Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնում են մանկատուն, բայց չեն հրաժարվում

Ապրիլ 07,2009 00:00

«Ինչպես կարելի է երեխայի աչքի առաջ բռնաբարել մանկատան աշխատակցուհուն, կամ էլ անչափահաս երեխան սպանություն է գործում: Ինչպես կարելի է նման բաներ ցուցադրել եւ մարդկանց էլ համոզել՝ թե այդ ամենը կազմված է իրական փաստերի հիման վրա»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը: Նրան զայրացրել էր «Հ1» հեռուստաընկերությունով հեռարձակվող «Որբերը» կինոնկարը, որտեղ, ըստ տնօրենի, ամեն բան չափազանցված է եւ ֆիլմում կատարվող դեպքերը, ի ցույց դրվող դաժանություններն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Հ. Մկրտչյանի խոսքերով, գործող բոլոր մանկատների աշխատակիցները երեխաներին սիրում են, հակառակ դեպքում՝ չէին կարողանա աշխատել նրանց հետ: Նշյալ մանկատունը գործում է 11 տարի: Այդտեղ խնամվում է հիմնականում մտավոր եւ ֆիզիկական որոշ խնդիրներ ունեցող 1-ից 13 տարեկան 95 երեխա:

Մանկատանն ապրում են նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Հ. Մկրտչյանի ներկայացմամբ, նախորդ տարիների համեմատությամբ, այսօր որդեգրում շատ քիչ է կատարվում: Տնօրենը դա բացատրեց նրանով, որ մանկատանը գտնվող երեխաների ծնողները չեն հրաժարվում իրենց երեխաներից. «Որդեգրման համար շատերն են հետաքրքրվում, բայց մենք ոչինչ անել չենք կարող, դրա իրավունքը չունենք»: Ըստ նրա, որդեգրման են ենթակա միայն այն երեխաները, որոնք փողոցային կյանք են վարում եւ ծնողներ չունեն: Տնօրենի տվյալներով, վերջին մի քանի տարիների ընթացքում առողջ երեխաների հոսքը մանկատուն՝ նվազել է, փոխարենն ավելացել է մտավոր եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաների թիվը: Տեղեկացանք, որ ՀՀ պետբյուջեից մանկատանը հատկացվող տարեկան մոտ 115 միլիոն դրամից միայն 30 միլիոն ծախսվում է սննդի, իսկ մնացածը՝ կենցաղային կարիքների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել