Լրահոս
Օրվա լրահոսը

. ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆ. «ԵՍ ՏՂԱՆԵՐԻՆ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԵՄ ՆԵՂԱՑՆՈՒՄ»

Մարտ 12,2009 00:00

Թեթեւագույն քաշային կարգում WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը՝ «Մարդասպան թագուհին», մարտի 20-ին հերթական անգամ պաշտպանելու է իր չեմպիոնական գոտիները: Այդ օրը նրա մրցակիցը կլինի ամերիկուհի Ելենա Ռեյդը՝ «Տիկնիկ» մականունով:

21-ամյա Սյուզին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 23 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել: Ընդ որում, 16-ը՝ նոկաուտով: Նրա վերջին մրցակիցը ռուսաստանցի Անաստասիա Տոկտաուլովան էր, որն անցած տարվա դեկտեմբերի 6-ին դարձավ Կենտիկյանի այն փոքրաթիվ մրցակիցներից մեկը, որը պարտվեց միավորներով: Իսկ Սյուզին ոչ միայն չզիջեց գոտիները, այլեւ Ծննդյան տոներին ինքն իրեն լավ նվեր մատուցեց՝ վաստակելով 50 հազար եվրո:

Մենամարտից հետո Սյուզին, որ հանդես է գալիս «Sportlight Boxing» ակումբի կազմում, պատմել է այդ մենամարտի եւ իր չեմպիոնական կյանքի մասին:

– Հաղթանակը դժվա՞ր տրվեց:

– Ցանկանում էի մարտը ժամանակից շուտ ավարտել, բայց Անաստասիան իրեն շատ լավ դրսեւորեց: Մի անգամ գլուխներով այնպես բախվեցինք, որ մինչեւ հիմա ականջներս խշշում են: Մենք Նաստյայի հետ ավելի շուտ ենք ծանոթացել: Նա եղել է իմ մարզումային զուգընկերը: Նպատակասլաց եւ փորձառու մարզուհի է:

– Ռինգում որտեղի՞ց է քո մեջ այդ կործանիչ ագրեսիան առաջանում:

– Դա ագրեսիա չէ: Ես, պարզապես, գիտեմ, որ ինձանից լավ բռնցքամարտ եւ բարձր տեմպ են սպասում, ինչն էլ ձգտում եմ ցուցադրել:

– Չեմպիոնական երկու գոտի ունես: Ապագայի ի՞նչ նպատակներ կան: Ցանկանո՞ւմ ես Նատալյա Ռագոզինայի նման միավորել բոլոր յոթ գոտիները:

– Այդպիսի նպատակ չկա: Միեւնույն է, թե քանի գոտի ունեմ: Ինձ համար կարեւորը ռինգում բարձր մակարդակ ցուցադրելն է: Իսկ գոտիների հարցով՝ ինձ կբավարարեն երեք լավագույնները:

– Տարօրինակ չէ՞, որ այսպիսի գեղեցիկ աղջիկը հարվածում է մարդու դեմքին: Ինչո՞ւ որոշեցիր բռնցքամարտով զբաղվել:

– Մանկուց եմ սպորտ սիրում. լող, ձյուդո, մարմնամարզություն, կարատե… Բայց դրանք այն չեն: Բռնցքամարտով զբաղվել սկսեցի հեռուստացույցով Ռեգինա Հալմիկի մարտը դիտելուց հետո: Ցանկացա, որ ինձ էլ հեռուստատեսությամբ ցույց տան:

– Ծնողներդ, Հայաստանում ապրող հարազատներդ դեմ չեղա՞ն:

– Հայրս սկզբում դեմ էր: Մինչ այդ, զբաղվել էի կարատեով եւ ձյուդոյով ու կարճ ժամանակ անց թողել: Մտածում էր, թե նույն բանն այս անգամ էլ կկրկնվի: Բայց երբ տեսավ, որ ամեն բան ստացվում է, վերաբերմունքը փոխեց: Սակայն պայմանով, որ միշտ պետք է հաղթեմ: Հարազատներս, հասկանալի է, հետաքրքրվում են իմ մրցելույթներով: Ի դեպ, վերջին շրջանում ինձանով սկսել են ակտիվ հետաքրքրվել նաեւ հայ լրագրողները (որքան տեղյակ ենք, Սյուզիի հետ հեռախոսով առաջին հարցազրույցն արել է «Առավոտը»):

– Որպես կանոն, բոլոր բռնցքամարտիկները ձգտում են ամերիկյան ռինգ մտնել: Դու նո՞ւյնպես:

– Հետաքրքիր կլիներ այնտեղ մենամարտելը, որպեսզի ինձ ոչ միայն Գերմանիայում կամ Եվրոպայում ճանաչեին, այլեւ օվկիանոսից այն կողմում: Բայց որոշում կայացնում են իմ մենեջմենթով զբաղվողները:

– Մարտում երբեմն դու էլ ես դեմքիդ հարված ստանում: Հետո կապտուկներն ինչպե՞ս ես քողարկում:

– Կոսմետիկայով: Իսկ ընդհանուր առմամբ հարկավոր է մենամարտել այնպես, որպեսզի կապտուկներ չառաջանան:

– Տղաներն ինչպե՞ս են վերաբերվում քո բռնցքամարտիկ լինելուն:

– Նորմալ եւ հարգանքով:

– Իսկ քեզնից հարված ստանալուց, համենայնդեպս, չե՞ն վախենում:

– Ոչ: Ես ընկերասեր աղջիկ եմ: Եթե իրենց կարգին են պահում, խնդիր չունեն: Իսկ եթե որեւէ մեկը չափն անցնում է, ապա… Իսկ ընդհանրապես, ես հենց այնպես տղաներին չեմ նեղացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել