Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Քաղաքացի» նախագիծ

Ապրիլ 28,2009 00:00

Ապրիլի 25-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ

առաջին հայաստանյան «Քաղաքացի» նախագծի շնորհանդեսը:

Մի քանի ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքում 27 դպրոցական եւ 3 պատանեկան թիմեր ներկայացրին համայնքներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ իրենց կողմից մշակված հանրային քաղաքականության ծրագրերը:

Նախագծի հայաստանյան պատասխանատու Տիգրան Թովմասյանի խոսքերով, «Քաղաքացի» նախագիծը Քաղաքացիական կրթության կենտրոն (ԱՄՆ, Կալիֆոռնիա) կազմակերպության կողմից մշակված ծրագիր է: Կենտրոնի «Սիվիտաս» միջազգային ծրագրերի բաժնի օժանդակությամբ «Քաղաքացի» նախագիծն իրականացվում է աշխարհի ավելի քան 65 երկրում՝ ներգրավելով շուրջ 2 մլն աշակերտների: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Կրթության դեպարտամենտի կողմից: Նախագծի գլխավոր նպատակն է օժանդակել աշակերտներին ձեռք բերելու գիտելիքներ եւ հմտություններ՝ ժողովրդավարական հասարակությունում իրազեկ եւ պատասխանատու մասնակցության համար:

Միջազգային ժյուրիի անդամ, ԱՄՆ-ից ժամանած ուսուցիչ Դեյվիդ Կրաբերի կարծիքով, «Քաղաքացի» նախագիծը հնարավորություն է տալիս աշակերտներին գտնել հասարակությունում առկա խնդիրները եւ փնտրել դրանց լուծման բանալիները: Իսկ ՌԴ-ից ժամանած Անդրեյ Իոֆինը նախագծի գլխավոր առանձնահատկություններից համարեց խմբակային աշխատանքը, ավելացնելով, որ այսպիսի նախագծերի շնորհիվ շատ դպրոցներ կունենան հնարավորություն առավել արդյունավետ օգտագործելու էլեկտրոնային ռեսուրսները:

Աշակերտները ներկայացրին «Ստորգետնյա հետիոտնային անցումների ոչ բարվոք վիճակը եւ ոչ նպատակային օգտագործումը», «Շրջակա միջավայրի աղտոտվածությունը», «Ցեմենտի գործարանի արտանետումները եւ դրանց հետեւանքները», «Տարեցների ներգրավվածությունը կրթության ոլորտում» եւ բազմաթիվ այլ հիմնախնդիրներ: Աշակերտները եւ պատանիները ժյուրիին ներկայացրին իրենց թեմաներն ու քառածալ պանելը: Ներկայացման ժամանակ նկարագրեցին իրենց կողմից ընտրված հանրային քաղաքականության հիմնախնդիրը, իրենց մշակած եւ խնդիրը լուծող այլընտրանքային քաղաքականությունները եւ այդ քաղաքականության իրականացման գործողությունների ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել