Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքում է Մայր աթոռը

Ապրիլ 17,2009 00:00

«Առավոտի» մարտի 11-ի համարում «Խրախճանք՝ ժանտախտի պահին» հրապարակման մեջ անդրադարձել էինք Էջմիածին քաղաքի Ներսիսյան անտառներում տիրող վիճակին: Անտառի տակ իրենց վերջին հանգրվանն են գտել 1915 թվականի ցեղասպանությունից փրկված, սակայն սովից, տիֆից, խոլերայից մահացած մեր հայրենակիցները: Անտառը հիմնվել է ամեն տեսակ վարակների տարածումը կանխելու համար, իսկ մեր օրերում անտառում խրախճանքի օբյեկտներ են կառուցվել՝ ահազանգել էինք մենք: Նաեւ այնքան էլ բարոյական չէինք համարել գերեզմանների վրա տնկված անտառը ժամանցի գոտու վերածելը:

Հրապարակումից մոտ մեկ ամիս անց՝ ապրիլի 6-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարիչ տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոն ու պարզաբանումներ խնդրել: Մեկ օր անց ստացած պարզաբանումները մեզ է ուղարկել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը (նկարում):

Ըստ կենտրոնի տնօրեն Ն. Սարգսյանի, մանրէաբանական հետազոտություններից պարզվել է, որ Ներսիսյան անտառների «հողի մեջ մարդու համար ախտածին միկրոֆլորա չի հայտնաբերվել, այդ թվում՝ խոլերա եւ տիֆ հիվանդությունների վերաբերյալ»: Իսկ անտառում կառուցված օբյեկտները խմելու ջուր ստանում են քաղաքի ջրմուղ ցանցից, որի վիճակը բավարար է: Կենտրոնը այլ մանրամասներ է ներկայացրել Սուրբ Էջմիածնին, օրինակ, թե խոլերայի վիբրիոնը քանի օր է պահպանվում հողում, կղանքի մեջ, ջրի մեջ, մրգերի վրա, սննդամթերքում եւ այլն: «Վերոգրյալ փաստարկները թույլ են տալիս եզրակացնել, որ 1915 թվականին խոլերայից եւ տիֆից մահացած ու Ներսիսյան անտառում թաղված անձանց դիակների մնացորդները եւ ենթադրյալ գերեզմանատեղերը չեն կարող վտանգ ներկայացնել Էջմիածին քաղաքի բնակչության մեջ խոլերա, տիֆ եւ այլ վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման տեսակետից», տեղեկացրել է Ն. Սարգսյանը:

Նկատենք, որ փորձագետները, փաստորեն, չեն հերքել մեր տեղեկությունները, թե ռեստորան կամ խրախճանքի այլ օբյեկտ է կառուցվել տասնյակ մարդկանց գերեզմանների վրա: Իսկ սա նշանակում է, որ վարակիչ հիվանդությունների վտանգ չկա այսօր, այս պահին: Իսկ վաղվա համար՝ պարզ չէ:

Մեզ ուղարկված հաղորդագրության մեջ բան չի ասվում այն պնդման մասին, թե բարոյական չէ գերեզմանների վրա ժամանցի գոտու կառուցելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել