Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏԸ՝ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՁԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑ

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Իսկ պալատում գործող հայտնի «զագսը» տեղափոխվելու է մեկ այլ հաստատություն, որտեղ նորապսակները, ամուսնությունը գրանցելուց հետո, մեղրամիս էլ կանցկացնեն:

4-5 տարի առաջ Երիտասարդության պալատը՝ ժողովրդի լեզվով ասած «կրծած կուկուրուզը», քանդվել է՝ տեղում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Տարածքի սեփականատեր «Ավանգարդ Մոթորսը» 2 նախագիծ է ներկայացրել, որոնցից ոչ մեկը դեռեւս քաղաքաշինության խորհրդի կողմից չի հաստատվել: Այդուհանդերձ, մեր քաղաքացիներին շատ է հետաքրքրում, թե, ի վերջո, իրենց սիրելի պալատի փոխարեն ինչ է կառուցվելու:

Նշենք, որ նախագծերից մեկը, ճիշտ է, չի հաստատվել, բայց, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, կիսով չափ հավանության է արժանացել: Այսպես. պալատին փոխարինելու է եռանկյունաձեւ, վերեւի մասում փոքր-ինչ կորություն ունեցող 20 հարկից ավելի հյուրանոցային համալիրը: Կառույցի առաջին 2 հարկը ընդհանուր օգտագործման համար է նախատեսված, որն ավելի մեծ տարածք է զբաղեցնելու, հյուրանոցն ունենալու է ռեստորաններ, լողավազաններ, ցուցասրահներ, իսկ հյուրանոցի բուն մասնաշենքը այդ կառույցի ընդամենը մի մասն է կազմելու:

«Կառուցապատող «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը մի շարք խնդիրներ ուներ՝ կապված տեղում որոշակի կառույցների իրացման հետ: Դրանք հիմա արդեն հստակեցվել են, եւ կառուցապատողը 30 տարվա սպասարկման պայմանագիր է կնքել «Ինտերկոնտինենտալ» միջազգային հյուրանոցային համալիրների ցանցի հետ, որի հետ նույնպես քննարկվում են բոլոր պահանջները, որոնք նախագծում պետք է հաշվի առնված լինեն: Ես ինքս անընդհատ կապի մեջ եմ «Ավանգարդ Մոթորսի» ղեկավարության հետ: Կարծում եմ, որ առաջիկա 3 ամսվա ընթացքում ճշտումներով արված նախագիծը արդեն կներկայացվի մեզ, որպեսզի դնենք քննարկման եւ հաստատենք, որից հետո էլ սկսենք շինարարությունը»,- ասաց Ս. Դանիելյանը:

Ըստ պարոն Դանիելյանի, առաջին նախագծով առաջարկվել է թեւավոր ուրվագծով կառույց, որին քաղաքաշինական խորհուրդն այդպես էլ հավանություն չի տվել՝ քաղաքի ճարտարապետական տեսքը չխաթարելու նպատակով. «Այդ ժամանակ եղան մի շարք դիտողություններ ու առաջարկություններ, որոնք հաշվի առնվեցին 2-րդ նախագծում»: Մեր հարցին՝ թե ինչո՞ւ Երիտասարդության պալատի փոխարեն որոշվեց կառուցել հյուրանոցային համալիր եւ, արդյոք, քաղաքաշինական առումով հյուրանոցի տեղը հարմա՞ր է ընտրված, գլխավոր ճարտարապետը պատասխանեց. «Այս կառույցն առաջ էլ էր հյուրանոցային համալիր, որը, ցավոք, չէր բավարարում շինարարական նորմերին: Այն հիմա էլ կարող է ծառայել որպես Երիտասարդության պալատ, բայց քաղաքաշինական առումով տարածքում հարմար է հյուրանոցային համալիր ստեղծել: Ինչ վերաբերում է հարմարավետությանը, ապա ասեմ, որ նախկինում հարմար չէր, սակայն հիմա Սարալանջի մայրուղին բավականին դյուրին է դարձնում տրանսպորտային միջոցների մոտեցման խնդիրները: Մանավանդ որ, տարածքն արդեն հարթեցվել եւ նույն նիշով հավասարեցվել է տեղանքին: Հիմա հետիոտնի մոտեցման խնդիր կա: Նախկին շենքն էլ, թվում էր, թե քաղաքին շատ մոտ է, բայց երբ ուզում էիր մոտենալ, դժվարությամբ էիր հասնում: Մենք առաջարկել ենք, որ այդ խնդրին ուշադրություն դարձվի: Հետիոտնի համար Գյուղատնտեսական ակադեմիայի հետեւի մասով հնարավորության դեպքում ճանապարհ կբացվի, քանի որ անկախ քեզնից ցանկություն է առաջանում ոտքով մոտենալ այդ տարածքին»:

Գլխավոր ճարտարապետը նաեւ տեղեկացրեց, որ նոր ներկայացվող նախագծում պետք է նաեւ կանաչ տարածքի հարցը դրված լինի, տարածքի 30-40%-ը պետք է պարտադիր կանաչապատվի:

Մեր այն հարցին, թե Երիտասարդության պալատում նորապսակների համար յուրահատուկ խորհուրդ ունեցող ՔԱԳԿ-ը (զագսը) տեղափոխվելո՞ւ է քաղաքի մեկ այլ հայտնի հաստատություն եւ ունենալո՞ւ է նույն խորհուրդը, Ս. Դանիելյանը պատասխանեց. «Հետաքրքիր հարց եք տալիս, քանի որ ես էլ նման առաջարկ ունեմ: Քաղաքում պետք է ունենանք ամուսնությունների պալատ-համալիր, որտեղ կլինի ամուսնությունների գրանցման եւ հյուրանոցային ծառայություններ, որպեսզի նորապսակները կարողանան իրենց ամուսնական առաջին օրերն անցկացնել այդտեղ: Այդ տեղը քաղաքում ես նախանշել եմ, հիմա քննարկումներ ենք անում, սակայն դեռ չեմ ցանկանում նշել: Երեւանը պետք է ունենա երիտասարդության համար նման կառույց, քանի որ մեր քաղաքը, վերջիվերջո, ինչքան էլ մեծանում է՝ մնում է երիտասարդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել