Լրահոս
Օրվա լրահոսը

Պլյուշչենկոն, այնուամենայնիվ,

Ապրիլ 15,2009 00:00

որոշել է վերադառնալ մեծ սպորտ

Գեղասահքի սիրահարները հիշում են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի սառցե շոուն Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այն ժամանակ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում Պլյուշչենկոն ասել էր, թե չի բացառում իր վերադարձը մեծ սպորտ եւ մասնակցությունը Վանկուվերում 2010 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ, իր իսկ խոսքերով, վերադարձի դեպքում պայքարելու է միայն ոսկե մեդալի համար:

Ռուսաստանյան լրատվամիջոցներն արդեն մի քանի օր է, ինչ նշում են, որ Պլյուշչենկոն վերջնականապես որոշել է իրագործել իր այդ ծրագիրը: Իսկ երեկ Պլյուշչենկոյի մարզական տնօրեն Արի Զաքարյանը հաստատել է, որ 2006 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոնը սկզբունքային որոշումն արդեն կայացրել է:

Պլյուշչենկոն ապրիլի վերջին եզրափակում է ցուցադրական ելույթները Եվրոպայի քաղաքներում եւ ձեռնամուխ լինում առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերին լիարժեք նախապատրաստվելուն:

«Ներկայումս Ժենյայի հետ միասին Բրատիսլավայում ենք,- ԶԼՄ-ներին պատմել է Արի Զաքարյանը:- Դրանից առաջ ելույթ ենք ունեցել Թուրինում եւ Պրահայում: Իրոք, որ Պլյուշչենկոն մեծ սպորտ վերադառնալու եւ օլիմպիական մրցափուլ ներգրավվելու սկզբունքային որոշում է կայացրել: Այնպես որ, այս մրցաշրջագայությունն արդեն կարելի է եզրափակիչ համարել: Սլովակիային հաջորդելու են Գերմանիան եւ Լիտվան ու՝ վերջ: Ընդ որում, Ժենյան այս ցուցադրական ելույթներն էլ առաջին հերթին ծառայեցնում է որպես մարտական իրավիճակում իր ցատկերի փորձարկում: Մասնավորապես, Թուրինում, որտեղ երեք տարի առաջ Պլյուշչենկոն փայլուն հաղթանակ տարավ օլիմպիական մրցաշարում, նա անթերի էր կատարել «քառակի տուլուպ-եռակի տուլուպ» եւ «եռակի աքսել-եռակի տուլուպ» ցատկաշարքերը: Հիմա նա ջանադրորեն աշխատում է հերթական քառակի ցատկի վրա: Տուն վերադառնալուց հետո Ժենյան իր մարզիչ Ալեքսեյ Միշինի հետ միասին կսկսի նախապատրաստվել օլիմպիական մրցաշրջանին: Չեմ կարծում, թե Ժենյան հետագայում կմասնակցի ինչ-որ շոուների, իհարկե, եթե անձամբ չորոշի ինքն իրեն ստուգել ինչ-ինչ ելույթներում: Իսկ ինչ վերաբերում է մարզումներին եւ մրցելույթներին առնչվող կոնկրետ ծրագրերին, կարծում եմ, այդ ամենը վերջնականապես հայտնի կդառնա Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել