Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆԻՔԸ ԿՓՈԽԱՐԻՆՎԻ

Ապրիլ 08,2009 00:00

\"\"Կձեւավորվի ստորագրությունների նմուշների էլեկտրոնային բազա

Ապրիլի 1-ին լրացավ ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության» գործունեության 15 տարին: «Առավոտը» զրուցեց պետական ռեգիստրի գործակալության պետ Արմեն Գեւորգյանի հետ:

– Պարոն Գեւորգյան, խնդրում ենք ներկայացնել պետական ռեգիստրի ձեւավորման ընթացքը եւ գործառույթները:

– «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը», նախքան այդպիսին դառնալը, անցել է ձեւավորման մի քանի փուլ: Նախ ուզում եմ հիշեցնել, որ մինչեւ 1994 թ. ապրիլի 1-ը իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը գրանցվում էին շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների եւ այլ իրավասու պետական մարմինների կողմից: Եվ ահա, ի կատարումն ՀՀ Գերագույն խորհրդի 1993 թ. սեպտեմբերի 27-ի «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին որոշման, իսկ հետո նաեւ ՀՀ կառավարության 1994 թ. մարտի 2-ի թիվ 99 որոշման համաձայն, նախատեսվեց եւ 1994 թ. ապրիլի 1-ից իր գործունեությունը սկսեց «Պետական ռեգիստրի վարչությունը»՝ ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության պետական վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքում: Այնուհետեւ ՀՀ կառավարության 2000թ. հունիսի 14-ի N 315 որոշմամբ, ՀՀ տարածքում ձեռնարկությունների եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահվեց ՀՀ արդարադատության նախարարությանը: Ուստի մեր վարչությունը եւս անցավ արդարադատության նախարարության ենթակայությանը: Իսկ ՀՀ կառավարության 16 հուլիսի 2001 թ. թիվ 531 որոշմամբ հաստատվեց պետական ռեգիստրի կանոնադրությունը եւ արդարադատության նախարարության կազմում գործող «Կուսակցությունների, լրատվության միջոցների, հասարակական եւ այլ կազմակերպությունների» գրանցման վարչությունը 2001 թ. օգոստոսի 18-ին ներառվեց պետական ռեգիստրի վարչության կազմում՝ բաժնի կարգավիճակով: Այնուհետեւ ՀՀ կառավարության 2002 թ. դեկտեմբերի 16-ի N 1918-Ն որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգը վերակազմավորվեց ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: Պետական ռեգիստրի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատում է ՀՀ կառավարությունը: Ներկայումս պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներն են կենտրոնական մարմինը՝ իր «Գրանցման աշխատանքների կազմակերպման», «Հասարակական միավորումների, ոչ առեւտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման ու զանգվածային լրատվության միջոցների հաշվառման», «Ինֆորմացիայի մշակման» բաժիններով եւ տարածքային 49 բաժինները:

– Ինչպիսի՞ն է առեւտրային իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, հատկապես կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների գրանցման մասին վիճակագրությունը:

– ՀՀ արդարադատության նախարարության իրավա բանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում մինչ այս պահը գրանցված են 59 404 առեւտրային իրավաբանական անձ, 67 671 անհատ ձեռնարկատեր, 1 057 լրատվամիջոց եւ 72 կուսակցություն: Հասարակական կազմակերպությունների ընդհանուր թիվն այս պահին 4 930 է, որից 3 065-ը գրանցված է պետական ռեգիստրում: Մնացած 1866 հասարակական կազմակերպությունները ենթակա են վերագրանցման:

– Պարոն Գեւորգյան, ի՞նչ է անհրաժեշտ Ձեր ղեկավարած ոլորտում աշխատանքներն առավել օպերատիվ եւ արդյունավետ դարձնելու համար:

– Մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ (այդ թվում նաեւ՝ FATF-ը) իրենց ուսումնասիրություններում նշել են, որ ՀՀ-ում ընկերության հիմնադրումը նախկինում իրականացվում էր 9 ընթացակարգերով, որոնց ընդհանուր տեւողությունը կազմում էր 18-20 օր: 2009թ. փետրվարի 14-ից գործողության մեջ են դրվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները, ընդունվել է «Ֆիրմային անվանումների մասին» նոր օրենքը, որոնց համաձայն՝ վերացվել են կանոնադրական կապիտալի նվազագույն չափի պահանջը, մինչեւ պետական գրանցումը կանոնադրական կապիտալը ընկերությունների հիմնադիրների կողմից վճարելու պահանջը, կանոնադրության համապատասխանությունն օրենքի պահանջներին ստուգելու գրանցող մարմնի լիազորությունը, կնիք ունենալու պարտադիր պահանջը, իսկ կնիք ունենալու ցանկության դեպքում վերացվել է թույլտվության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այլ պահանջներ այսօր չեն գործում: Մեր ոլորտում բարեփոխումների նշանակալից ձեռքբերումներից կարելի է համարել նաեւ այն, որ այսօր ընկերության հիմնադրումն իրականացվում է 5 փուլերով (ֆիրմային անվանման փորձաքննություն, փաստաթղթերի նախագծերի կազմում եւ որոշումների ընդունում, տուրքերի վճարում, պետական գրանցում, ՀՎՀՀ-ի՝ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրում), որոնց ընդհանուր տեւողությունը կազմում է 9 օր: Նշեմ, որ նախկինում միայն գրանցումը տեւում էր մեկ ամիս կամ ոչ ուշ, քան 45 օր: Ապրիլի կեսերից նախատեսվում է մշակել եւ կառավարությանը ներկայացնել օրենքի նախագծեր, որոնք հնարավորություն կտան ՍՊԸ-ների համար գործնականում կիրառել «Մեկ էջանոց» կանոնադրություն, պարզեցնելով կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, շեշտը դնելով առաջացող բոլոր հարաբերությունները օրենքով կարգավորելուն: Մյուս կարեւոր նորամուծությունն այն է, որ շուտով հնարավորություն կընձեռվի կնիքը փոխարինել անհատականացման այլ միջոցներով, մասնավորապես՝ կստեղծվի ստորագրությունների նմուշների էլեկտրոնային բազա եւ կներդրվի ստորագրությունների համակարգչային ծրագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել