Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

Ապրիլ 24,2009 00:00

\"\"Կարծում է դրամատիկ թատրոնի ռեժիսորի մասնագիտացում ունեցող Արսեն Ղազարյանը

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան իր գործունեության շուրջ 30 տարիներին անդրադարձել է ինչպես դասական օպերաների, այնպես էլ վերջին տարիներին աշխարհում քիչ բեմադրվող օպերային գրականության նմուշներին: Վերջինների թվում են Պուչինիի «Տրիպտիխը», «Ծիծեռնակը» եւ այլն: Ստուդիայի խաղացանկը հարուստ է նաեւ կոմիկական օպերաներով. Հայդն՝ «Դեղագործը», Մասկանի՝ «Գեղջկական պատիվ», Չիմառոզա՝ «Դիրիժորը», Պերգոլեզի՝ «Սպասուհին՝ տիրուհի», Ռոսինի՝ «Սեւիլյան սափրիչ»: Թվարկածների շարքը վերջերս համալրեց Դոնիցետիի «Զանգակը»:

«Առավոտը» ներկա էր Դոնիցետիի «Զանգակի» պրեմիերային, որը բեմադրել է կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի դասախոս, ռեժիսոր Արսեն Ղազարյանը: Վերջինս իրականացրել է 2 երաժշտական բեմադրություն՝ «Ագնուս Դեի», Եղիշե Չարենց՝ «Տաղարան» եւ մանկական երաժշտական թատերախաղ՝ «Կախարդական գավազանը»:

«Զանգակում», ինչպես ընդունված է կոմիկական օպերաներում, դարձյալ կենցաղային կատակերգական պատմություն է. տարեց բարոնը՝ Անիբալը (Վահագն Մուրադյան) ամուսնանում է երիտասարդ Սերաֆինայի հետ (Կատերինա Հորստկա), որը սիրային կապերի մեջ է Էնրիկոյի հետ (Արամ Օհանյան): Էնրիկոյի կողմից խանգարիչ ամեն հնարավոր եւ անհնար բան արվում է, որպեսզի ամուսնական առաջին գիշերը չկայանա, իսկ լուսաբացին բարոնն արդեն Նեապոլից պետք է մեկնի Հռոմ՝ ներկա գտնվելու մահացած մորաքրոջ կտակի բացմանը: Մինչդեռ հերոսուհու մայրը՝ տիկին Ռոզան (Սվետլանա Կրուչիեւինա), հենց խնջույքի ժամանակ դավադիր համաձայնության է գալիս ամուսնությունը գրանցող նոտարի հետ, որի արդյունքում ամուսնական մուրհակի վրա լինում է միայն Անիբալի ստորագրությունը:

Կոմիկական օպերաներում նաեւ մեծ դեր ունի ծառան (Գրիգոր Աբրահամյան), որն աչքի է ընկնում իր մատուցած արջի ծառայություններով: Հանդիսատեսը ոգեւորությամբ ու օվացիաներով ընդունեց ներկայացումը, դերակատարներին քանիցս հրավիրելով բեմ եւ, իհարկե, պետք է նշել դիրիժոր Արմեն Վարդանյանի աշխատանքը, որի ղեկավարած նվագախումբը ողջ ներկայացման ընթացքում, բառի իսկական իմաստով, միայն օգնում էր երգիչներին:

«Առավոտը» մեկ հարց ուղղեց բեմադրության ռեժիսորին, այն է՝ վերջերս նշանավոր օպերետային երգչուհի Տատյանա Շմիգան մտահոգություն հայտնեց, որ երաժշտական թատրոնի անկման պատճառներից մեկը պրոֆեսիոնալ օպերա-օպերետային ռեժիսորների բացակայությունն է, համակարծի՞ք եք պրիմադոնայի հետ: Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Օպերային եւ օպերետային արվեստը Հայաստանում, Ռուսաստանում, նույնիսկ Եվրոպայում, ըստ իս, առաջնորդվում է մեկ զորավոր դպրոցով՝ դա Ստանիսլավսկու դպրոցն է: Օպերան որպես սինթետիկ արվեստ, չի կարող գոյություն ունենալ արվեստի մի ձեւում, հետեւաբար յուրաքանչյուր ռեժիսորի համար կարեւոր խնդիր է լավ պատկերացնել էպիկական դրամայի դասական բանաձեւը, ինչ բան է երաժշտական դրամատուրգիան, երբ գաղափարական բովանդակությունը կամ ասելիքը հասնում է կուլմինացիայի կամ կոնֆլիկտի եւ գնում դեպի հանգուցալուծում: Ցանկության դեպքում, յուրաքանչյուր ռեժիսոր, լավ ուսումնասիրելով երաժշտական թատրոնի ռեժիսորին վերաբերող աշխատությունները, միեւնույն ժամանակ ունենալով վարպետ ուսուցիչ, կարող է բարձրակարգ օպերային բամադրություններ իրականացնել: Իմ դեպքում՝ վարպետ ուսուցիչս օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Ինչ վերաբերում է տիկին Շմիգայի կարծիքին, դա պրիմադոնային հատուկ սուբյեկտիվ կարծիք է, քանի որ Ռուսաստանը հարուստ է երաժշտական կամ օպերային մեծանուն ռեժիսորներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել