Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՒԺՈՒՄ Է

Մարտ 06,2009 00:00

Պատասխանատվություն չեն կրում կորցրած սեփականության համար

«Առավոտը» տարիներ առաջ անդրադարձավ տխրահռչակ «Բրոքերների գործին»: Հարյուրավոր քաղաքացիներ դարձել էին խարդավանքների զոհ: «Հայտնի բրոքեր» Ռուզաննա Ադամյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը չկիրառվեց, սահմանվեց փորձաշրջան՝ 3 տարով, նրա վարքի նկատմամբ վերահսկողությունն էլ դրվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վրա:

Բրոքեր Ռուզաննա Ադամյանի ծուղակն ընկածներից էր տուժող Ռոբերտ Ամիրյանը:

Նորքի թիվ 115 տան սեփականատեր Ռոբերտ Ամիրյանին անհրաժեշտ էր գումար ու նա դիմել էր իր հարեւան Ռուզաննա Ադամյանին: Վերջինս նրան ծանոթացրել է Ավետիք Ամիրյանի (հանգուցյալ) հետ, որը համաձայնել է տան «գրավի» դիմաց տալ $3000՝ 7% տոկոսադրույքով, 6 ամիս ժամկետով: Նոտարական գրասենյակում 2003 թ. հունիսի 19-ին Ռ. Ադամյանն, իր ամուսնու՝ Արամ Միրզաբեկյանի եւ Ավետիք Ամիրյանի հետ համաձայնության գալով, խաբել են Ռոբերտ եւ Իռմա Ամիրյաններին եւ տան գրավի պայմանագրի փոխարեն նրանց հետ կնքել են տան առուվաճառքի պայմանագիր, իբր նրանք վաճառել են Նորքի թիվ 115 տունը՝ Ավետիք Ամիրյանին: Ռ. Ամիրյանը փոխառությամբ վերցրել էր $3000, սակայն գումարը վերցնելուց եւ հաշվելուց հետո տեսել է, որ Ա. Ամիրյանն իրեն տվել է $2040: Ռ. Ամիրյանը առարկել է, սակայն Ռուզաննա Ադամյանը նրան հայտնել է, որ գումարի տարբերությունը ինքը պետք է տա: Իրականում պայմանագիրը կրել է ձեւական բնույթ եւ նպատակը եղել է պարտքի վերադարձման ապահովվածությունը: Հետագայում Ա. Ամիրյանը դատական կարգով վտարել է Ամիրյաններին վիճելի տնից՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանի վճռով: Ռ. Ամիրյանի ընտանիքը 1 տարի հայտնվել է փողոցում: Վերաքննիչ դատարանը տեր չի կանգնել տնազուրկին, գործը հասել է վճռաբեկ դատարան: Մեկ պտույտ գործելուց հետո Կենտրոնի մեկ այլ դատավոր՝ Էդիկ Ավետիսյանը, իր վճռով տուն է վերադարձրել Ռ. Ամիրյանին:

2009 թ. փետրվարի 23-ին Երեւանի քաղաքացիական դատարանը (նախագահող՝ Ռուբիկ Ներսիսյան) անվավեր ճանաչեց Ռ. Ամիրյանի եւ Ա. Ամիրյանի միջեւ 19.06.2003 թ. կնքված բնակելի տան եւ հողամասի առուվաճառքի պայմանագիրը՝ Երեւանի Նորքի թիվ 115 տան նկատմամբ: Դատարանը վճռեց Ռ. Ամիրյանից՝ հօգուտ Ա. Ամիրյանի իրավահաջորդի (նրա որդու), բռնագանձել 2 655 000 դրամ փոխառության գումարը ($4500-ին համարժեք), նաեւ 2 մլն 655 հազար դրամի տոկոսները բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով՝ 23.02.2009թ. դրությամբ, մինչեւ վճռի կատարումը: Ռոբերտ Ամիրյանը դժգոհ է դատարանի վճռից եւ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել