Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻՇՔԵԿՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼՐԱԳՐՈՂԸ

Մարտ 06,2009 00:00

Մարտի 3-ին Բիշքեկում անհայտ չարագործներ հարձակվել են Ղրղըզստանում հայտնի ընդդիմադիր լրագրող՝ 47-ամյա Սիրգակ Աբդիլաեւի վրա: Նա ստացել է դանակի 21 հարված, 2 ձեռքերի ջարդվածքներ եւ ուղեղի ցնցում: Այժմ ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում: Աբդիլաեւը հայտնի է «Ռեպորտյոր Բիշքեկ» թերթում իր սուր քննադատական հոդվածներով: Բացի այդ, լրագրողը ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության անդամ է: Այդ կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ լրագրողի դեմ նման գործողությունները դիտարկում են որպես քաղաքական սպառնալիք: Ղրղըզստանի նախագահի քարտուղարությունը նույնպես դատապարտել է Աբդիլաեւի վրա հարձակումը, նշելով, որ վերջինս իր աշխատանքում դրսեւորում էր պրոֆեսիոնալ եւ հավասարակշռված մոտեցում: Հարձակման քննությունն իր վերահսկողության տակ է վերցրել երկրի ներքին գործերի նախարարը: Փոխվել է քրեական գործի հոդվածը. ոչ թե ծանր մարմնական վնասվածքներ, այլ՝ մահափորձ: Ռուսաստանյան աղբյուրները նշում են, որ սա «Ռեպորտյոր Բիշքեկ» թերթի աշխատակիցների վրա առաջին հարձակումը չէ՝ 2008 թվականի նոյեմբերին բռնության ենթարկված թերթի մեկ աշխատակցուհի ստիպված էր մեկնել Շվեդիա եւ քաղաքական ապաստան խնդրել: Վերջին 2 տարում Ղրղըզստանում հարձակման է ենթարկվել առնվազն 10 լրագրող, նրանցից մեկը սպանվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել