր օրենքի հիման վրա եք դուք արգելում ՀՀ-ում, ասենք, Գյումրիից-մայրաքաղաք մեկնել, ի՞նչ հանցանք եմ կատարել, որ իրավունք չունեմ տեղաշարժվել, պատասխան, բնականաբար, չունեին, բայց երբ տեսան «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը մեզ հետ է, կարող է տհաճ պատմության մեջ հայտնվեն, նկարահանվեն, ճանապարհը բացվեց: Դա առաջին հերթին ապացուցեց, որ իշխանությունները բռնի կերպով են պահում իշխանությունը իրենց ձեռքում, երկրորդ՝ վախեցած են սոցիալական ծանր իրավիճակից, որ կարող է սոցիալական բունտի վերածվել մեր քաղաքական պայքարը, եւ ցույց տվեցին, որ հանրապետությունում մինչ օրս շարունակվում են բռնությունները, որ այն խոսքը, թե կա ժողովրդավարություն՝ սին է, փքուն, հենց էնպես ուղղակի եվրոպացիների աչքին թոզ փչելու տարբերակ է, չկա նույնիսկ ժողովրդավարության տարրական նշույլ: Մարդու սահմանադրական ձայնի իրավունքը մեր երկրում, կներեք էս արտահայտությանս համար, բռնաբարված է, սա է իրականությունը»,- ասաց ազատամարտիկ Ժորա Աթոյանը:
Մեկ այլ կոնգրեսականի՝ ազատամարտիկ Գեւորգ Ալիխանյանի պատմելով էլ, ճանապարհին բոլորին հետ են դարձրել, ասելով, որ իրավունք չունենք Երեւան գնալու: Սակայն իրենց միկրոավտոբուսը եղել է միակը, որը տեղ է հասել: Երբ իրենց հետ տեսել են «ԳԱԼԱ»-ին՝ ոստիկանները զանգել են շեֆերին ու խորհուրդ հարցրել, այնուհետեւ առանց արգելքների ճանապարհը բացել: «Էն որ ճանապարհները միշտ փակել են, խոչընդոտել են ժողովրդին հանրահավաքի գնալ, էդ ամեն ինչը պարզ է, մենք ականատես եղել ենք, դա սովորական բռնապետության պահվածք է, դա էդքան էլ սարսափելի չէ, իմ կարծիքով՝ ամենասարսափելին է, երբ Հայաստանի պետական պաշտոնյաները պետականորեն սուտ խոսելը դարձրել են Հայաստանի պետականության քաղաքականության հիմքերից մեկը: Երբ հեռուստատեսությամբ նայում է ամբողջ հայ ժողովրդի աչքերին բարձրաստիճան սպա, գեներալի ուսադիրներով ոստիկանապետը եւ հայտարարում է, որ ոչ մի պրոբլեմ չի լինելու, մենք էլ ենք մասնակցելու զոհերի հիշատակի արարողությանը եւ դրանից հետո հայաստանցիները հակառակ պատկերն են տեսնում, դա խայտառակություն է»,- ասաց մեկ այլ ազատամարտիկ՝ Արմեն Գրիգորյանը:


















































