Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգուն «բուրում» է

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Գետը թափված աղբի գարշահոտությունից՝ բնակիչները չեն կարողանում լուսամուտ բացել

«Ինչքան կարելի է դիմանալ այս անտանելի վիճակին, չէ՞ որ մեզ ապրելու նորմալ պայմաններ են պետք, մեկ-մեկ կասկածում եմ, որ ոչ թե 21-րդ դարում եմ ապրում, այլ՝ նախնադարում»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Երկաթուղայինների 9-րդ փողոցի բնակիչ տիկին Գայանեն: Նրանց փողոցը գտնվում է Գետառի հարեւանությամբ, որը տարիների ընթացքում վերածվել է աղբանոցի:

Տիկին Գոհարի ներկայացմամբ էլ՝ «11 տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց երբեք Գետառը մաքուր չեմ տեսել, միշտ էլ լցված է եղել աղբով, իսկ ամռան շոգին, երբ անհնար է լինում առանց լուսամուտները բացելու յոլա գնալ, մենք ամուր փակում ենք լուսամուտները, որպեսզի Գետառի տհաճ հոտը տուն չմտնի»:

«Սովետի օրոք Գետառը մաքուր է եղել, եւ մենք նույնիսկ լողացել ենք այնտեղ: Հիշում եմ, 5-6 տարեկան երեխա էի, մի օր մարդիկ եկան մեր տուն եւ սկսեցին բարկանալ ծնողներիս վրա, որ աղբը լցրել են մեշոկի մեջ եւ գետը գցել, ահագին խոսացին, նախազգուշացում արին ու գնացին»,- մեզ հետ զրույցում ասաց Գետառին ամենամոտն ապրող բնակիչներից մեկը՝ Ազատ պապը:

Բանն այն է, որ նշյալ հասցեում աղբարկղեր չկան տեղադրված եւ բնակիչներն իրենց կենցաղային աղբը մշտապես Գետառն են լցնում: Բնակիչներն ասացին, որ անցած տարի Էրեբունու թաղապետարանը այդ փողոցում շրջիկ աղբահանություն է կազմակերպել, սակայն դա կարճ է տեւել: Բնակիչների խոսքերով, աղբի մեքենաներն օրերով չեն երեւում, ինչի հետեւանքով էլ այդ փողոցով անցնելն անհնարին է. շուրջբոլորը գարշահոտություն է, եւ որեւէ մեկը 2 րոպեից ավելի չի կարողանա կանգնել Գետառի ափին:

Ըստ բնակիչների. «Լինում է այնպես, որ աղբահան մեքենաները շաբաթներով չեն երեւում, չնայած, ըստ պայմանավորվածության, դրանք 3 օր ընդմիջումով պիտի աղբը տեղափոխեն»:

Էրեբունու թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Էդիկ Ենոքյանն այս առնչությամբ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ մոտ օրերս Գետառը մաքրվելու է, եւ այդ աշխատանքներն իրականացնելու է թաղապետարանը: Ըստ պարոն Ենոքյանի, իրենք համագործակցում են թաղային լիազորի հետ եւ ըստ այդմ տրամադրում աղբահան մեքենաներ եւ մշակում համապատասխան գրաֆիկ: Իսկ կուտակված աղբի մասին ոլորտի պատասխանատուն ասաց, որ հենց Երկաթուղայինների փողոցի բնակիչներն են դեմ աղբարկղերի տեղադրմանը, նրանք ասում են, որ աղբարկղերը չեն դատարկվի եւ աղբի հոտը կտարածվի ամբողջ փողոցում:

Բնակիչների խոսքերով, իրենց նման առաջարկ թաղապետարանը չի արել. «Մենք ուրախ կլինենք, եթե բերեն ու աղբարկղ տեղադրեն փողոցում, հիմա ավելի լավ է մի 2 օր համբերել, մինչեւ աղբը տեղափոխե՞ն, թե՞ ամիսներով տանը փակված մնալ այդ հոտից, մինչեւ գարուն գա, օրերը տաքանան, որ Գետառը մաքրվի»:

«Այսօր Երկաթուղայինների 9-րդ փողոցի այս հատվածում 5-րդ օրն է, ինչ աշխատում ենք, 50 մետրի վրա մեկ ամբողջ օր ենք վատնում»,- մեզ հետ զրույցում ասաց «Արտաշատ» ջրանցքի աղբահանության աշխատանքների համակարգող Ազատ Խաչատրյանը:

Պարզվեց՝ Գետառի աղբահանության աշխատանքների հետ թաղապետարանը կապ չունի, եւ ինչպես պարոն Խաչատրյանն ասաց, դա իրենց եւ ոչ թե Էրեբունու թաղապետարանի պարտականությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել