Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ ԿՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 25,2009 00:00

«Հայկական ցեղասպանութեան տարելիցի նախօրէին Հայաստանի իշխանութիւնները մատուցեցին հերթական անակնկալը: Ապրիլ 22-ին Հայաստանի եւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարները համատեղ յայտարարութեամբ մը եկան տեղեկացնելու, թէ երկու երկիրները համաձայնութեան հանգած են իրենց միջեւ յարաբերութիւններու կարգաւորման համապարփակ շրջանակի շուրջ եւ ընդունած են «ճանապարհային քարտէզ»,- ասված է ՍԴՀԿ ԿՎ երեկ տարածած հայտարարության մեջ: ՍԴՀԿ ԿՎ-ն՝ «Խիստ մտահոգիչ ու դատապարտելի կը գտնէ սոյն յայտարարութիւնը, ուր կը բացակային յստակ կէտեր՝ գոյացած համաձայնութեան շուրջ: Մեզի համար հասկանալի ըլլալով հանդերձ Հայաստանի իշխանութիւններու ձգտումը՝ Թուրքիոյ հետ յարաբերութիւններու բարելաւման հարցով, մենք ունինք խոր կասկածներ խնդիրի լուծման ժամանակի, ձեւաչափի եւ կերպի ընտրութեան վերաբերեալ: Թուրքիան տակաւին չէ վերացուցած Հայաստանի միակողմանի շրջափակումը, չէ ընդունած Ցեղասպանութեան իրողութիւնը ու առ այսօր չէ դադրեցուցած հակաարցախեան թշնամական գործողութիւնները:

Պատմաբաններու յանձնաժողով ստեղծելու շուրջ կատարուած յայտարարութեամբ սկսած հայկական դիւանագիտութիւնը անցնող ամիսներուն կրեց բազմաթիւ պարտութիւններ ու ամէն քայլափոխի մատնուեցաւ ձախողութեան՝ թրքական ու ատրպէյճանական փոխհամաձայնեցուած քայլերուն դիմաց»:

Հնչակյանները գտնում են, որ ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանելու ազգի գերագույն շահերը ու ենթակա է տեղի տալու արտաքին ճնշումներին: «Մեր խորին համոզմամբ, գործընթացի նմանօրինակ շարունակութիւնը կրնայ առաջին հերթին հիասթափութիւն յառաջացնել սփիւռքահայութեան մօտ: Հայ-թրքական յարաբերութիւնները չեն կրնար քննարկուիլ ազգային ընդհանուր քաղաքականութեան շրջանակներէն դուրս ու հետեւաբար թշնամիի հետ բանակցութիւնները պէտք է կատարուին բաց ու թափանցիկ, առիթ տալով համազգային քննարկումներու, ինչպէս Հայաստանի, նոյնպէս ալ սփիւռքի տարածքին»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել